Կառավարությունն առաջարկում է Երևանում գործող ոսկու շուկաներում կիրառվող շրջանառության հարկը փոխարինել արտոնագրային վճարով, դրա չափը սահմանել առավելագույնը 35 հազ. դրամ, մարզկենտրոններում՝ 25 հազ. դրամ, սահմանամերձ համայնքներում՝ 0 դրամ: Հունիսի 10-ի նիստին գործադիրը հավանություն է տվել «Արտոնագրային վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:
Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետ Հովիկ Աբրահամյանը տվյալ օրենսդրական փոփոխությունը կարևորել է ոսկեգործությանն օժանդակելու համատեքստում: «Ուսումնասիրությամբ պարզվել է, որ եթե խնդիրը դիտարկվեր շրջանառության հարկի տեսանկյունից, ապա ոլորտը կանցներ 5 տոկոս հարկման դաշտ: Ուստի կառավարությունն առաջարկել է ոլորտը զարգացնելու հնարավորություն տալ ոսկու շուկայի մասնակիցներին, իսկ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունները պետք է հարկային ու մաքսային օրենսգրքի նախագիծը քննարկելիս դիտարկեն այս ամբողջ շղթան և միանգամից օրենսդրական լուծում տան»,- ասված է կառավարության հաղորդագրությունում:
***
2014թ. հոկտեմբերի 1-ից պետք է ուժի մեջ մտնեին «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունները, ըստ որոնց` տարեկան մինչև 58.35 մլն դրամ շրջանառություն ունեցող բիզնեսների ներկայացուցիչների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3.5 տոկոսից պետք է նվազեցվեր 1 տոկոս: Նրանք, սակայն, պետք է գործունեություն ծավալեին հստակ փաստաթղթաշրջանառությամբ:
Նախքան այդ փոփոխությունների ուժի մեջ մտնելը փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները, այդ թվում` ոսկու շուկայի աշխատակիցները բողոքի ցույցեր էին անցկացրել, որոնց արդյունքում գույքագրման պահանջը երկարաձգվել էր մինչև 2015թ. փետրվարի 1-ը:
Այս տարվա հունվարին փոքր և միջին ձեռներեցները վերսկսել էին բողոքի ցույցերը, և պարտադիր փաստաթղթավորման պահանջը կրկին հետաձգվել էր` այս անգամ մինչև հուլիսի 1-ը:
Փետրվարին կառավարությունն առաջարկեց «Շրջանառության հարկի մասին» օրենքում նոր փոփոխություններ, որոնք Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց մարտի սկզբին:
Ըստ այդ փոփոխությունների` այն տնտեսվարողները, որոնք կաշխատեն փաստաթղթաշրջանառությամբ, կվճարեն 1.5 տոկոս շրջանառության հարկ, իսկ փաստաթղթաշրջանառությունից հրաժարվողները՝ 5 տոկոս։ Բացի այդ` շրջանառության հարկ վճարող համարվելու շեմը կսահմանվի 113.4 մլն դրամ` ներկայիս 58.35 մլն դրամի փոխարեն:
Civilnet











