Հունիսի 23-ի վաղ առավոտյան` 5.30-ի սահմաններում, ոստիկանությունը ուժի ու բռնության գործադրմամբ ցրեց Բաղրամյան պողոտայի սկզբնամասում հավաքված ցուցարարներին, որոնք պահանջում էին չեղյալ հայտարարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ էլեկտրաէներգիայի թանկացման մասին որոշումը: Ոստիկանության հայտարարության համաձայն` բերման է ենթարկվել 237 քաղաքացի:
Ջրցան մեքենայի, քաղաքացիական հագուստով ոստիկանների մասնակցությամբ իրականացված ոստիկանական գործողությունից իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս տուժել ու բերման են ենթարկվել նաև մի շարք լրագրողներ: Ոստիկանները կոտրել են նրանց աշխատանքային տեխնիկան, առգրավել տեխնիկայի և հեռախոսների հիշողության քարտերը:
Ոստիկանության բռնության հետևանքով կոտրվել է «Ազատություն ռադիոկայանի» տեսախցիկը և ուղիղ հեռարձակման սարքը, մարմնական վնասվածքներ է ստացել ռադիոկայանի օպերատորը:
«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Մկրտիչ Կարապետյանին բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին. նա հայտնել է, որ վնասվել է իր տեսախցիկը:
Նույն բաժին է բերման ենթարկվել նաև «Գալա» հեռուստաընկերության լրագրող Փայլակ Ֆահրադյանը: Նա տեղեկացրել է, որ վնասվածքներ է ստացել ձեռքերի ու պարանոցի շրջանում:
Դաժան բռնության և ծեծի են ենթարկվել www.1in.am-ի օպերատորներ Կարեն Չիլինգարյանը, Հովսեփ Հովսեփյանը և Գոռ Հովհաննիսյանը: Նրանք պնդում են, որ իրենց ծեծելու հրամանը տվել է ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը:
Տեսանյությում երևում է նաև, թե ինչպես է բռնության ենթարկվում panarmenian.net-ի ֆոտոլրագրող Կարո Սահակյանը. նա ևս բերման է ենթարկվել ոստիկանության բաժին:
Կոտրել են նաև ACTV-ի օպերատոր Աշոտ Բոյաջյանի լուսանկարահանող սարքը:
Բերման են ենթարկվել նաև «Hetq.am»-ի լրագրողներ Անի Հովհաննիսյանն ու Հրանտ Գալստյանը:
Lragir.am-ի լրագրող Թեհմինե Ենոքյանը տարածել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է քաղաքացիական հագուստով ոստիկանը սեռական բնույթի վիրավորանք հասցնում իրեն:
media.am-ը սոցիալական ցանցերից հավաքել է փաստեր լրագրողների դեմ իրականացված այլ բռնությունների վերաբերյալ:
Ilur.am-ի լրագրող Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում պատմել է, որ ականատես է եղել, թե ինչպես է ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը հրահանգում «որսալ» լրագրողներին:
Civilnet











