Գլխավոր Լրահոս

Ոստիկանությունը ուժով ցրեց էլետրաէներգիայի թանկացման դեմ ցույցը

Ոստիկանությունը ուժով ցրեց էլետրաէներգիայի թանկացման դեմ ցույցը

Ոստիկանությունը ուժի գործադրմամբ ցրեց էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցը Երևանի Բաղրամյան պողոտայում: Ուժի գործադրման արդյունքում մի քանի տասնյակ ցուցարար վնասվածքներ է ստացել, մի քանի տասնյակն էլ բերման ենթարկվել ոստիկանության բաժանմունքներ:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու մասին որոշման դեմ ցույցը մեկնարկել էր ուրբաթ երեկոյան Ազատության հրապարակում և վերաճել էր այնտեղ եռօրյա նստացույցի: Ցուցարարները վերջնագիր էին ներկայացրել, որ մինչև երկուշաբթի երեկոյան Հայաստանի իշխանությունները չեղյալ համարեն էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը:

Հունիսի 22-ի երեկոյան և կեսգիշերին Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մի քանի ժամ շարունակ քաղաքացիներին զգուշացնում էր, որ նրանց երթը և ցույցը անօրինական է: Բայցևայնպես ցուցարարները որոշեցին շարժվել դեպի Բաղրամյան 26` նախագահական նստավայր: Բաղրամյանի սկզբում նրանց արդեն սպասում էր ոստիկանական ուժերի մեծ պատնեշը՝ ջրցան մեքենաներով:

Չկարողանալով առաջ շարժվել՝ ցուցարարները նստացույց սկսեցին: Նրանք վանկարկում էին «Մենք ենք տերը այս երկրի» և այլ կարգախոսներ, երգում հայրենասիրական երգեր:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ցուցարարներին տեղեկացրեց, որ նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստ է ընդունել նրանց մի քանի հոգանոց պատվիրակությանը: Ցուցարարները հրաժարվեցին հանդիպել Սարգսյանի հետ՝ շարունակելով պնդել, որ իրենց պահանջը պետք է կատարվի՝ չեղարկվի էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը:

Երեկոյան ժամը 11:00-ին Օսիպյանը ցուցարարներին զգուշացրեց, որ այդ ժամից սկսած նրանք իրավունք չունեն աղմուկ անել և խախտել հասարակական կարգը: Նա ասաց, թե ոստիկանությունը քաղաքացիներից բազմաթիվ բողոքներ է ստացել, որ խախտվում է իրենց հանգիստը: Ցուցարարներն ի պատասխան ասացին, որ հարակից շենքերի բնակիչները նույնպես միացել են իրենց էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարում:

Գիշերը ժամը 1:00-ին մոտ Բաղրամյան փողոցի լույսերը հանգան: Միաժամանակ ոստիկանությունը փորձում էր ցուցարարներին համոզել ցույցը տեղափոխել և շարունակել Ազատության հրապարակում: Քաղաքացիները հրաժարվեցին և որոշեցին, որ հենց փողողում էլ շարունակելու են իրենց բողոքը:

Սա ոստիկանության և ցուցարարների միջև վերջին բանակցությունն էր: Ոստիկանությունը դիմեց բռնի ուժի՝ օգտագործելով ջրցան մեքենաներ: Քաղաքացիներին բերման էին ենթարկում նաև քաղաքացիական հագուստով անձինք: Ցուցարարները վանկարկում էին «Ազատ, անկախ Հայաստան»:

Ոստիկանական գործողության արդյունքում տուժել են նաև լրագրողներ: Նրանցից շատերը բերման են ենթարկվել: «Գալա» հեռուստաընկերության լրագրող Փայլակ Ֆահրադյանը գրառում է արել, որ բերման է ենթարկվել ոստիկանական բաժանմունք, որտեղ իր նկատմամբ բռնություն են գործադրել: Իրենց նկատմամբ բռնության մասին հայտնել են նաև այլ լրագրողներ:

…

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին միաձայն որոշեց էլեկտրաէներգիայի սակագինը օգոստոսի 1-ից բարձրացնել 7 դրամով: Հայաստանում էլեկտրաէներգիայի մատակարարման մենաշնորհ ունեցող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտ էր ներկայացրել սակագինը 17 դրամով բարձրացնելու վերաբերյալ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում