Գլխավոր Լրահոս

Պատգամավորները պահանջում են ազատ արձակել բերման ենթարկվածներին

Պատգամավորները պահանջում են ազատ արձակել բերման ենթարկվածներին

Հունիսի 23-ին Ազգային ժողովի արտահերթ նիստի մեկնարկին պատգամավորներն անդրադարձան էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցը ոստիկանության կողմից այսօր առավոտյան ուժի գործադրմամբ ցրելուն:

Ընդդիմադիր պատգամավորները ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից միաբերան պահանջում էին ձեռնարկել միջոցներ, որոնց արդյունքում անհապաղ ազատ կարձակվեն բերման ենթարկված քաղաքացիները: ՀԱԿ պատգամավորներ Արամ Մանուկյանն  ու Նիկոլ Փաշինյանը ընդգծեցին այն հանգամանքը, որ ոստիկանության գործողությունների հետևանքով տուժել են լրագրողներ, առգրավվել է լրագրողական տեխնիկա: ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ Գալուստ Սահակյանից պահանջեց անհապաղ կասեցնել սակագնի բարձրացման վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի և ԱԺ նախագահի միջև բանավեճ ծագեց: Վերջինս պատգամավորին մեղադրեց ԱԺ կանոնակարգը խախտելու մեջ և սպառնաց զրկել խոսքից:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն իրավիճակը հանդարտեցնելու և ստեղծված դրությունից դուրս գալու համար 20 րոպե ընդմիջում խնդրեց, որպեսզի խմբակցության ղեկավարներով հանդիպեն ԱԺ նախագահի հետ և որոշեն իրենց հետագա անելիքները:

***

Էլեկտրաէներգիան թանկացնելու որոշման մասին

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հունիսի 17-ին միաձայն որոշում կայացրեց բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը: Ըստ որոշման՝ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը գործող 41.85 դրամ/կՎտժ-ից կդառնա 48.78 դրամ, գիշերայինը՝ 31.85 դրամից` 38.78 դրամ:  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ՀԾԿՀ-ին հայտ էր ներկայացրել էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու վերաբերյալ:

Բողոքի ցույցերի մասին

Ուրբաթ՝ հունիսի 19-ի երեկոյան, Ազատության հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնությունը հանրահավաք հրավիրեց, որը արդյունքում վերածվեց եռօրյա նստացույցի: Ցուցարարները վերջնագիր ներկայացրին իշխանություններին՝ մինչև երկուշաբթի երեկոյան չեղարկել էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը:

Երկուշաբթի՝ հունիսի 22-ի երեկոյան, ցուցարարները Ազատության հրապարակից երթով շարժվեցին դեպի նախագահական նստավայր: Բաղրամյան փողոցի սկզբնամասում նրանք հանդիպեցին ոստիկանական ամուր պատնեշի:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ցուցարարներին զգուշացնում էր, որ նրանց գործողությունները անօրինական են: Ցուցարարների խմբի հետ պատրաստակամություն հայտնեց հանդիպել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա առաջարկը, սակայն, մերժվեց:

Չկարողանալով առաջ շարժվել՝ ցուցարարները նստացույց սկսեցին Բաղրամյան պողոտայում: Ոստիկանությունը ժամը 23:00-ին կրկին զգուշացրեց, որ «գործողություններն անօրինական են և խախտում են հասարակական կարգը»: Ժամը 1:00-ին անջատվեցին Բաղրամյան պողոտայի լույսերը:

Լուսադեմին ոստիկանությունը ուժով ցրեց բողոքի ցույցը և հաղորդեց 237 քաղաքացու ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկելու մասին:

Ոստիկանությունը, վկայակոչելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքը, պարզաբանեց, որ ուժի է դիմել, քանի որ «հավաքի մասնակիցները չեն կատարել ոստիկանության պահանջը»: Ցուցարարներին բերման են ենթարկել նաև քաղաքացիական հագուստով անձինք, որոնց գործողություններին ոստիկանները չեն խոչընդոտել: Ոստիկանությունն այս մասին պարզաբանում չի ներկայացրել:

Ոստիկանության գործողությունների արդյունքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել նաև լրագրողները:

Դեպքերի առնչությամբ Գլխավոր դատախազության կողմից հարուցվել է քրեական գործ` խուլիգանության հատկանիշներով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում