Բրազիլիայի Սենատի կողմի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը մի քանի օր է՝ հանրության և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է:
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է, որ Բրազիլիայի Սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ որոշում է ընդունել:
ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ և արտգործնախարար Իվիցա Դաչիչի հետ հունիսի 3-ի համատեղ մամուլի ասուլիսին պատասխանելով հարցին, թե ի վերջո ինչ է տեղի ունեցել Բրազիլիայում, արդյոք Սենատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, Նալբանդյանը հայտարարել է.
«Համապատասխան որոշումը հրապարակվել է երեկ Բրազիլիայի Սենատի կողմից և դրված է իրենց կայքում։ Կարող եմ վերահաստատել, որ Հայաստանը ողջունում է Բրազիլիայի Սենատի կողմից ընդունված որոշումը, որով Սենատի կողմից ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը»:
Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ դա «ևս մեկ կարևոր քայլ է՝ ի նպաստ միջազգային հանրության ջանքերի՝ ուղղված ցեղասպանությունների և մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելմանը»:
***
Մայիսի 29-ին ՀՀ ԱԳՆ-ն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Բրազիլիայի Դաշնային սենատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ նախարար Նալբանդյանը ողջունել էր Բրազիլիայի Սենատի որոշումը: Լուրն արագ տարածվել էր տեղական և Սփյուռքի լրատվամիջոցներում:
Բրազիլիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայտարարել էր նաև Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Վիգեն Սարգսյանը նույն օրը՝ մայիսի 29-ին: Ֆեյսբուքի իր էջում գրել էր. «Բրազիլիան դարձավ Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած 24-րդ երկիրը: Հիշում եմ և պահանջում»։
Հունիսի 1-ին Բրազիլիայի Սենատի արտաքին հարաբերությունների և ազգային պաշտպանության հանձնաժողովի քարտուղարությունից «Ազատությանը» տեղեկացրել էին, որ այդպիսի բանաձև Սենատում դեռ չի ընդունվել:
Բրազիլիայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Գևորգ Զատիկյանը հունիսի 3-ին Yerkir.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ երեկ ուշ երեկոյան Բրազիլիայի Սենատի 81 անդամներից 47-ը ստորագրել են մի փաստաթուղթ, որը հնարավորություն է տալիս Հայոց ցեղասպանության դատապարտման բանաձևը քվեարկության դնել Սենատում:
«47 ստորագրություն ունենալով` կարելի է տանել քվեարկության: Սենատորները, այդ ստորագրությունները հավաքելով, արտոնություն են ձեռք բերել այդ հարցը քվեարկության դնելու Սենատում»,- ասել էր ատենապետը: Նա նաև հայտնել էր, որ երեկ ուշ գիշերը` 00:00-ից հետո, քվեարկության է դրվել Հայոց ցեղասպանության ցավակցության փաստաթուղթը, որը հնարավորություն է տալիս Ցեղասպանությունը դատապարտող բանաձևը քվեարկության դնել: 55 սենատոր քվեարկել է, որ ընդունվի ցավակցության փաստաթուղթը: