Վահան Քերոբյան. «ՀԷՑ-ը մարդատար ավտոմեքենա է, որի բենզաբաքի վրա 1000 ծակ կա, վարորդն էլ քշել չգիտի...»:
Ստացվեց այնպես, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 25 տարով հետ շպրտվեցին ու նորից դարձան…. էլեկտրիկ:
ՀԷՑ-ը նորից դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ) էլեկտրաէներգիայի սակագները բարձրացնելու հայտով, և բոլորը, հասկանալով, որ դա հարված է գոտկատեղից ներքև, և Հայաստանի տնտեսությունն ու քաղաքացիներն այլևս չեն դիմանա նման թանկացմանը, փորձում են ընդվզել, փորփրել և հայտնաբերել այն բազմաթիվ փնթի, սուտ և իրարամերժ տեղեկատվությունը, որն ըստ էության պետք է անի ՀԾԿՀ-ն: Բայց արի ու տես, որ որևէ մեկը չի վստահում ՀԷՑ-ին և ՀԿԾՀ-ին, և ինքնուրույն են պեղումներ կատարում ՀԷՑ-ի հայտում:
Բազմաթիվ սխալներ արդեն հայտնաբերվել են, արդեն պարզ է, թե ինչ մասշտաբների գողությունների և անարդյունավետությունների հավաքածու է Հայաստանի կենսական կարևորագույն ընկերություններից մեկը:
Ինչպիսի՞ն է ՀԷՑ-ի արդյունավետությունը: Դա կարելի է հասկանալ միայն կարևոր պարամետրերի համեմատությամբ (benchmarking): Համեմատության համար վերցրել ենք ոչ թե զարգացած տնտեսություն ունեցող երկրների, այլ Լատինական Ամերիկայի երկրների չափորոշիչները (ըստ Համաշխարհային բանկի տվյալների): Եվ այսպես:
Չափորոշիչ 1 – 1 ՄՎՏ/Ժ էլեկտրաէներգիայի տեղափոխման օպերացիոն ծախսերը.
15 դոլար՝ ՀԷՑ, 8 դոլար՝ Լատինական Ամերիկայի միջինը:
Սա նշանակում է, որ եթե ՀԷՑ-ը լիներ միջին լատինաամերիկյան դիստրիբուցիոն ընկերություն, ապա նա ոչ թե 39 մլրդ դրամից ավելի օպերացիոն ծախս կունենար, այլ մոտ 21 մլրդ: Իսկ եթե նա լավ ընկերություն լիներ, ապա 39 մլրդ-ը կդառնար 10.5 մլրդ:
Այս չափորոշիչն ընդհանուր պատկերացում է տալիս ծախսերի արդյունավետության մասին:
Չափորոշիչ 2 – 1 աշխատակցին բաժին ընկնող ՄՎՏ/Ժ էլեկտրաէներգիայի քանակը
ՀԷՑ-ում աշխատող 7852 աշխատակիցներն ապահովել են 5,147,000 ՄՎՏ/Ժ էլեկտրաէներգիայի մատակարարում: Միջինը ստացվում է 655 ՄՎՏԺ/մարդ արդյունավետություն: Լատինական Ամերիկայում այդ ցուցանիշը 2423 ՄՎՏԺ/մարդ է, իսկ Չիլիում՝ 9813ՄՎՏԺ/մարդ: Սա նշանակում է, որ եթե ՀԷՑ-ը լիներ լատինաամերիկյան միջին ընկերություն, այնտեղ կաշխատեին ոչ թե 7852 հոգի, այլ 2124, և տարեկան աշխատավարձային ֆոնդը կլիներ ոչ թե 22,6 մլրդ դրամ, այլ 6,1 մլրդ դրամ: Իսկ եթե ՀԷՑ-ը լիներ չիլիական արդյունավետությամբ ընկերություն, ապա այնտեղ կաշխատեին 525 հոգի, որոնց տարեկան աշխատավարձային ֆոնդը կկազմեր ընդամենը 1,5 մլրդ դրամ:
Կան բազմաթիվ այլ չափորոշիչներ, որոնցից հետևությունը մեկն է՝ ՀԷՑ-ը մարդատար ավտոմեքենա է, որի բենզաբաքի վրա 1000 ծակ կա, վարորդն էլ քշել չգիտի, և մենք, փոխանակ վարորդին փոխենք ու ծակերը փակենք, ավելի շատ բենզին պիտի լցնենք այդ մեքենայի մեջ, որ քշվի:
Վահան Քերոբյան
(Վահան Քերոբյանը գործարար է, Menu.am նախագծի հիմնադիրը)
Civilnet











