Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հանդես է եկել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցերի և ոստիկանության գործողությունների վերաբերյալ հայտարարությամբ:
«Հունիսի 22-ի երեկոյան հոսանքի գների պլանավորած թանկացման դեմ բողոքի դուրս եկած ցուցարարների և ոստիկանների պատասխանատու ու ընդհանուր առմամբ հարգալից վերաբերմունքը քաջալերող էր: Խոսքի ու հանրահավաքների ազատությունը ցանկացած ժողովրդավարության հիմնարար իրավունքներն են և մեզ համար ուրախալի էր տեսնել, որ երկու կողմերն էլ գործում էին հարգելով այս իրավունքներն ու զերծ մնալով լարվածության սրումից:
Սակայն մենք մտահոգված ենք հունիսի 23-ի առավոտյան ցուցարարներին ցրելու ընթացքում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման, ինչպես նաև ոստիկանության բաժանմունքներում տեղ գտած բռնությունների մասին հաղորդումներով: Բացի այդ, մեզ անհանգստացնում են հաղորդումներն այն մասին, որ գործողության իրականացման ընթացքում հատուկ թիրախ են հանդիսացել լրագրողներն ու նրանց սարքավորումները: Հրամայական է, որ կառավարությունը ՀՀ օրենսդրության շրջանակում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման մասին հաղորդումների ամբողջական ու թափանցիկ քննություն անցկացնի»,- ասված է հայտարարությունում:
Էլեկտրաէներգիան թանկացնելու որոշման մասին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հունիսի 17-ին միաձայն որոշում կայացրեց բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը: Ըստ որոշման՝ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը գործող 41.85 դրամ/կՎտժ-ից կդառնա 48.78 դրամ, գիշերայինը՝ 31.85 դրամից` 38.78 դրամ: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ՀԾԿՀ-ին հայտ էր ներկայացրել էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու վերաբերյալ:
Բողոքի ցույցերի մասին
Ուրբաթ՝ հունիսի 19-ի երեկոյան, Ազատության հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնությունը հանրահավաք հրավիրեց, որը արդյունքում վերածվեց եռօրյա նստացույցի: Ցուցարարները վերջնագիր ներկայացրին իշխանություններին՝ մինչև երկուշաբթի երեկոյան չեղարկել էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը:
Երկուշաբթի՝ հունիսի 22-ի երեկոյան, ցուցարարները Ազատության հրապարակից երթով շարժվեցին դեպի նախագահական նստավայր: Բաղրամյան փողոցի սկզբնամասում նրանք հանդիպեցին ոստիկանական ամուր պատնեշի:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ցուցարարներին զգուշացնում էր, որ նրանց գործողությունները անօրինական են: Ցուցարարների խմբի հետ պատրաստակամություն հայտնեց հանդիպել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա առաջարկը, սակայն, մերժվեց:
Չկարողանալով առաջ շարժվել՝ ցուցարարները նստացույց սկսեցին Բաղրամյան պողոտայում: Ոստիկանությունը ժամը 23:00-ին կրկին զգուշացրեց, որ «գործողություններն անօրինական են և խախտում են հասարակական կարգը»: Ժամը 1:00-ին անջատվեցին Բաղրամյան պողոտային լույսերը:
Լուսադեմին ոստիկանությունը ուժով ցրեց բողոքի ցույցը և հաղորդեց 237 քաղաքացու ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկելու մասին:
Ոստիկանությունը, վկայակոչելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքը, պարզաբանեց, որ ուժի է դիմել, քանի որ «հավաքի մասնակիցները չեն կատարել ոստիկանության պահանջը»: Ցուցարարներին բերման են ենթարկել նաև քաղաքացիական հագուստով անձինք, որոնց գործողություններին ոստիկանները չեն խոչընդոտել: Ոստիկանությունն այս մասին պարզաբանում չի ներկայացրել:
Ոստիկանության գործողությունների արդյունքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել նաև լրագրողները:
Civilnet











