Գլխավոր Լրահոս

Ալեքքո և Անի Պէզիքեանները՝ հայ կարիքավորների, հայ մարդու կողքին

Ալեքքո և Անի Պէզիքեանները՝ հայ կարիքավորների, հայ մարդու կողքին

Դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը ժպիտը դեմքին՝ ստացած վարդերի փունջը դրեց սեղանին և բեմ հրավիրեց Քույր Արուսյակին:

- Եթե Հայաստանում Քույր Արուսյակի նման տասը մարդ լիներ, մենք կապրեինք այլ Հայաստանում,- դիմելով հանդիսատեսին՝ հայտարարեց դիրիժորը, ապա վարդերի փունջը մեկնեց նրան:

Քույր Արուսյակը Տիրամայր Հայաստանի Պողոսյան կրթահամալիրի պատասխանատուն է: Գյումրիում գտնվող այս կրթահամալիրում սովորում են ծնողազուրկ, լքված, անապահով ընտանիքների երեխաներ:

Քույր Արուսյակը վարդերը բաժանեց Տիրամայր Հայաստանի երգչախմբի աղջիկներին, որոնց արհեստավարժ կատարումը ոգևորել էր ու անակնկալի բերել հանդիսատեսին: Այս երգչախմբի աղջիկները ծնողազուրկ և կամ անապահով ընտանիքների զավակներ են: Այս աղջիկների մայրը Քույր Արուսյակն է: Այս երգչախմբին ու այս աղջիկներին ոտքի են կանգնեցրել Ալեքքո և Անի Պէզիքեան ամուսինները:

Երգչախումբը տասը տարեկան է: Այս ընթացքում համերգներ է ունեցել Հայաստանի տարբեր բեմերում, շրջագայել Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Բելգիայում, Լիբանանում, Իտալիայում և Ֆրանսիայում: Վատիկանում մասնակցել է Հռոմի Պապի ապրիլի 12-ին մատուցած Սուրբ Պատարագին՝ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում:

Հունիսի 13-ի երեկոյան, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացած Տիրամայր Հայաստանի երգչախմբի համերգը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյան)՝ ի պատիվ բարերարներ Ալեքքո և Անի Պէզիքեանների էր:

Համերգի ծրագրում հնչեցին Կոմիտաս, Սայաթ Նովա, Բրամս, Շուբերտ և այլ նշանավորների կատարումներ: Չընդմիջվող ծափահարություններով և «բրավո»-ներով համերգն ավարտվեց Ռոբերտ Ամիրխանյանի «Երազ իմ երկիր Հայրենի» անմահ կատարումով:

Ալեքքո և Անի Պէզիքեանների բարեսիրական գործունեությունը տասնամյակներ ի վեր տարածվում է Հայաստանում և Սփյուռքում: Նրանք Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության խոշոր նվիրատուներից են: Սպիտակի երկրաշարժն ու հայ մարդու նկատմամբ հոգատարության ներքին մղումը նրանց բերեց Հայաստան: Ապա Հայաստանը անկախացավ, և Պէզիքեանները իրենց բարեգործությունը շարունակեցին արդեն անկախ Հայրենիքում: Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ Պէզիքեան ամուսինները ստացել են կաթոլիկ կրթություն և ի երախտագիտություն, նրանց բարեգործությունը Հայաստանում ուղղվում է նաև հայ կաթոլիկ հաստատություններին:

Հունիսի 13-ին, Թբիլիսյան խճուղի 19 հասցեում տեղի ունեցավ «Անի Պէզիքեան» երիտասարդական նորակառույց կենտրոնի բացումը, որի շինարարությունը և կահավորումը առատաձեռն նվիրատվությամբ հոգացել են Պէզիքեան ամուսինները: Այս նախաձեռնության մտահաղացումը Անարատ Հղության Հայ Քույրերի միաբանությանն է և առաջին հերթին՝ Քույր Արուսյակինը:

Այս կենտրոնը, որպես կացարան, ծառայելու է Գյումրիի Պողոսյան կրթահամալիրի սաներին, ովքեր սովորում են մայրաքաղաքի տարբեր համալսարաններում, ինչպես նաև՝ Գյումրիի կարիքավոր ընտանիքների աղջիկներին, ովքեր ընդունվել են տարբեր համալսարաններ, և որոնց ծնողները ի վիճակի չեն հոգալու նրանց կեցության ծախսերը:

