Գլխավոր Լրահոս

Սև օրվա Հայաստանի դևերը

Սև օրվա Հայաստանի դևերը

Արտաշատի քաղաքապետ է դարձել մի երիտասարդ, որն ընտրությունների միակ թեկնածուն լինելով՝ քվեարկության օրն ասում է. «Ժողովուրդն ում ընտրի, նա էլ կընտրվի»։ Այս տղան վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին է։ Հիշում եք, թե մոտ հինգ տարի առաջ ԱԺ նախագահի պաշտոնն զբաղեցնող այս մարդն ինչ ասաց՝ քաղաքականությամբ զբաղվելու համար շատ խելք պետք չէ։ Եվ այդ օրից, այն, ինչ նրանք անում են այս պետության հետ, գլխով չեն անում, անում են բնազդներով։ Իսկ բնազդները, գիտեք, ինքնապահպանման ազդակներով են «արտահայտվում»։ Եվ ահա ողջ ՀՀԿ-ն որոշել է ինքնապահպանվել իր որդիների, եղբայրների, փեսաների պաշտոնեական առաջխաղացումով։

Ինքնապահպանման ազդակը քեզանից դուրս ոչ մեկին չի ճանաչում։ Բնության մեջ ինքնապահպանումը առավել համայնական է, քան՝ ՀՀԿ-ում։ Փղերը, օրինակ, ամբողջ խմբով են պաշտպանում միակ ձագուկին։ Մկների մոտ, սակայն, նման բան հայտնի չէ։ Փոխարենը, կապիկներին նույնպես բնորոշ է հոտի փոքրի խմբակային պաշտպանությունը։ Իսկ Հովիկ Աբրահամյանի համար չկա մեկ այլ ՀՀԿ-ական Արտաշատի քաղաքապետի աթոռին արժանի։ Կա միայն իր որդին։ Ինչո՞ւ։ Որովհետև Հայաստանը պետություն չէ, այն դարձրել են խուճապի օրրան, որտեղ խելքն իսկապես անելիք չունի։ Այսինքն, հանձին ՀՀԿ-ի, ունենք խուճապի «կառավարման» մի գրասենյակ, որտեղ մուտք ունեն միայն ապրողները՝ ՀՀԿ-ական վերնախավը։ Նրանք ժողովուրդ չունեն։ Եթե ժողովուրդ ունենային, ամեն օր ինչ-որ բան չէր թանկանա ու իրենք էլ կողքից տեսնեին, թե ինչպես է ժողովուրդը ճկռում թանկացումների տակ։ Իրենք թալանողներն են։ Իրենք տեսնում են, որ որևէ տարբերակ չունեն պետություն փրկելու։ Չեն կարող իրենց տեղը զիջել, որովհետև կործանման «ճարտարապետներն» իրենք են, պետությունը հնարավոր է միայն իրենցից փրկել։ Եվ քանի որ թալանն անխուսափելի է, Ապոկալիպսիսի մեջ հայտնվածի նման ուզում են, որ շահողը հատկապես իրենք լինեն։ Ուզում են, որ իրենց որդին (Արգամ Աբրահամյան, Կարապետ Գուլոյան, Արման Սահակյան) փեսան (Միքայել Մինասյան, Ռոբերտ Սարգսյան, Կորյուն Նահապետյան), եղբայրը (Ալեքսանդր Սարգսյան, Արզուման Հարությունյան, Ռուբեն Հովսեփյան), քույրը (Սոնա Հարությունյան) շահողների մեջ լինեն։

Ավելի սարսափելի մի բան էլ կա՝ Ապոկալիպսիսի այս «ճարտարապետներն» այլևս չեն ուզում լինել իրենց հարազատների ստնտուն, նրանք պաշտոններ են դասավորում, որպեսզի սրանք այսպես թե այնպես իրենց գլուխները պահեն, լինեն ինքնաբավ։ Այսինքն, հավանաբար, հանրապետության գողացված փողերն այլևս առաջին անհրաժեշոտթւայն հարազատությանը չեն հերիքում։ «Գլուխը պահելու» հայկական ֆենոմենը, որը սովորաբար վերաբերում էր «մի կտոր հաց աշխատելուն», հիմա վերածվել է մի կտոր պաշտոն աշխատելու։

Նրանք սև օրվա Հայրենիքն են կուտակում, որի կործանման տակից իրենց հարազատները պետք է պատվով դուրս գան։ Սև օրվա Հայրենիքն արդեն առկա է՝ վարչապետի, Սերժ Սարգսյանի, Գագիկ Հարությունյանի հոգիներում։ Նրանք գիծ են քաշել վաղվա օրվա հանդեպ, որում իրենք չկան։ Նրանք ունեն ուրիշ երկրների «տեսլականներ», որոնք Հայաստանը չեն։ Սև օրվա Հայրենիք են կուտակում, որպեսզի այն վայելեն Հայաստանից հեռու։ Ի՞նչ անուն տաս այս մարդկանց, որոնք ինչպես սեփական ճաշի սեղանը, պարզ տեսնում են, թե ուր են գլորում Հայաստանը։ Ըստ էության ոչ մի, որովհետև «քաղաքականությամբ զբաղվելու համար շատ խելք պետք չէ»։

Սակայն ամենասարսափելին, անկասկած, Հանրապետականի և Սերժ Սարգսյանի հետևյալ խորամանկությունն է, որն անզեն աչքով չի երևում։ Կուսակցության վերնախավը հարազատներին է դարձնում թիրախ, որպեսզի իրենք հարվածից հեռու մնան։ Սա վերաբերում է նաև Գագիկ Ծառուկյանին, որին կարելի է անվանել ՀՀԿ ստվերային բարձրաստիճան ներկայացուցիչ։ Այսինքն, հարազատները ճապոնական այն խրտվիլակն են, որոնց վրա կարող է թքել իշխանության վերնախավից դժգոհ որևէ մեկը։ Իսկ սարսափելիագույնը ահա թե ինչն է (սա բացատրելու համար մեզ ՀՀԿ վերնախավի ստվերային ներկայացուցիչ է պետք, որպեսզին ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն է)։ Իր հարազատների համար աթոռներ դասավորելով՝ ՀՀԿ-ական վերնախավն իր արժանիքների բացակայությունն է հանուն շրջանառությունից։ Գագիկ Հարությունյանը պետական կամ բարոյական ի՞նչ արժանիք ունի, որի շնորհիվ նրա քույրն ու եղբայրը սոցապփոխնախարար և ԱԱԾ պետի տեղակալ են։ Այսինքն, դա ի՞նչ արժանիք է, որը կարող է տարածվել մյուսներին կերակրելու անհրաժեշտության վրա, եթե չկերակրեցին, այդ արժանիքը կխամրի, կդադարի լինել պետական անհրաժեշտության արժանիք։ Մենք գիտենք, չէ՞, որ Հարությունյան Գագիկը կեղծված ընտրություններ է հորով-մորով արել։ Այսինքն, իրենց արժանիքների բացակայությունն այս մարդիկ դարձրել են գերարժանիք։

Սակայն պետք է դեմքով իմանանք մեր օրվա հերոսներին, ասենք, Սոնա Հարությունյանին, Արզուման Հարությունյանին, Կարապետ Գուլոյանին, Ալեքսանդր Սարգսյանին, որպեսզի կարողանանք պատկերացնել աներևակայելին։ Այս մարդիկ պաշտոններ են տալիս իրենց զրոյական արժանիքներով որդիներին, եղբայրներին և փեսաներին, որպեսզի հավասարակշռեն հասարակական ատելությունը, այսինքն՝ միայն Գագիկ Հարությունյանին կամ Սերժ Սարգսյանին վերաբերող հասարակական ատելությունը հավասարապես բաշխվի Սոնա Հարությունյանի, Ալեքսանդր Սարգսյանի և իրենց միջև։ Իբր մեր խելքին էիք կասկածում, իսկ մեր քույրերի ու եղբայրների մասի՞ն ինչ կասեք։ Հեքիաթներում ինչո՞ւ էին աղբյուրի ակին նստած դևերը երեքգլխանի։ Որովհետև ժառանգ չունեին, ամբողջ «գերադաստանով»՝ երեք գլխով էին թագավորության բախտը որոշում։ Բայց եթե «կինոյի տղեն» էդ երեքի գլուխը թռցներ, թագավորությունը ջուր կունենար։ ՀՀԿ-ական վերնախավի պարագան բարդ է։ Նրանց երկրորդ կամ երրորդ գլուխը ժառանգ է, Հովիկ Աբրահամյանի հետ քո «հաշիվները» մաքրես, որդին կա ու կա, Անդրանիկ Մարգարյանը հեռացավ, բայց նրա որդին ամբողջ թափով ձիու վրա է, վարչապետից հինգ պակաս տղա է։ Այս ամենը, ընկերներ, նույնիսկ երկրորդ էշելոնի ՀՀԿ-ականների համար է վիրավորական, կուսակցություն չկա, կան եղբայրներ, փեսաներ և որդիներ։ «Մենք ինչո՞վ ենք պակաս» հարցը խլացվել է ընտրություններում կատարված կեղծիքների արդյունքում շպրտվող մեկ կտոր հացով։ Ահա թե ովքեր են Հայաստանում իշխանության աղբյուրի մոտ նստած։

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում