ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ հունիսի 12-ին ԱԺ լսումների ժամանակ (Ֆոտոլուր):
«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության (ՀԷՑ) հայտը հետ չի կարող ուղարկել, քանի որ կան էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու օբյեկտիվ պատճառներ». հունիսի 12-ին Ազգային ժողովում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հիմնավորման վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարեց ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը։
Նա պնդեց, թե էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտում արտացոլված չէ թանկարժեք մեքենաների, առանձնատների և վատ կառավարման հետևանքով ֆինանսական մսխումների հանգամանքը։ «Այսօր ՀԷՑ-ն ունի 106 մլրդ դրամի ֆինանսական պարտավորություններ, որոնցից 23 մլրդ-ը կազմում են պարտքերը մեր կայանների նկատմամբ, մնացածը նրա վարկային պորտֆելն է, որն ավելին է, քան իր ակտիվները թույլ են տալիս ունենալ»: Ըստ Նազարյանի՝ ՀԷՑ-ն անվարկունակ է, և որևէ բանկ նրան վարկ չի ցանկանում տրամադրել:
«Այն 37 մլրդ դրամը, որ արտացոլել ենք սակագնում, կազմվել է 2014թ. ատոմակայանի՝ վերականգնողական աշխատանքներ իրականացնելու հետևանքով չաշխատելու, նախորդ տարիների սակավաջրության և դրամի արժեզրկմամբ,- ասաց Նազարյանը և հավելելեց, որ այն 6,93 դրամ թանկացման մեջ 4,24-ը գնում է ՀԷՑ-ին, իսկ մնացածը՝ կայանների պարտքը մարելուն։
Նազարյանը վստահեցրեց, որ եթե հաջորդ տարի դրամ-դոլար տատանումներ չլինեն, չլինի սակավաջուր տարի և ատոմակայանն էլ ինչ-ինչ պատճառներով չկանգնի, ապա հոսանքի գինը կարող է նվազել 5 դրամով։
Բիբինը բացակա էր
Խորհրդարանական լսումներին հրավեր էր ուղարկվել նաև ՀԷՑ-ի ղեկավար Եվգենի Բիբինին: Վերջինս չէր ներկայացել և էլեկտրոնային նամակով առավոտյան ԱԺ-ին տեղյակ էր պահել, որ նպատակահարմար չի գտնում լսումներին մասնակցելը։
Այս հանգամանքը զայրացրել էր թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր պատգամավորներին։ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Բիբինի պահվածքը համարեց լկտիություն, իսկ հանրապետական Խոսրով Հարությունյանը կոչ արեց նրա ուղարկած նամակը հետ ուղարկել: Լսումները վարող, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Վարդան Այվազյանը խոստացավ Բիբինին պատասխանել «ոնց որ հարկն է»: «Նա շատ է փոշմանելու, որ չի եկել»,- ասաց Այվազյանը։
Պատգամավորները ՀԾԿՀ նախագահ Նազարյանին կոչ արեցին այնուամենայնիվ մերժել ՀԷՑ-ի հայտը։
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Նազարյանին հորդորեց ՀԷՑ-ի հայտը հետ ուղարկել, հրավիրել միջազգային աուդիտ, որը կուսումնասիրի ու կներկայացնի Հայաստանի էներգետիկ համակարգի թերություններն ու խնդիրները: Դրանից հետո միայն, ըստ Մինասյանի, անհրաժեշտության դեպքում կարելի կլինի վերանայել սակագինը։
