Հայաստանը գերմանական Վերականգնման վարկերի բանկից (KfW) 205 մլն եվրո արտոնյալ վարկ և 4.9 մլն եվրո դրամաշնորհ կստանա:
Ինչպես հաղորդում են ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից, համապատասխան համաձայնագիրը հունիսի 16-ին ստորագրել են ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը:
Դրամաշնորհը նախատեսվում է «Բնակտարածքի ֆինանսավորում. 4-րդ փուլ», «Էներգիայի արդյունավետ օգտագործման ծրագիր միկրո, փոքր և միջին ձեռնարկություններում/ՄՓՄՁ», «Դպրոցների էներգասպառման արդյունավետությունը բարձրացնող վերանորոգում», «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում. 2-րդ փուլ» և «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր. 2-րդ փուլ» ծրագրերի իրականացման և համակարգման համար անհրաժեշտ հարակից միջոցառումների անցկացման համար:
Արտոնյալ վարկը նախատեսվում է «Բնակտարածքի ֆինանսավորում. 4-րդ փուլ», «Էներգիայի արդյունավետ օգտագործման ծրագիր ՄՓՄՁ-ում», «Դպրոցների էներգասպառման արդյունավետությունը բարձրացնող վերանորոգում», «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում. 2-րդ փուլ» և «Կովկասի էներգետիկ միություն. 3-րդ փուլ (Հայաստան-Վրաստան բարձրավոլտ հոսանքահաղորդման գիծ, ենթակայաններ)» ծրագրերի համար:
Civilnet











