Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել՝ Երևանում գիշերը տեղի ունեցած ցույցի և այն ցրելու մասին:
«Խախտված հասարակական կարգի վերականգնման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Բաղրամյան պողոտայում անօրինական երթ կազմակերպած քաղաքացիներին ՀՀ ոստիկանությունը տևական բանակցությունների միջոցով առաջարկել է ազատել հավաքի վայրը: Միաժամանակ, հավաքի մասնակիցներին բարձրախոսով մի քանի անգամ հայտարարվել է, որ նրանց պահանջները պատրաստ է լսել Հայաստանի Հանրապետության Նախագահը: Ոստիկանության կոչերը և խնդրանքները երթի կազմակերպիչների կողմից անտեսվել են»,- նշված է հաղորդագրությունում:
Ոստիկանությունը, հիշատակելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքը, նշում է, որ «ժամը 22.00-ից մինչև 8.00-ն բնակելի և այլ շինություններին հարող տարածքներում անցկացվող հավաքները չեն կարող զուգորդվել անձանց հանգիստը խանգարող աղմուկով կամ լուսային ազդանշաններով», և հավաքի մասնակիցները չեն կատարել ոստիկանության պահանջը:
Ոստիկանության հաղորդագրությունում նշվում է նաև, որ առաջարկվել է հավաքն անցկացնել Ազատության հրապարակում կամ քաղաքի ոչ բանուկ այլ մասերում:«Ոստիկանությունը հիշյալ կանխարգելիչ գործողությունները իրականացրել է հավաքի մասնակիցների նկատմամբ ուժ գործադրելուց հնարավորինս զերծ մնալու նկատառումներից ելնելով: Այնուամենայնիվ, բանակցությունները և համոզման աշխատանքները արդյունքի չեն հանգեցրել կազմակերպիչների հակազդեցության պատճառով: Ստեղծված իրավիճակում ոստիկանությունը ուժ է կիրառել՝ հիմք ընդունելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածը...»,- նշված է հաղորդագրությունում:
Ինչ վերաբերում է լրագրողներին ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկելուն, ոստիկանությունը նշում է, որ «ոստիկանական գործողության շրջագծում հայտնվել են նաև լրագրողներ, որոնք հետևողականորեն անտեսել են հավաքի վայրից ողջամիտ հեռավորություն պահպանելու և ոստիկանության օրինական գործողությունները չխոչընդոտելու կոչերն ու հորդորները, ըստ էության՝ դառնալով հավաքի մասնակիցներ»:«Որոշ լրագրողների կողմից օրենքով նախատեսված պահանջներն անտեսվել են, ինչը և հանգեցրել է անցանկալի հետևանքների»,- ասված է հաղորդագրությունում:
Ոստիկանությունը չի պարզաբանում այն փաստը, որ բազմաթիվ քաղաքացիների և լրագրողների բերման են ենթարկել քաղաքացիական հագուստով անձինք, որոնց գործողությունները ոստիկանները չեն խոչընդոտել:
Երեկ երեկոյան և գիշերը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցի մասնակիցները, որոնք ուրբաթ օրվանից Ազատության հրապարակում նստացույց էին անցկացնում և իշխանություններին վերջնագիր էին ներկայացրել մինչև երկուշաբթի չեղարկել թանկացման որոշումը, շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա: Ցուցարարները Բաղրամյան պողոտայի սկզբնամասում հանդիպեցին ոստիկանական ամուր պատնեշին:
Գիշերը ժամը 1:00-ից հետո ոստիկանությունը դիմեց բռնությամբ ցույցը ցրելու գործողություններին: Ոստիկանության լրատվական բաժնից ՍիվիլՆեթին տեղեկացրին, որ բերման է ենթարկվել 237 հոգի:
Civilnet