Նազարյանն ասաց, որ ինքը դա անել չի կարող, քանի որ չի կարող երաշխավորել, որ ՀԷՑ-ը կկարողանա ապահովել էլեկտրաէներգիայի անընդհատությունը։ Ավելին, Նազարյանը պատգամավորներին հորդորեց՝ ՀԷՑ-ի հայտը մերժելու առաջարկին զուգահեռ իրեն ցույց տան, թե որտեղից վերցնի այն արտոնյալ վարկը, որը հնարավորություն կտա այդ ընկերությանը աշխատել, կամ օրենք բերեն ԱԺ և էլեկտրաէներգիան ազատեն ԱԱՀ-ից։
«Ի՞նչ կլինի, եթե ՀԷՑ-ը գմփա»
Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ Հայաստանի բնակչությանը հոսանք մատակարարող միակ և մոնոպոլիստ ընկերությունում՝ ՀԷՑ-ում, ծանր պատկեր է, և Նազարյանին հարց ուղղեց. «Եթե մի օր արթնանանք և տեսնենք, որ այդ ընկերությունը գմփացել է, ի՞նչ պետք է անենք: Մենք միայն արձագանքողի դերում ենք»: Փաշինյանը նշեց, որ էլեկտրաէներգիայի թանկացման ՀԷՑ-ի հայտում կորուստները նշված են 12 տոկոս, ինչը էապես մեծ է միջազգային ցուցանիշներից, և հետաքրքրվեց, թե արդյոք ՀԷՑ-ը կորուստները նվազեցնելու պարտավորություն ունի, ինչքան ներդրումներ է արել, որպեզի դրանք նվազեն:
«Թվերի հետ կապված հակասություն կա, պետք է հասկանալ: ՀԷՑ-ը դիմել է ձեզ 26.3 մլրդ դրամ փոխհատուցում ստանալու համար, դուք անընդհատ խոսում եք 37 մլրդ-ի մասին, բայց սակագնի քննարկման փաթեթում նշվում է 23.4 մլրդ դրամը»,- նկատեց Փաշինյանը:
Նազարյանը նշեց, որ ՀԷՑ-ը շահագրգռված չէ կորուստների հարցում:
«Տեխնոլոգիական կորուստների նվազեցման հարցում ավելի շատ պետք է շահագրգռված լինենք մենք՝ որպես պետություն, իսկ եթե գնում ենք դրան, պետք է հասկանանք՝ ինչ ենք շահելու: Մի շարք երկրներում կիրառվում է հետևյալ փորձը. պետությունը սեփականտիրոջն ասում է՝ նվազեցրու կորուստները, բայց մենք 10 տարի չենք փոխի կորուստների նվազագույն նորմատիվային շեմը. Հայաստանի դեպքում դա 12 տոկոս է: Սա արվում է նրա համար, որ ընկերությունն ունենա վարկեր գտնելու, ներդրումներ անելու ստիմուլ՝ կորուստները նվազեցնելու համար: Մյուս տարբերակն այն է, որ գումար պետք է մենք գտնենք: Այլ տարբերակներ չկան»,- ասաց Նազարյանը:
Ինչ վերաբերում է վնասի փոխհատուցմանը, ՀԾԿՀ ղեկավարը նշեց, որ «2012թ. ապրիլի 1-ից 2015թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի արտադրման հաշվեկշռի փոփոխման արդյունքում ձևավոևրվել է 36,6 մլրդ դրամի վնաս, և այդ վնասից սակագնում չի փոխհատուցվել դեռևս 23,4 մլրդ-ը, իսկ ՀԷՑ-ն իր հայտում ներկայացրել է այդ 23,4 մլրդ-ը՝ գումարած տոկոսներ, որ հանձնաժողովի կողմից չեն ընդունվել»:
***
Մայիսի 8-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը դիմել է ՀԾԿՀ` առաջարկելով էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար բարձրացնել 17 դրամով: ՀԷՑ-ն առաջարկել էր ցերեկային սակագինը բնակչության համար դարձնել 58.93 դրամ/կՎտժ, գիշերայինը` 48.93 դրամ/կՎտժ:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը առաջարկում է ցերեկային սակագինը գործող 41.85 դրամ/կՎտժ-ից դարձնել 48.78 դրամ/կՎտժ, գիշերայինը` 31.85 դրամ/կՎտժ-ից` 38.78 դրամ/կՎտժ:
Civilnet











