Հունիսի 3-ին և 4-ին Երևանում կանցկացվեն «Ֆրանսիական օրեր»` նվիրված ֆրանսիական տնտեսությանը:Միջոցառումը կազմակերում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը և BusinessFrance-ը՝ Ֆրանսիայում միջազգային ներդրումների և ձեռնարկություների զարգացման ֆրանսիական միջազգային գործակալությունը:
Ինչպես հաղորդում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մամուլի ծառայությունից, տնտեսական միջոցառման նպանակն է զարգացնել Հայաստանի և Ֆրանսիայի միջև առևտրային հարաբերությունները:
«Ֆրանսիական օրեր»-ի շրջանակում հայկական մոտ 30 ընկերությունների ներկայացուցիչներ կհանդիպեն նորաձևության, դիմահարդարման և լայն սպառման առարկաների բնագավառները ներկայացնող ֆրանսիական ձեռնարկությունների, այդ թվում` 1850թ. ի վեր գործող, ծովային ոճի գծավոր վերնաշապիկի հեղինակ՝ հայտնի Saint-James ապրանքանիշի, Մարսելի հանրահայտ տնայնագործ օճառի և պրոֆեսիոնալ խնամքի այլ նյութեր ներկայացնող Hygiène & Nature ընկերության, ինչպես նաև դեմքի խնամքի նորարար նյութեր արտադրող Biogénie ընկերության ներկայացուցիչների հետ:
Գյուղմթերքների բնագավառում ֆրանսիական վարպետությունը կներկայացնի գինեգործության սեկտորի սարքավորումներ արտադրող Valentin խումբը, հաղորդում են Ֆրանսիայի դեսպանության մամուլի ծառայությունից:
Civilnet











