Գլխավոր Լրահոս

Կոտրված Էրդողան և զորացող քրդեր. Թուրքիան ընտրություններից հետո

Կոտրված Էրդողան և զորացող քրդեր. Թուրքիան ընտրություններից հետո
ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, որում համադրվել են իսլամն ու ժողովրդավարություն, կարևոր դեր է խաղում անհանգիստ Մերձավոր Արևելքում: Հունիսի 7-ին Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը 13 տարվա ընթացքում առաջին անգամ կորցրել է բացարձակ մեծամասնությունը խորհրդարանում՝ հավաքելով ձայների 40,8 տոկոսը: Դա նշանակում է, որ նախագահ Ռեջեփ Էրդողանի կուսակցությունը նոր կառավարություն ձևավորելիս կառերեսվի լուրջ դժվարությունների: Հունիսի 7-ի ընտրություններում մյուս անակնկալը մատուցել է քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ, HDP), որն առաջին անգամ հաղթահարել է 10 տոկոսի շեմն ու մտել խորհրդարան: Կուսակցությունը Թուրքիայի  ժողովրդավարացմանը նպաստող ամենակարևոր ու ազդեցիկ ուժերից մեկն է: Վերջինիս համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը կոչ է արել իշխանություններին առերեսվել Հայոց ցեղասպանությանը: Ինչպես հաղորդում է Hurriyet Daily News-ը, քվեարկության նախնական արդյունքներն ունեն հետևյալ պատկերը. «Արդարություն և զարգացում կուսակցություն» (ԱԶԿ, AKP)՝ 40,8 տոկոս (254-257 տեղ) «Ժողովրդահանրապետական կուսակցություն»՝ (ԺՀԿ, CHP)՝ 25,1 տոոկոս (132 տեղ) «Ազգայնական շարժում» կուսակցություն (ԱՇԿ, MHP)՝ 16,4 տոկոս (81-82 տեղ) «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն» (ԺԴԿ, HDP)՝ 12,9 տոկոս (80-82 տեղ) Այլ կուսակցություններ՝ 4,8 տոկոս: Էրդողանի երազած նախագահական համակարգը վտանգված է Քվեարկության արդյունքները մեծ հարված հասցրին Էրդողանի՝ ավելի լայն լիազորություններ ձեռք բերելու հավակնություններին: Թուրքիայի առաջնորդը հույս ուներ շռնդալից հաղթանակ տանել այս ընտրություններում: Նա մտադիր էր շահելով խորհրդարանական տեղերի երկու երրորդը՝ փոխել սահմանադրությունը և ստեղծել ԱՄՆ օրինակով հզոր նախագահական համակարգ: Դավութօղլուն ելույթ է ունենում պատշգամբից: Անկարայում ԱԶԿ-ի կենտրոնական գրասենյակի պատշգամբում ունեցած ավանդական ելույթում ԱԶԿ-ի անդամ, Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ընդգծել է «ժողովրդի կամքի» կարևորությունը՝ հավելելով, որ ԱԶԿ-ն այս ընտրություններով պատմություն կերտեց: «Բոլորը պետք է իմանան, որ ԱԶԿ-ն այս ընտրությունների հաղթողն է»,- հայտարարել է Դավութօղլուն՝ նշելով, որ արդյունքները վկայում են՝ իր գլխավորած կուսակցությունը «Թուրքիայի ողնաշարն է»: «ԱԶԿ-ն միակ կուսակցությունն է, որը ներկա է բոլոր շրջաններում, նահանգներում և ընդգրկում է բոլոր քաղաքացիներին»,- հավաքվածներին ասել է Դավութօղլուն ու մատնանշել, որ գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը (ԺՀԿ), որը հայտարարել է հաղթանակի մասին, «մանդատ չի ստացել 37 նահանգներում, իսկ երրորդը (ԱՇԿ)՝ 32 նահանգներում»: Չորրորդ կուսակցությունը, ասել է Դավութօղլուն, գոյություն չունի 56 նահանգներում: ԱԶԿ-ի հետ կոալիցիան բացառվո՞ւմ է Գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն այլ կարծիքի է: Նա հայտարարել է. «Մենք ժողովրդավարական ճանապարհով վերջ դրեցինք ճնշման դարաշրջանին: Ժողովրդավարությունը հաղթեց»: «Հունիսի 7-ի ընտրությունների հաղթողը ժողովրդավարությունն է և Թուրքիան, պարտվողը՝ Էրդողանը»,- երկրորդելով կուսակցության նախագահին՝ ասել է ԺՀԿ-ի փոխնախագահ Հալուք Քոչը: Վերջինս, պատասխանելով ԱԶԿ-ի հետ կոալիցիա կազմելու հնարավորության մասին հարցին, ասել է. «ԱԶԿ-ի հետ համագործակցելու հնարավորություն չկա»: Իշխող կուսակցության հետ կոալիցիա ձևավորելու հնարավորությունը բացառել է նաև «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին: «Նման կոալիցիան պետք է ներդաշնակ լինի: ԱԶԿ-ն խաղաղության գործընթացում [թուրք-քրդական – ՍիվիլՆեթ] ներգրավել է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը: Այս կուսակցությունները պետք է կոալիցիա կազմեն: Երկրորդ մոդելը ԱԶԿ-ԺՀԿ-ԺԴԿ-ն է: Մեր կուսակցությունը պատրաստ է դառնալ գլխավոր ընդդիմություն, եթե նման կոալիցիա ձևավորվի»,- ասել է Բահչելին: Ընտրություններում չորրորդ տեղը զբաղեցրած և 10 տոկոսի շեմը հաղթահարած քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը հայտարարել է, որ «վերջ է դրվել նախագահական համակարգի վերաբերյալ բանավեճին»: Նա խոստացել է թույլ չտալ, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հզոր նախագահական համակարգ ձևավորի: Դեմիրթաշը նաև բացառել է իշխող կուսակցության հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը: Դեմիրթաշը բազմիցս հայտարարել է, որ Թուրքիան պետք է առերեսվի Հայոց ցեղասպանությանը: «Մենք ԱԶԿ-ի հետ կոալիցիա չենք ձևավորի, մենք մեր խոսքի տերն ենք: Խորհրդարանում հանդես կգանք որպես ուժեղ ընդդիմություն»,- նշել է Դեմիրթաշը: Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը հարթ չէր անցել քրդական ԺԴԿ-ի համար. հունիսի 3-ին սպանվել էր կուսակցության ավտոբուսներից մեկի վարորդը, հունիսի 5-ին Դիարբեքիրում ռումբի պայթյունից սպանվել էին կուսակցության երեք համախոհներ: Էրդողանի քաղաքական պարտությունը Ինչպես հաղորդում է թուրքական Anadolu պետական գործակալությունը, Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սադի Գյուվենը հայտարարել է, որ 25-րդ խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքները կհրապարակվեն 11-12 օրվա ընթացքում: Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները գրում են, որ ընտրությունները քաղաքական մեծ պարտություն էին նախագահի համար, որը ձգտում էր իրեն ենթարկել երկիրը «որպես սուլթան»: Ստամբուլում BBC-ի թղթակից Մարկ Լոուենը կարծում է, որ ընտրությունների արդյունքները կարևոր են ոչ միայն Թուրքիայի համար: ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, որում համադրվել են իսլամն ու ժողովրդավարությունը, կարևոր դեր է խաղում անհանգիստ Մերձավոր Արևելքում: Ստելլա Մեհրաբեկյան
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում