Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) առաջարկում է էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար թանկացնել 6.93 դրամով. համապատասխան որոշման նախագիծը հունիսի 9-ին հրապարակվել է հանձնաժողովի կայքում:
Որոշման նախագծի համաձայն` ցերեկային սակագինն առաջարկվում է գործող 41.85 դրամ/ կՎտժ-ից դարձնել 48.78 դրամ/ կՎտժ, գիշերայինը` 31.85 դրամ/կՎտժ-ից` 38.78 դրամ/կՎտժ:
Մայիսի 8-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը դիմել էր ՀԾԿՀ` առաջարկելով էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար բարձրացնել 17 դրամով: ՀԷՑ-ն առաջարկել էր ցերեկային սակագինը բնակչության համար դարձնել 58.93 դրամ/կՎտժ, գիշերայինը` 48.93 դրամ/կՎտժ:
Գործարար, Menu.am նախագծի հիմնադիր Վահան Քերոբյանը, ֆեյսբուքի իր էջում անդրադառնալով ՀԾՀԿ որոշման նախագծին, գրել է. «Թվում է, թե շատ չի, բայց դա 16,55%-անոց թանկացում է, որը տարեկան կազմում է 77մլն ԱՄՆ դոլար, որի համար յուրաքանչյուր հայ ընտանիք տարեկան վճարելու է ավելի քան 50,000 դրամ լրացուցիչ գումար, որը մեր բնակիչների մի զգալի մասի աղքատացնելու է, իսկ աղքատներին՝ զրկելու հույսից ու լույսից: Դեռ ժամանակ կա համոզելու, որ նման որոշում չընդունվի, նման կոպիտ սխալ չկատարվի, որը երկիրը վերջնականապես կթաղի խավարի մեջ:
ՀԷՑ-ը սպառողներին առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը վերջին անգամ թանկացրել էր 2014թ. օգոստոսի 1-ին` մոտ 10 տոկոսով կամ 3,85 դրամով:
Civilnet











