Հունիսի 17-ին մինչ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) քննարկում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտը, ՀԾԿՀ շենքի դիմաց տեղի է ունենում Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների նախաձեռնած բողոքի ցույցը:
ՍիվիլՆեթի թղթակցի հաղորդմամբ` էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիները պահանջում են դադարեցնել ՀԾԿՀ նիստը: Նրանք փորձել են մտնել շենք, ձևեր են նետել շենքի ուղղությամբ: Ոստիկանների և քաղաքացիների միջև տեղի է ունեցել հրմշտոց:
Ցույցի մասնակիցներին է մոտեցել ՀԾԿՀ աշխատակազմի ղեկավար Միքայել Սողոմոնյանը և տեղեկացրել է, որ այսօր հնարավոր չէ նիստը դադարեցնել, սակայն հետագա օրերին հանձնաժողովը կարող է հանդիպում և քննարկում կազմակերպել քաղաքացիների հետ:
Ցուցարարները նշել են, որ վերջնական որոշումը կայացվելու է այսօր, և հետագա քննարկման իմաստ չեն տեսնում:
Ավելի ուշ քաղաքացիները, տեղեկանալով ՀԾԿՀ` էլեկտրաէներգիայի սակագինը 6.93 դրամով թանկացնելու որոշման մասին, սկսել են հավկիթներ և լոլիկներ նետել շենքի ուղղությամբ: Ցուցարարների և ոստիկանների միջև սկսվել է հրմշտոց: Մի քանի քաղաքացի բերման է ենթարկվել:
***
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը էլեկտրաէներգիայի սակագինը 6,93 դրամով բարձրացնելու որոշման նախագիծը հրապարակել էր հունիսի 9-ին:
ՀԾԿՀ որոշման նախագծի համաձայն` ցերեկային սակագինն առաջարկվում էր գործող 41.85 դրամ/կՎտժ-ից դարձնել 48.78 դրամ/ կՎտժ, գիշերայինը` 31.85 դրամ/կՎտժ-ից` 38.78 դրամ/կՎտժ:
Մայիսի 8-ին ՀԷՑ-ը դիմել էր ՀԾԿՀ` առաջարկելով էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար բարձրացնել 17 դրամով: ՀԷՑ-ն առաջարկել էր ցերեկային սակագինը բնակչության համար դարձնել 58.93 դրամ/կՎտժ, գիշերայինը` 48.93 դրամ/կՎտժ:
Civilnet