Բարերար Ալեքքո Պէզիքեանը բացման արարողության իր հակիրճ խոսքում ասաց, որ կենտրոնն իր բոլոր հարմարությունները և հնարավորությունները կծառայեցնի օրինակելի քրիստոնյա և ազգային դաստիարակությամբ հայ օրիորդներ և ապագա մայրեր դաստիարակելու համար: «Այս կենտրոնում պետք է բնակվեն այն ուսանողները, որոնք նյութական դժվարությունների մեջ են, նրանք, ովքեր ծնողազուրկ են և հասել են համալսարան հաճախելու տարիքին»,- ասաց նա:

Այս կենտրոնը կացարան և տանիք է դառնալու այն ուսանողների համար, որոնք կցուցաբերեն գերազանց առաջադիմություն:

«Մենք անցյալից ունենք Սպիտակի երկրաշարժի ծնողազուրկ երեխաների փորձառությունը: 350 երեխաներից մենք զատել էինք 42-ին, որպեսզի նրանք հաճախեն համալսարան: Բավական դժվարություններով, մենք հոգացինք նրանց համալսարանի ծախսերը՝ բնակարան, սնունդ: Այն ժամանակվանից գաղափար հղացավ, որ պետք է ունենաք կենտրոն, որը օջախ կդառնա մարզերից Երևանում ուսանող անապահով, ծնողազուրկ աղջիկների համար: Այս ծրագիրը նախատեսել ենք 40 աղջիկների համար: Հուսամ, որ մի օր էլ նրանք ծառայեն ուրիշների հաջողության համար»,- ասաց Ալեքքո Պէզիքեանը:

Բացման արարողությանը մասնակցելու էին եկել Հայաստանում Միացյալ Նահանագների, Իտալիայի և Լիբանանի դեսպաններ Ռիչարդ Միլսը, Ջովաննի Ռիչուլլին ու Ժան Մաքարոնը, Հայաստանի Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինի, Հայ Կաթողիկե Եկեղեցու Կաթողիկոս-պատրիարք Ներսես-Պետրոս ԺԹ-ի պատվիրակները, Հայաստանի Կաթողիկե եկեղեցու առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը, հայ առաքելական և կաթոլիկ եկեղեցու հոգևոր հայրեր, կրոնական, հասարակական, մշակութային գործիչներ, սփյուռքահայ բազմաթիվ հյուրեր:

Բացման խոսք ասաց Քույր Արուսյակը: Կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց Տէր և Տիկին Ալեքքո և Անի Պէզիքեաններին ու նրանց Անի թոռնուհուն, Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանին և Մարեկ Արքեպիսկոպոս Սոլչինսկուն: Ապա կատարվեց խորանի օծում: Շնորհակալության խոսք ասաց Ալեքքո Պէզիքեանը:

Ներկայումս կենտրոնում ապրում է հինգ սան, որոնց միանալու են ևս 17 աղջիկներ: Կենտրոնի նպատակը ոչ միայն ծնողազուրկ և անապահով ընտանիքների աղջիկներին կացարանով ապահովելն է, այլև նրանց սովորեցնել կյանքի հմտություներ, որպեսզի նրանք դառնան ինքանբավ քաղաքացիներ, ասում է Քույր Արուսյակը:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, գնահատանքի խոսք ուղղելով Պէզիքեան ընտանիքին` ասաց, որ այս նախաձեռնությունը իրական հայրենասիրության, բարեգործության և հոգևոր միասնականության հրաշալի օրինակ է: «Անի Պէզիքեան» երիտասարդական կենտրոնի հիմնադրումը Սփյուռք-Հայրենիք կապի փայլուն օրինակ է»,- ասաց նախարար Հակոբյանը:

«Անի Պէզիքեան» երիտասարդական կենտրոնի բացման արարողության ընթացքում Ալեքքո Պէզիքեանը ներկաներին հրավիրեց Լիբանան, որտեղ գալիք հուլիսի 18-19-ին տեղի կունենա Հայոց ցեղասպանության որբերի թանգարանի, իսկ Բիքֆայայում՝ Նահատակների հրապարակի բացումը:

«Այդ օրերին կկայանա նաև Մյուռոնօրհնեք և զանազան այլ ծրագրեր: Հպարտությամբ կարող եմ ասել, որ այդ ծրագրերին մենք բերել ենք մեր մասնակցությունը»,- ասաց Ալեքքո Պէզիքեանը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում