Գլխավոր Լրահոս

Ինչպես ես մարդ սպանեցի

Ինչպես ես մարդ սպանեցի

59-ամյա Արմիկ Մարտիրոսյանն իր համար աշխարհից մերժված, անուժ, անխնամ, թող ներվի ասել, ուղղակի շպրտված էր իր երեք սենյականոց տան միջանցքի ուղիղ կենտրոնում։ Հարազատները ամուր կողպել էին տան մնացած սենյակները, նաև՝ զուգարանը, որպեսզի տեղաշարժման անընդունակ այս կինը սեփական տան մեջ շարժվելու տեղ չունենա։ Բնական բոլոր պետքերը 59-ամյա Արմիկ Մարտիրոսյանն անում է, ինչպես զուլալ նորածինը՝ ինքն իր տակ։ Միջանցքի մի անկյունում դրված էր խորհրդային ժամանակների երկաթյա ցանցավոր մի անկողին, որն «օգտագործման» ենթակա չէր՝ այդ կնոջը անկողին տեղափոխող անգամ չկար։

59-ամյա Արմիկ Մարտիրոսյանի այս վիճակից տեղյակ երկու նրան բնավ ոչ հարազատ կին ինձ խնդրեցին նկարահանել նրա վիճակը, գուցե պետությունը «տեղաշարժվի» կամ բարեգործներ հայտնվեն, որոնք կխնամեն նրան։ Հընթացս ասեցին, որ կարծես թե գլխի ուռուցք ունի։ Նկարահանեցի։ 59-ամյա Արմիկ Մարտիրոսյանը չէր կարող կանգնել, նստել, պառկել, խոսում էր մի կերպ։ Համենայնդեպս, ապրում էր։

Ռեպորտաժը հեռարձակվեց Ա1+-ի միջոցով, հունիսի 1-ին։ Եվ ի՞նչ։ Պետական կառույցներից ոչ մի ծպտուն։ Զանգահարեց Սևակ անունով մի երիտասարդ, որը խնդրեց 59-ամյա Արմիկ Մարտիրոսյանի համար գտնել «ծերանոց կամ խնամակալ», մնացած ծախսերն ինքը կվերցնի իր վրա։ Կապվեցի Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի և Աբովյանի «Նարեկ» ծերանոցի հետ։ Առաջինն ինձ «հղեց» սոցապ նախարարություն, իսկ երկրորդից ասացին. «Մենք ընդունում ենք միայն ծերերին, բացի դրանից, տեղ չունենք։ Տեղ կունենանք, եթե, ներողություն արտահայտությանս, ծերերից մեկը մեռնի, իսկ այս պահին որևէ մեկը չի պատրաստվում մեռնել»։ Համբերության այս թաքուն մաղթանքը, բնականաբար, կուլ տվեցի։ Կապվեցի սոցապ նախարարության հետ։ Այնտեղից ասացին, որ բազմում «պրոցեդուրաներ» կան 59-ամյա Արմիկ Մարտիրոսյանին ծերանոցում տեղավորելու համար։ Առողջապահության նախարարությունը փորձեց զբաղվել։ Ավանի 12-րդ պոլիկլինիկայից մի բրիգադ գնում և չափում է նրա ճնշումը՝ ոչ մի խնդիր չկա։ Նրանով մտահոգ հիշյալ երկու կանանցից մեկը՝ խիստ հավատացյալ տիկին Վարդուհին, զանգահարում է՝ ճնշումը չափեցին, գնացին, հետո՞։ Լրիվ փակուղի է։ Իսկապես՝ հետո՞։

Ծերանոցներն արդեն հետաքրքիր չեն։ 59-ամյա Արմիկ Մարտիրոսյանը դեռ ծեր չէ։ Ուրեմն, նրանով պետությունն ինքը պետք է զբաղվի զուտ որպես մարդու սոցիալական գոյության սահմանադրական երաշխավոր։ Կրկին, ուրեմն, զանգ առողջապահության նախարարությանը, որն, ինչպես պարզվեց, պարտավոր չէ նրանով զբաղվել, 59-ամյա Արմիկ Մարտիրոսյանով պետք է զբաղվի նրա համայնքի պոլիկլինիկան։ Համենայնդեպս, նրանք պոլիկլինիկայից բրիգադ են ուղարկում Արմիկ Մարտիրոսյանի տուն, որը կնոջը տանում է ուռուցքաբանական, ստուգում և նույն օրը եզրակացնում, որ ուռուցք չկա, տանում են Գրիգոր Լուսավորիչ, մեկ գիշեր պահում և բերում, ու ինչպես հարևաններն են հավատացնում (ասում են, որ նկարահանված է), բերում, շպրտում են տան դեմը։ Հենց այս շպրտելն էլ ճակատագրական է դառնում այդ կնոջ համար ամենևին ոչ բարոյական, այլ հենց ֆիզիկական առումով։ Շուտով կհասկանաք, թե ինչու։

Այդ պահից 59-ամյա Արմիկ Մարտիրոսյանը բռնում է անխափան մահվան ուղին։ Մինչդեռ օդում տագնապ չկա, սոցապ և առողջապահության նախարարություններն իրենց գործին են, 12-րդ պոլիկլինիկան՝ իր, «Գրիգոր Լուսավորիչն» ընդհանրապես կարծես վիրապում լինի՝ այդպիսի հիվանդ չի էլ եղել։ Հիշյալ երկու կանայք արդեն տեղեկացնում են 59-ամյա Արմիկ Մարտիրոսյանի հանգելու մասին։ Կրկին՝ զանգեր։ Սոցապնախարարությունն ասում է, որ պոլիկլինիկայից 88 ձև է պետք, որպեսզի կնոջը տեղափոխեն ծերանոց։ Առողջապահության նախարարությունը, որի գործը չէ 59-ամյա Արմիկ Մարտիրոսյանը, վստահեցնում է, որ կարվի։ Խոսվում է նույնիսկ երկու նախարարությունների առաջին դեմքերի տեղեկացվածության մասին։ Սա լավ է, ուրեմն գործն առաջ կգնա։

Մի քանի օր հետո հանկարծ զանգ՝ կինը մահացել է։ «Փառք Աստծո», հերքվեց, իսկ՝ չակերտներում, որովհետև կինն իրականում վերջին շնչում էր։ Բնականաբար, դարձյալ զանգերով շտապօգնությունը նրան տանում է «Գրիգոր Լուսավորիչ», որտեղից տեղեկանում եմ, որ նա վերակենդանացման բաժանմունքում է ծայրահեղ ծանր վիճակում «պոլիտրավմա» ախտորոշումով։ Վիկիպեդիայով իմանում եմ, որ այդ ախտորոշումը տրվում է բազմաթիվ կոտրվածքներով մարդկանց՝ համա թե շպրտել են։ Հունիսի 20-ի իրիկունն իմանում եմ, որ 59-ամյա Արմիկ Մարտիրոսյանը մահացել է։ Իսկ այսօր առավոտյան տեղեկանում եմ, որ համապատասխան մարմինները դեռ զբաղվում են արդեն երկու օրվա հանգուցյալ կնոջը տուն-ինտերնատում տեղավորելու հարցով և «անպայման կտեղավորվի, հենց որ հիվանդանոցից դուրս գրեն»։

Ահա այսպես, 59-ամյա Արմիկ Մարտիրոսյանն ապրում էր, քանի դեռ գործին չէի խառնվել ես։ Գործին խառնվելու ամբողջ ընթացքում նա միայն մահանում էր։ Եվ արդյունքում իմ մասնագիտական պարտքը՝ ժուռնալիստիկան, 59-ամյա Արմիկ Մարտիրոսյանի համար դարձավ մահացու։ Ի դեպ, հետաքրքիր է, պետական վերին ատյաններում չկա՞ որևէ անխնամ նախարար կամ նույնիսկ Սահմանադրության երաշխավոր նախագահ։ Ուզում եմ նրա մասին ռեպորտաժ պատրաստել։ Կներեք ցինիզմիս համար՝ համն ընկել է բերանս։

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում