Գլխավոր Լրահոս

Սուրբ կովը

Սուրբ կովը

Ավելի հեշտ է ժողովրդին զբաղեցնել Սուրիկ Խաչատրյանի հանցագործություններով ու անպատժելիությամբ, քան, ասենք, դրանց իրական հովանավորով։ Սուրիկ Խաչատրյանն ու Հովիկ Աբրահամյանը պետք է մսխվեն իրենց ամբողջ անմարդկայնությամբ, մինչև «ազատարարը» գա։

Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը մեդիա և քաղաքական դաշտի «սուրբ կովն» է։ Այնպես չէ, որ հայտնագործություն եմ անում, բայց վերջերս սկսեցի մտածել էս «սրբազնության» տակ թաքնված հրեշի մասին։ Հիմա նայենք մեր մեդիադաշտին։ 95 տոկոսի համար անձեռնմխելի թիրախ չկա, ընդհուպ մինչև Սերժ Սարգսյանը և Գագիկ Խաչատրյանը։ Իսկ ահա, Հովիկ Աբրահամյանի, Սուրիկ Խաչատրյանի ու Սամվել Ալեքսանյանի մասին չգրելը հանցագործություն է, չի հասկացվի։ Այսինքն, բոլորի մասին նկարելի է և պետք է գրել։ Բոլորը պետք է արատավորվեն, իսկ «սուրբ կովի» մասին պետք է հայտնի լինի սոսկ այն, որ ոչինչ հայտնի չէ։ Այսինքն, միակ անձեռնմխելին «սուրբ կովն» է:

Ասում են՝ այդ երիտասարդը լուրջ թիմ է աշխատեցնում, որպեսզի մեդիադաշտը զերծ պահի իր անուն ազգանունից՝ անկախ նրանից, թե ինչի մասին է խոսքը։ Լավ, թող այդպես լինի։ Սակայն մյուս բոլորի անուններում հնարավորինս կեղտոտ կիսադեմը հայտնաբերելը նույնպես այդ թիմի գործն է, որի դիրիժորը «սուրբ կովն» է։ Անձեռնմխելիներ չկան։ Անձեռնմխելի չի լինելու ո՛չ Գագիկ Ծառուկյանը, որին ՀՀԿ-ն վերցրել է իր հովանավորության տակ, ո՛չ Ալեքսանդր Սարգսյանը, որն աջ քաշած իր փայերն է տնօրինում։ Ոչ ոք անձեռնմխելի չի լինելու։ Սա հասկանալի է այն տեսանկյունից, որ Միքայել Մինասյանը,- հիմա, մարդ է,- չի ուզում, որ իրեն հիշեն։ Սակայն արվում է ամեն ինչ, որ մյուսները չմոռացվեն իրենց ամբողջ կեղտոտ սպիտակեղենով։ Ինչպե՞ս է արվում՝ մեդիադաշտը տնօրինելով «Պանարմենիան Մեդիա հոլդինգ», «Շարմ» և այլ քիչ «սրբազան» անուն ունեցող ընկերություններով։ Մենք գիտենք, չէ՞, որ Միքայել Մինասյանը բարոյապես ներկա է այն բիզնեսներում, որտեղ ֆինանսապես չկա, քանի որ մնացած բոլոր բիզնեսներում կա ֆինանսապես։ Մենք գիտենք, չէ՞, որ Սուրիկ Խաչատրյանը միայն արյունարբու իշխանության ֆունդամենտի երաշխավորը չէ, նա նաև այն մարդն է, ում հանձնարարված է ժողովրդի վախը ձեռքում պահել, մինչև Միքայել Մինասյանը կգա և «կազատագրի» նրան։

Շատ բաներ է պատրաստվում անել Միքայել Մինասյանը։ Եվ հիմնականում նա մտադիր է վերադառնալ ազատարարի կերպարով։ Ումի՞ց է ուզում ազատել մեզ՝ նույն Սերժ Սարգսյանից, նույն Ալեքսանդր Սարգսյանից, նույն Հովիկ Աբրահամյանից, նույն Գագիկ Խաչատրյանից, նույն Գագիկ Ծառուկյանից ու Սամվել Ալեքսանյանից, նույն Սուրիկ Խաչատրյանից կամ, ասենք, Մանվել Գրիգորյանից։ Այդ մարդը գալու է որպես ազատարար։ Գալու է առանց մրցակցության, ինչպես համարյա երկնքից են գալիս։ Այսինքն, մեկը, ում ոտքերն ամպոտ են։ Վատիկանից եկողի համար սա պիտի որ ընկալելի լինի։ Բայց որպեսզի ազատարարի կերպարն ամբողջանա, թվարկված անունները պետք է օր-օրի ավելի ու ավելի խրվեն ցեխի մեջ, այսինքն, ավելի ու ավելի պիտի զզվելի լինեն ժողովրդի համար, այլապես ազատարարը չի ընկալվի։ Ընդ որում, մեխանիզմը գործի է դրված ոչ միայն այն տրամաբանությամբ, որ ազատարարի մյուս հավակնորդները պետք է ձախողվեն, նրանք պետք է ձախողվեն, որովհետև բառերից բացի ուրիշ լծակ չունեն։ Իսկ բառին բառով հակադարձելը մեդիադաշտը տնօրինողի համար խաղ ու պար է։ Ավելի հեշտ է ժողովրդին զբաղեցնել Սուրիկ Խաչատրյանի հանցագործություններով ու անպատժելիությամբ, քան, ասենք, դրանց իրական հովանավորով։ Սուրիկ Խաչատրյանն ու Հովիկ Աբրահամյանը պետք է մսխվեն իրենց ամբողջ անմարդկայնությամբ, մինչև «ազատարարը» գա։ Եվ ինչու՞ հենց այս մարդիկ։ Որովհետև ինտելեկտի խնդիր ունեն։ Այս ամենի մասին չմտածող ժողովրդից տարբերվում են սոսկ այն բանով, որ իրենց արտոնյալ ներկան տեսանելի չի դարձնում խայտառակ ապագան։ Չգիտեն, որ Սերժ Սարգսյանն ու Միքայել Մինասյանն այդ երկուսին, մնացածին էլ վրադիր, մասնավորապես ՀՀԿ ավագանուն, «չաղացնում» են, որպեսզի «փրկության» օրը մորթեն։ Մինչդեռ Գալուստ Սահակյանն ու Հովիկ Աբրահամյանը հարցազրույցների ժամանակ կատակներ են անում։

Սակայն ամենևին կատակելու տեղ չի մնա, եթե թեկուզ Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Ծառուկյանը հասկանան (մեղա, մեղա), որ եթե Միքայել Մինասյանը սպիտակ ձիու վրա եկավ իշխանության, առաջինն իրենք են կորցնելու այն ամենը, ինչ ունեն։ Հարցերի հարցը, սակայն, լրատվամիջոցների ողորմելիությունն է, նրանց 95 տոկոսը ամենևին չի գիտակցում, որ «դուդուկի» «առաքելություն» ունի։ Անհրաժեշտ էր էժանացնել խոսքը, պարզապես սարքել բառաչ։ Իսկ եթե մի տեղ էլ սպրդում է «սուրբ կովի» անունը, ասենք, հեռուստառեպորտաժում, որը գրելու վրա ինքը՝ Միքայել Մինասյանը, իշխանություն չունի, կարող է ընդհանրապես ռեպորտաժը հեռացնել այն հեռուստաընկերությունից, որտեղ պայմանագրով հեռարձակվում է այդ ռեպորտաժը։ Այստեղից արդեն ծագում է ամենահարցը՝ էս ի՞նչ դերասանություն է։ Եթե Միքայել Մինասյանն անձեռնմխելի է, ուրեմն ինչով պիտի անձեռնմխելի չլինի նույն Սուրիկ Խաչատրյանը կամ Գագիկ Խաչատրյանը։ Ինչո՞վ են այս մարդիկ ավելի վատը, քան նույն Մինասյանը։ Դուք իշխանության հա՞րց եք լուծում, լուծեք։ Բայց մի կարծեք, թե չկա գոնե մեկը, ով չի հասկանում, թե ինչպես է թրծվում «սպիտակ ձին», «սուրբ կովը», «ոսկե հորթը»։ Ես այդպիսի հարյուրավոր մարդու գիտեմ։ Նրանք, ի դեպ, հեռուստացույց նայելու փոխարեն գրքեր են կարդում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում