Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունը դատապարտել է հունիսի 23-ին Երևանում ոստիկանության կողմից խաղաղ նստացույցի ցրումը, պահանջում է անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին ու պատասխանատվության ենթարկել քաղաքացիների, լրագրողների իրավունքները ոտնահարած բոլոր պատասխանատուներին:
«Խաղաղ հավաքի ցրումն ուղեկցվել է ուժի անհամաչափ կիրառմամբ, միջոցառումը լուսաբանող լրագրողների նկատմամբ բռնությունների գործադրմամբ ու նրանց մասնագիտական գործիքների ավերմամբ ու առգրավմամբ, հատուկ գործողությունից հետո Երևանի կենտրոնում քաղաքացիների նկատմամբ հետապնդումներով ու բռնություններով:
Սերժ Սարգսյանի անմիջական հրահանգով իրագործված այս բացահայտ հակասահմանադրական ու հակաօրինական գործողությունն ունի մեկ նպատակ՝ հասարակության շրջանում վախի զգացումը խորացնելու միջոցով ամեն գնով կանխել վարչախմբի նկատմամբ դժգոհության ու բողոքի որևէ ալիք:
Հայ Ազգային Կոնգրեսը խստորեն դատապարտում է Սերժ Սարգսյանի հրահանգով իրագործված՝ խաղաղ նստացույցի ցրումը, պահանջում է անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին ու պատասխանատվության ենթարկել քաղաքացիների, լրագրողների իրավունքները ոտնահարած բոլոր պատասխանատուներին:
Կոնգրեսը նաև իր համերաշխությունն է հայտնում իրենց իրավունքների համար պայքարի ելած քաղաքացիներին: Այսօրվա իրադարձությունները եկան ապացուցելու, որ հայաստանյան հասարակությունը հաղթահարել է վախի զգացումը և օժտված է քաղաքացիական բարձր գիտակցությամբ: Գործող իշխանությունը թույլ է ավելի, քան երբևէ, և քաղաքական և քաղաքացիական ուժերի օրակարգում այլևս պետք է լինի մեկ խնդիր` Սերժ Սարգսյանի և նրա վարչախմբի հեռացումը իշխանությունից: Նման համատեղ օրակարգի ձևավորումն իշխանափոխությունը կդարձնի մոտ ապագայի հարց»,- ասված է ՀԱԿ-ի հայտարարության մեջ:
Բողոքի ցույցերի մասին
Ուրբաթ՝ հունիսի 19-ի երեկոյան, Ազատության հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնությունը հանրահավաք հրավիրեց, որը արդյունքում վերածվեց եռօրյա նստացույցի: Ցուցարարները վերջնագիր ներկայացրին իշխանություններին՝ մինչև երկուշաբթի երեկոյան չեղարկել էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը:
Երկուշաբթի՝ հունիսի 22-ի երեկոյան, ցուցարարները Ազատության հրապարակից երթով շարժվեցին դեպի նախագահական նստավայր: Բաղրամյան փողոցի սկզբնամասում նրանք հանդիպեցին ոստիկանական ամուր պատնեշի:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ցուցարարներին զգուշացնում էր, որ նրանց գործողությունները անօրինական են: Ցուցարարների խմբի հետ պատրաստակամություն հայտնեց հանդիպել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա առաջարկը, սակայն, մերժվեց:
Չկարողանալով առաջ շարժվել՝ ցուցարարները նստացույց սկսեցին Բաղրամյան պողոտայում: Ոստիկանությունը ժամը 23:00-ին կրկին զգուշացրեց, որ «գործողություններն անօրինական են և խախտում են հասարակական կարգը»: Ժամը 1:00-ին անջատվեցին Բաղրամյան պողոտայի լույսերը:
Լուսադեմին ոստիկանությունը ուժով ցրեց բողոքի ցույցը և հաղորդեց 237 քաղաքացու ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկելու մասին:
Ոստիկանությունը, վկայակոչելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքը, պարզաբանեց, որ ուժի է դիմել, քանի որ «հավաքի մասնակիցները չեն կատարել ոստիկանության պահանջը»: Ցուցարարներին բերման են ենթարկել նաև քաղաքացիական հագուստով անձինք, որոնց գործողություններին ոստիկանները չեն խոչընդոտել: Ոստիկանությունն այս մասին պարզաբանում չի ներկայացրել:
Ոստիկանության գործողությունների արդյունքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել նաև լրագրողները:
Հունիսի 23-ի առավոտյան հաղորդվել էր 9 տուժածի մասին, նրանց թիվը ավելի ուշ գերազանցել էր մեկ տասնյակը: Որևէ տեղեկություն չի հաղորդվել՝ տուժածների մեջ ոստիկաններ կան, թե՝ ոչ:
Դեպքերի առնչությամբ Գլխավոր դատախազության կողմից հարուցվել է քրեական գործ` խուլիգանության հատկանիշներով:
Civilnet











