Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) բարելավել է Հայաստանի տնտեսական աճի հեռանկարը և 2015թ. համար կանխատեսում է 0% աճ՝ ապրիլին 1% կանխատեսված անկման փոխարեն, իսկ 2016թ. համար կանխատեսում է 1% աճ՝ նախորդ 0%-ի փոխարեն:
Այս մասին այսօր հայտարարեց ԱՄՀ երևանյան գրասենյակի ղեկավար Թերեզա Դաբան Սանչեսը՝ «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանում» կարդացած դասախոսությանը, որը կրում էր «Հայաստանի տնտեսական քաղաքականության մարտահրավերները գլոբալ և տարածաշրջանային համատեքստում» խորագիրը: (Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 18-ին Ծաղկաձորում մի համաժողովի ընթացքում հայտարարել էր, որ 2015թ. ակնկալում է մինչև 3% աճ: Հայաստանի 2015թ. բյուջեի հիմքում դրված է 4.1% աճի կանխատեսումը):
Հայաստանում տնտեսական աճի կանխատեսման բարելավումը ԱՄՀ-ն պայմանավորում է նրանով, որ Ռուսաստանում, որից Հայաստանի տնտեսությունը մեծ կախում ունի, տնտեսական աճի ցուցանիշներն սպասվածից քիչ վատթար են եղել: 2015թ. առաջին եռամսյակում Ռուսաստանում գրանցվել է 1.9% անկում՝ ԱՄՀ-ի կանխատեսած 2.5-3% անկման փոխարեն (2014թ. տարեվերջին ԱՄՀ-ն Ռուսաստանում 2015թ. համար կանխատեսում էր 4.3% անկում, իսկ ապրիլին՝ 3.8% անկում): «Դա ազդանշան էր, որ Ռուսաստանի տնտեսությունը դժվարությունները դիմագրավում է ավելի լավ, քան մենք ակնկալում էինք»,- ասաց Սանչեսը՝ հավելելով, որ աճի կանխատեսման վերանայման համար հիմք է ծառայել նաև այն, որ նավթի գներն սկսել են կայունանալ: «Ճիշտ է՝ դրանք դեռ խոցելի են, բայց կայունացման ազդաշնաններ կան»,- ասաց նա:
2013թ. մայիսին ԱՄՀ երևանյան գրասենյակի տնօրենը և Հայաստանում ԱՄՀ առաքելության ղեկավարը համատեղ քննադատական հոդված էին հրապարակել՝ նշելով, որ Հայաստանը դանդաղում է բարեփոխումների հարցում և որ հարկավոր է ավելի արմատական քայլեր կատարել տնտեսական միջավայրը բարելավելու համար: Հարցին, թե ինչպես է ԱՄՀ-ն երկու տարի անց գնահատում կառուցվածքային բարեփոխումների իրականացումը՝ Սանչեսը պատասխանեց, որ դրանք շատ դանդաղ են: Կառուցվածքային բարեփոխումների հարցում նա ընդգծեց հարկային վարչարարության և բիզնես միջավայրի բարելավումը, էներգետիկ ենթակառուցվածքների զարգացումը, ընկերությունների համար սնանկության գործընթացի պարզեցումը և կենսաթոշակային բարեփոխումների իրականացումը:
ԱՄՀ ներկայացուցիչը Հայաստանի համար կարևոր է համարում նաև տարածաշրջանային և միջազգային առևտրում ներգրավվածության մեծացումը, տնտեսության դիվերսիֆիկացիան և միջնաժամկետ աճի հեռանկարների բարելավումը:
Սանչեսը առաջնահերթ է համարում նաև դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականության առավել թափանցիկ իրականացումը, բյուջեի ծրագրման ավելի կուռ շրջանակների սահմանումը և ծրագրային բյուջետավորումը:
2015թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումները կրճատվել են 49%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Պատասխանելով ներդրումների կրճատման մասին հարցին՝ Սանչեսն ասաց. «Ներդրումների խնդիրը Հայաստանում մտահոգիչ է՝ թե՛ մասնավոր, թե՛ պետական ներդրումների: Պետական ներդրումները մի բան է, որ մենք կարող ենք օգնել՝ կառավարությանը քաջալերելով իրականացնել համապատասխան դրամավարկային քաղաքականություն, ներդրումներ անել ենթակառուցվածքների, կրթության, էներգետիկայի ոլորտներում կամ հանրային այլ ակտիվներում: Բայց դրա համար հարկավոր է, որ պետության եկամուտները աճեն: Շատ կարևոր է, որ կառավարությունը սկսի մեծացնել բյուջեի եկամուտները՝ ի հավելումն դոնորների և այլ ֆինանսավորողների գումարների»:
Ինչ վերաբերում է մասնավոր ներդրումներին, ապա Սանչեսի խոսքով՝ դա ավելի բարդ է: «Մասնավոր ներդրումները խրախուսելու համար պետք է հանրային լավ ենթակառուցվածքներ լինեն, ֆինանսավորման մատչելիություն և ավելի ցածր տոկոսադրույքներ լինեն: Հայաստանում դրամային վարկերի տոկոսադրույքները շատ բարձր են: Հայաստանը պետք է մատչումը մեծացնի դրսի շուկաներին»,- ասաց Սանչեսը: Մասնավոր ներդրումների խրախուսման համար նա կարևոր է համարում ոչ միայն օրենքների ընդունումը, այլև ընդունվող և ընդունված օրենքների իրականացումը գործնականում:
Civilnet











