Գլխավոր Լրահոս

Լորդերի պալատում քննարկվել է Հայոց ցեղասպանությունը

Լորդերի պալատում քննարկվել է Հայոց ցեղասպանությունը
Միացյալ Թագավորության Լորդերի պալատը: Հունիսի 16-ին Միացյալ Թագավորության Լորդերի պալատի նիստում Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել: ՍիվիլՆեթը հետևել է քննարկմանը և դրանից առանձնացրել մի քանի ուշագրավ պահեր: Բարոնուհի Քերոլայն Քոքսը (որը հայտնի է որպես Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման աջակից) հարցրեց, թե ունի արդյոք Նորին գերազանցության կառավարությունը 1915թ. հայերի, հույների և ասորիների սպանությունները որպես ցեղասպանություն ճանաչելու ծրագրեր: Քորթաունի կոմս, սենեկապետ Ջեյմս Սթոփֆորդը պատասխանեց՝ ասելով, որ Միացյալ Թագավորությունը, ճանաչելով «սարսափելի տառապանքները», որոնց Օսմանյան կայսրությունում ենթարկվել են հայերն ու այլ փոքրամասնությունները, պետք է առաջնահերություն դարձնի «Թուրքիայի և Հայաստանի ժողովուրդներին ու կառավարություններին օգնելը՝ միասին առերեսվելու ընդհանուր պատմությանը»: Բարոնուհին Քոքսը հետաքրքրվեց, թե արդյոք Միացյալ Թագավորության կառավարությունը, որը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, մտադիր է վերանայել իր դիրքորոշումը: Բարոնուհի Քոքսը նշեց, որ ավելի քան 20 պետություն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ապրիլի 12-ին Վատիկանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սուրբ պատարագի ժամանակ կարևորեց «ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտությունը` առողջացման, հաշտեցման և առաջ շարժվելու տեսանկյունից»: Բարոնուհին հետաքրքրվեց, թե արդյոք Միացյալ Թագավորության կառավարությունը, որը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, մտադիր է վերանայել իր դիրքորոշումը այս հարցում: «Ձերդ գերազանցության կառավարությունը տեղյակ է Նորին սրբություն Պապի` 1915թ. զոհերի ոգեկոչմանը նվիրված պատարագի ժամանակ արած հայտարարություններին: Մենք հարգում ենք նրա տեսակետը և համաձայն ենք, որ կարևոր է առերեսվել պատմության դասերին խիզախությամբ և անել առավելագույնը` կանխելու նմանատիպ վայրագությունները: Նորին գերազանցության կառավարությունը ճանաչման հարցում վերանայել է իր դիրքորոշումը 2013թ., ներկայում մենք չենք ծրագրում վերանայել այն»,- պատասխանեց կոմսը: Ձայնի իրավունք խնդրելով՝ լորդ Լինդոն Հարիսոնը՝ Լեյբորիստական կուսակցությունից, ասաց, որ 1915թ. հայերի սպանությունները իսկապես ցեղասպանություն էին: Նա հետաքրքրվեց, թե նախարարն ինչ է կարծում հաշտեցման գործընթացն առաջ մղելու նպատակով հայերին ու թուրքերին մերձեցնելու անհրաժեշտության, ինչպես նաև Հայաստանի` Եվրամիության հետ հարաբերությունների նորոգման վերջին փորձերի մասին: 2013թ. սեպտեմբերին` Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ու Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ մոտ չորս տարի բանակցելուց հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, անսպասելի կերպով արմատապես փոխելով արտաքին քաղաքականության ուղեգիծը, որոշեց, որ Հայաստանը պետք է միանա Ռուսաստանի գլխավորած Մաքսային միությանը` այժմ Եվրասիական տնտեսական միությանը: Քորթաունի կոմսն ասաց, որ այս մասին չի իմացել, սակայն ապագայում կուսումնասիրի խնդիրը: Լորդերի պալատն անդրադարձավ նաև Թուրքիայում վերջերս տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին, որոնց արդյունքում երեք հայ՝ Գարո Պայլանը, Մարգար Եսայանը և Սելինա Օզուզուն Դողանը ընտրվել են պատգամավորներ: Բարոնուհի Սարա Լուդֆորդը ձայն խնդրեց և հարցրեց՝ արդյոք Անկարայում նորընտիր հայ պատգամավորները կարող են աջակցել «1915թ. ողբերգական իրադարձություններն» ուսումնասիրող պատմական հանձնաժողովի ստեղծմանը: Թեև Հայաստանի Հանրապետությունը հստակեցրել է, որ չի աջակցում «1915թ. ողբերգական իրադարձությունները» ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծմանը, բրիտանացի օրենսդիրները այն շարունակում են կարևոր քայլ համարել: Լորդ Հովարդ Ֆլայթը` Պահպանողական կուսակցությունից, խոստովանեց, որ 1915թ. դեպքերը ցեղասպանություն են եղել, սակայն այնուհետ համեմատական անցկացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ. «Թեև 1915թ. հայերի նկատմամբ վերաբերմունքը պետք է դատապարտվի` որպես բացարձակ ցեղասպանություն, ի վիճակի՞ ենք մենք Հայաստանին համոզելու դուրս գալ Ադրբեջանի այն տարածքներից, որ ապօրինի զբաղեցնում է մոտ 20 տարի»: Լորդ Ֆլայթի հարցն անպատասխան մնաց: Քորթաունի կոմսը եզրափակեց` կրկին ընդգծելով, «թե որքան կարևոր է, որ երկու ժողովուրդներն ապագայում հաշտեցման ձև գտնեն»: Միացյալ Թագավորությունը Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը տարիներ շարունակ շրջանցում է: Մոտ երկու տարի առաջ հրապարակվեց Միացյալ Թագավորության կառավարության ներքին մի զեկույց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առնչությամբ` ըստ տեղեկատվության ազատության մասին օրենքի:  Այդ զեկույցում քննարկման կենտրոնում հետևյալ հարցն էր՝ արդյոք Բրիտանիայի քաղաքականությունը պե՞տք է փոխվի: Հանձնարարականն էր` շարունակել ջարդերը ցեղասպանություն չճանաչելու ընթացիկ քաղաքականությունը, սակայն «առաջ գնալ Նորին գերազանցության կառավարության՝ 2015թ. ապրիլին 100-րդ տարելիցի հիշատակման միջոցառումներին մասնակցելու դիրքորոշմամբ»: Ստորև ներկայացված են հատվածներ այդ փաստաթղթից. «21. Հաշվի առնելով 1915-16 թթ. սարսափելի դեպքերի վերաբերյալ առկա ապացույցների լայն շրջանակը; մեր սեփական տեսակետը այդ ժամանակ, որ դրանք «մարդկության դեմ հանցագործություն» են, և սահմանները, որ 1948թ. կոնվենցիայի ներածականը թույլ է տալիս ճանաչել [առնվազն քաղաքական առումով] ցեղասպանության պատմական օրինակները [խմբագրված]` քաղաքականության փոփոխությունը դրական կընդունվի և´ Հայաստանի կառավարության, և´Միացյալ Թագավորությունում սփյուռքի կողմից, ու մեզ կներառի 20 երկրների, այդ թվում` Ֆրանսիայի, Իտալիայի, Կանադայի և Ռուսաստանի ու շատ այլ երկրների խմբում, որոնց ազգային և ռեգիոնալ խորհրդարաններն արդեն ճանաչել են ջարդերը` որպես ցեղասպանություն:
  1. Այնուամենայնիվ, սա կլիներ կարևոր և հեռուն գնացող փոփոխություն Նորին գերազանցության կառավարության քաղաքականությունում: [խմբագրված]
  2. Եվ բացի Հայաստանում ու նրա աջակիցների շրջանում բարի կամքի ստեղծումից` ջարդերը ճանաչելու որոշումը հազիվ թե հանգեցնի շոշափելի առաջընթացի Նորին գերազանցության կառավարության` հակամարտությունների լուծման կամ տարածաշրջանում այլ նպատակների տեսանկյունից»:
Մնում է հասկանալ, թե «տարածաշրջանում այլ նպատակներ» ասելով՝ ինչ նկատի ունեն:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում