Գլխավոր Լրահոս

«Մայքրոսոֆթի» տարածաշրջանային կենտրոնը կաշխատի երեք ուղղություններով

«Մայքրոսոֆթի» տարածաշրջանային կենտրոնը կաշխատի երեք ուղղություններով
«Հայաստանից հաջողության որևէ պատմություն՝ առանց Սփյուռքի որոշակի գործոնի, չի եղել»,- ասում է Եվա Հյուսյանը: Մայիսին Հայաստանի կառավարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև կնքվեցին մի շարք համաձայնագրեր: Դրանցից մեկով Հայաստանում ստեղծվում է ամպային և մոբայլ լուծումների տարածաշրջանային կենտրոն։ Այն հնարավորություն կտա ամպային կամ մոբայլ տեխնոլոգիաների վրա աշխատող ծրագրավորողներին զարգացնելու իրենց նախագծերը։ Կենտրոնը կգործի «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի» հենքի վրա։ Թեմայի շուրջ ՍիվիլՆեթը զրուցել է «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Եվա Հյուսյանի հետ: Հայկական ՏՏ-ն ամպ է բարձրանում Եվա Հյուսյանի խոսքով՝ Հայաստանի տնտեսությունը և մնացած ոլորտները «կամաց-կամաց գնում են դեպի ամպ», որովհետև ամպային տեխնոլոգիաները հարմար են. «Քեզ՝ անկախ քո համակարգչի վայրից կամ հեռախոսի տեսակից, ցանկացած պահի ինֆորմացիան հասանելի է լինում: Այդ ուղղության մեջ նոր լուծումներ ստեղծելու առավելություն ունենալը շատ լուրջ մրցակցային առավելություն է տալիս երկրներին»: «Մայքրոսոֆթի» տարածաշրջանային կենտրոնը կաշխատի երեք ուղղություններով: Նախ, կազմակերպությունները կկարողանան օգտվել ինովացիոն կենտրոնի կողմից գեներացված լայն շրջանակից։ «Դրա մեջ մտնում են ներդրողները թե՛ Հայաստանում, թե՛ դրսում: Ձեռներեցներ, որոնք արդեն  որոշակի հաջողություններ ունեն, որոնք աշխատում են թիմերի հետ, ճանապարհ են ցույց տալիս։ Նրանց ցուցաբերվում է թե՛ տեխնոլոգիական, թե՛ բիզնես աջակցություն»,- ասում է Հյուսյանը։ Երկրորդ ուղղությունը կարողությունների զարգացումն է, որի ընթացքում իրականացվում են տեխնոլոգիական և բիզնես վերապատրաստման դասընթացներ: Դրանց տարեկան մասնակցում է ավելի քան 2500 մարդ։ «Ունենում ենք շատ հետաքրքրիր սեմինարներ, երբ դրսից հրավիրված մասնագետները գալիս են և ներկայացնում որևէ ուղղության ամենավերջին նորությունները։ Բացի այդ, ունենք պրակտիկայի հաջողված ծրագիր, որի մասնակիցների ավելի քան 80 տոկոսը աշխատանք է ստանում Հայաստանի առաջատար ՏՏ ընկերություններում»,- ասում է Հյուսյանը։ Երրորդ ուղղությունը միջավայրի ձևավորումն է, ոլորտի նկատմամբ հետաքրքության մեծացումը։ Հյուսյանը նշում է, որ իրենց մոտ նորաստեղծ ընկերությունները հիմնականում աշխատում են այնպիսի պրոդուկտների վրա, որոնք ուղղված են միջազգային, հիմնականում՝ ԱՄՆ-ի շուկային։ «Լավագույն ստարտափերը կարող են օգտվել մեր աքսելերացիայի ծրագրից, բայց եթե նրանք ունեն ամպային բաղադրիչը, ինչ-որ օպտիմիզացիայի խնդիր են լուծում ամպային աշխարհում, նրանց ավելի շատ ուշադրություն կդարձվի, և «Մայքրոսոֆթի» միջոցով կկարողանանք նրանց ավելի շատ օգնել կայացման գործում»,- ասում է Հյուսյանը: Դպրոցներում՝ արտոնագրված ծրագրեր Կնքված համաձայնագրերից մեկով կառավարությունը պարտավորվում է օգտագործել «Մայքրոսոֆթի» արտոնագրված պրոդուկտները: Արտոնագրված ծրագրային փաթեթների օգտագործումը Հայաստանին հնարավորություն է տալիս ավելի ուժեղ դիրքավորվել` որպես մտավոր սեփականությունը պաշտպանող երկիր: Եվա Հյուսյանի խոսքով՝ դա այն կարևոր հիմքերից է, որոնց շնորհիվ հնարավոր է Հայաստան բերել վերազգային կորպորացիաներ և ներդրումներ: «Նոր ձեռնարկությունները ավելի հանգիստ կգան և Հայաստանում կբացեն իրենց բիզնեսները՝ իմանալով, որ իրենց գաղափարները և մտավոր սեփականությունը պաշտպանված են»,- ասում է նա: Հյուսյանը Հայաստանի մրցակցային առավելություններից է համարում ոչ միայն ձեռներեցության և ինժեներական ձևավորված ավանդույթները, այլև մեծ Սփյուռքի առկայությունը: «Հայաստանից հաջողության որևէ պատմություն՝ առանց Սփյուռքի որոշակի գործոնի, չի եղել,- ասում է Հյուսյանը և շարունակում:- Այն ստարտափերը, որոնք ներկայում միջազգային շուկայում հաջողված են, կա՛մ սփյուռքյան մենթոր են ունեցել, կա՛մ որևէ մեկը նրանց կապել է ֆինանսավորման ճիշտ աղբյուրի հետ, կա՛մ շուկա է բացել նրանց համար: Եթե նայենք այս տեսանկյունից, բոլոր հարևան երկրները, Հայաստան գալով և այստեղ հիմնադրելով իրենց օֆիսները, կկարողանան օգտվել նաև մեր Սփյուռքի հետ այդ կապերից: Այդ ընկերությությունները կմտնեն մի ցանցի մեջ, որի հնարավորությունը իրենց երկրից չունեն»: Հյուսյանը օրինակ է բերում Սիլիկոնյան հովիտը, որի հետ Հայաստանի հարևան երկրները ուղիղ կապ չունեն, իսկ Հայաստանն ունի: Դրա համար, ըստ նրա, հարկավոր է, որ Հայաստանում լինի ճիշտ բիզնես միջավայր, որպեսզի հարևան երկրներից ստարտափ ընկերությունները գան և այստեղից դիրքավորվեն միջազգային շուկայում: Կառավարության և «Մայքրոսոֆթի» միջև կնքված պայմանագրերից մեկով՝ հանրակրթական դպրոցներին մեծ զեղչերով կտրամադրվեն արտոնագրված ծրագրեր: Մեկ այլ պայմանագիր վերաբերում է պաշտպանության նախարարության տվյալների անվտանգությունը բարձրացնելուն: «Մայքրոսոֆթը» և Հայաստանի կառավարությունը կհամագործակցեն կիբերանվտանգության խնդիրները լուծելու, կիբերհարձակումներից պաշտպանվելու համար: Իրականացվող ծրագրերը կլինեն վերապատրաստումներ, ինչպես նաև տեղեկատվության փոխանակում: Եվա Հյուսյանն ասում է՝ Հայաստանն ունի հաղթանակի ներուժը, և «Մայքրոսոֆթի» նոր կենտրոնը կօգնի այդ հաղթանակին հասնելուն։ Անի Գրիգորյան
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում