«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի կառուցման աշխատանքները կավարտվեն ժամանակին. հունիսի 22-ին Ազգային ժողովում հայտարարեց տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը:
Այսօր ԱԺ-ն քննարկում էր «ՀՀ-ի և Եվրասիական զարգացման բանկի միջև 2015թ. ապրիլին ստորագրված «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինրարության չորրորդ հերթ նախագծի ֆինանսվորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու հարցը: Հարցի հիմնական զեկուցողը տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանն էր։ Պատգամավորների հարցերը հիմնականում վերաբերում էին ավտոճանապարհի շինարարական աշխատանքների ժամկետներին և ավարտին։
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը փոխնախարարից հետաքրքրվեց, թե որքան են հետ ընկել շինաշխատանքները ժամանակացույցից։ Արթուր Առաքելյանն ի պատասխան ասաց, որ «հետ չեն ընկել»: «Մենք չենք պլանավորում գալ և ասել, որ խնդիրներ են առաջ եկել, և երկարաձգելու ենք։ Մենք նոր վարկային ծրագրերով հարավից և հյուսիսից զուգահեռ սկսում ենք աշխատանքները և կավարտենք` ըստ ժամանակացույցի»,-ասաց նա։
Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը 2013թ. ամռանը «խայտառակություն» էր որակել «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի շինարարության ընթացքում իրականացվող վերահսկողությունը: Նա հրապարակել էր լուսանկարներ, որոնք «ապացուցում էին, որ տեխնիկական վերահսկողություն իրականցնող ընկերությունը բացարձակապես չի կատարել համաձայնագրով իրեն վերապահված լիազորությունները:
Արամ Մանուկյանը խոսեց նաև Վերահսկիչ պալատի այդ բացահայտումների մասին և հարցրեց` որևէ մարդ առ այս օր պատժվել է, թե ոչ: Տրանսպորտի և կապի փոխնախարարը հարցին չպատասխանեց:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը փոխնախարարից հետաքրքրվեց, թե այս պահին ինչ աշխատանքներ են կատարվում, և ինչու չի վերանորոգվում Շիրակ-Բավրա ճանապարհահատվածը: Արթուր Առաքելյանն ի պատասխան պատգամավորի հարցի ասաց, որ «Տրանշ-1»-ի [Երևան-Աշտարակ (երկարությունը՝ 11,7 կմ) և Երևան-Արտաշատ (երկարությունը՝ 19,6 կմ) – խմբ.] հատվածն ավարտված է, և այս պահին ընթանում են կահավորման աշխատանքները։ «Այս պահի դրությամբ իրականացվում է նաև թեստավորման փուլը, որը կգնահատի որակը, մինչև ամռան ավարտը կավարտվի այս աշխատանքը, և Արտաշատ-Աշտարակ հատվածը կհանձնվի շահագործման»,- ասաց նա՝ հավելելով, որ «Տրանշ-2»-ի շրջանակում՝ Աշտարակից Թալին ընկած հատվածում, իրականացվում են հողապատրաստման աշխատանքեր։ Փոխնախարարի պնդմամբ` այս տրանշի ավարտը նախատեսված է 2017 թ.:
Արթուր Առաքելյանը խոսեց նաև դեպի Գյուրմրի գնացող «Տրանշ-3»-ի մասին՝ ասելով, որ աշնանը ԱԺ-ն վավերացրել է Ասիական զարգացման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի երկու վարկային համաձայնագիր, որով նախատեսվում է կառուցել Թալինից մինչև Գյումրի ընկած հատվածը։ «Նախապատրաստական աշխատանքներն ավարտված են, և կհայտարարվի միջազգային մրցույթ, որի միջոցով կընտրվեն շինարարներ և 2016 թվականից կսկսվեն ակտիվ աշխատաննքերը։ Ինչ վերաբերում է Գյումրիից Բավրա ընկած հատվածին, ապա լուրջ հիմնանորոգման աշախտանքներ չեն իրականցվում, քանի որ այն կրկնելու է «Հյուսիս-հարավ» մայրուղու ծրագիրը»,- ասաց նա։
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե քանի մարդ և որքան աշխատավարձով է աշխատում շինարարությունում, և որքան հարկեր են մուծվել ՀՀ բյուջե։ «Կա՞ն շինարարական կառույցներ, որոնք կրկնվում են, այսինքն` անընդհատ շահում են տենդերներ»,- հարցրեց Մելքումյանը, որին փոխնախարարը պատասխանեց. «Այս վարկային ծրագրի 40-60 տոկոսը դրականորեն աշխատում է տնտեսության վրա, քանի որ հիմնական նյութերը հայաստանյան ծագման են։ Հաշվի առնելով նաև այն, որ ծրագիրը համաֆինանսավորվում է, չարժե հարկային եկամուտները հաշվակել, քանի որ ոնց որ մի գրպանից հանես դնես մյուս գրպանը»։
***
«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի (Մեղրի-Երևան-Աշտարակ-Գյումրի-Բավրա) երկարությունը կազմում է 556 կմ, ծրագրի իրականացման ժամկետը՝ 2009-ից մինչև 2017-ը: Ծրագրի իրականացման համար Հայաստանի և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) միջև 2009թ. սեպտեմբերին կնքվել է Շրջանակային ֆինանսավորման համաձայնագիր, որում ծրագիրը գնահատվել էր 962 մլն դոլար, ԱԶԲ-ի ֆինասնավորումը՝ 500 մլն: ԱԶԲ-ի երկու տրանշերով 2010թ. հատկացվել են 230 մլն դոլարի վարկային միջոցներ: «Տրանշ-1»-ով հատկացված 60 մլն դոլարն ուղղվել է Երևան-Աշտարակ (երկարությունը՝ 11,7 կմ) և Երևան-Արտաշատ (երկարությունը՝ 19,6 կմ) ճանապարհահատվածների վերականգնողական, իսկ «Տրանշ-2»-ի 170 մլն դոլարը՝ Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի (երկարությունը՝ 41,9 կմ) վերակառուցման աշխատանքներին։ 2014թ. Երևանում ստորագրվել է «Տրանշ-3»-ով 100 մլն դոլար վարկային միջոցներ հատկացնելու պայմանագիր։
Այս տարվա ապրիլին ստորագրվեց համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության («Տրանշ-4»)» նախագծի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին», որի շրջանակում ՀՀ-ին տրամադրվում է 150 մլն դոլարին համարժեք վարկ: Այն ներգրավվում է 20 տարի մարման ժամկետով, որից հինգ տարին՝ արտոնյալ, ֆիքսված տոկոսադրույքը՝ տարեկան 1,65 տոկոս:
Civilnet











