Երեկ «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդմանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարեց հետևյալը.
ա) էլեկտրաէներգիայի միջին մանրածախ սակագինը կբարձրանա 6.9-7 դրամով,
բ) էլեկտրաէներգիայի սակագնի 17 դրամով բարձրացման ՀԷՑ-ի հայտի մեջ 7 դրամը էլեկտրաէներգիայի գնման գնի բարձրացումն է, իսկ 10 դրամը ՀԷՑ-ի մարժայի բարձրացումն է,
գ) ՀԾԿՀ չի կարող այս տարվա սակագնի մեջ չներառել այն 37 մլրդ վնասը, որը նախորդ տարիներին կրել է ՀԷՑ-ը սակավաջրության, դոլար/դրամ փոփոխված փոխարժեքի, ԱԷԿ-ի նախատեսվածից ավելի երկար ժամանակ կանգնած լինելու պատճառով,
դ) սակագնի վրա ամենամեծ ազդեցություն ունի դոլար/դրամ փոխարժեքի կտրուկ փոփոխությունը,
ե) բարձրացումն անհրաժեշտ է, որպեսզի ՀԷՑ-ը կարողանա իր վարկերը սպասարկել, քանի որ հիմա այն գերծանրաբեռնված է վարկերով և ունի վարկերը և այլ պարտավորությունները սպասարկելու խնդիր:
Ի՞նչ է ստացվում
ՀԷՑ-ը դիմել է ընդամենը 25,3 մլրդ դրամի փոխհատուցման հայտով, որի փոխարեն մենք պատրաստվում ենք իրենց 37 մլրդ-ի փոխհատուցում տալ: Այդ 37 մլրդ-ը սակագնի վրա ազդելու է 6.6 դրամով, որն ըստ էության նշանակում է, որ այն 7 դրամը, որով նախատեսում են ավելացնել ներկայիս գործող սակագինը, ոչ այլ ինչ է, քան 37մլրդ դրամի փոխհատուցում նախորդ տարիների վնասների համար: Ստացվում է, որ եթե չլինեին այդ վնասները, ապա ՀԷՑ-ը հանգիստ կարող էր աշխատել նույն սակագնի պայմաններում, նույնիսկ այն պարագայում, երբ գնման սակագինը ավելացել է արդեն 7 դրամով: Այսինքն, ՀԷՑ-ի մարժան, եթե փոխհատուցման գումարը հաշվի չառնենք, կիջնի 7 դրամով, ու դա ՀԷՑ-ին բավական է: Իսկ դա նշանակում է, որ կարող էր բավականացնել նաև անցած ու նախանցած տարիներին, բայց ոչ միայն չի բավականացրել, այլև լրացուցիչ վնասների պատճառ է դարձել, որն այս տարի մենք պիտի փոխհատուցենք:
Ուրեմն, այն դրույթը, որ 37 մլրդ-ը հանդիսանում է սակավաջրության, փոխարժեքի կամ ԱԷԿ-ի պարապուրդի հետևանք, չի համապատասխանում իրականությանը, և մենք հիմա պետք է փոխհատուցենք ՀԷՑ-ի անարդյունավետ աշխատանքի պատճառով կրած վնասները, որի մասին Էներգետիկայի մասին ՀՀ օրենքում, որին հղում էր Ռոբերտ Նազարյանը, ոչ մի խոսք չկա:
ՀԷՑ-ի հայտում չկան նաև ՀԷՑ-ի հաշվեկշիռը, դրամային հոսքերի և եկամուտների և ծախսերի հաշվետվությունները, ինչպես նաև առաջիկա մի տարվա կանխատեսումները պատշաճ տեսքով, առանց որի Ռոբերտ Նազարյանը չի կարող հետևություններ անել ՀԷՑ-ի ֆինանսական վիճակի մասին, և հաշվի առնել դրանք: Նրա այն արտահայտությունը, որ հաջորդ տարվա սակագնի հաշվարկի ժամանակ հնարավոր է սակագնի իջեցում, եթե միջազգային վարկային պայմանագրերում նոր վճարումներ ի հայտ չգան, շոկային է և ցույց է տալիս ՀԾԿՀ ուսումնասիրությունների բացարձակ դիլետանտությունը:
Չեմ ուզում ծանրաբեռնել ձեզ բազմաթիվ այլ թերի, սխալ, իրականությանը չհամապատասխանող արտահայտություններով, որոնցով լցված էր ողջ հարցազրույցը, բայց այն, որ Ռոբերտ Նազարյանի ելույթը ոչ միայն չհամոզեց, այլև փարատեց այն փոքրաթիվ կասկածները, որ ՀԷՑ-ի հայտը հիմք չէ էլեկտրաէներգիայի սակագինը նույնիսկ 1 դրամով բարձրացնելու համար:
Վահան Քերոբյան
Հեղինակը գործարար է, Menu.am նախագծի հիմնադիրը
Civilnet











