ՍիվիլՆեթը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցն ու զարգացումները ներկայացնում է հակադարձ ժամանակագրությամբ:
1:20
Եկավ նաև կրթության և գիտության նախարար, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Ցուցարարները վանկարկում են՝ հեռացիր, Աշոտյան:
1:15
Մի խումբ ներկա և նախկին պատգամավորներ, որոնց թվում են Նիկոլ Փաշինյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Աղվան Վարդանյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Սասուն Միքայելյանը, կանգնել են ցուցարարների և ոստիկանների միջև: Փաշինյանն ասաց, որ իրենք կարող են տարաձայնություններ ունենալ, բայց եկել են մեկ նպատակով՝ բռնություն թույլ չտալ:
00:50
Նստացույցին են միացել Վիտամին ակումբի տղաները: Դերասան Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն, Ֆեյսբուքում գրառում է արել և տեղադրել այս լուսանկարը.
«Այսօր 2 անգամ շատ ենք քան երեկ!!! Վաղը 4 անգամ ավել ենք լինելու!!! Մեզանից պրծում չունեք!!!!!»
00:20
Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հետևյալ գրառումն է արել.
«ԱԺ նախկին ու ներկա պատգամավորներ, մտավորականներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ, փաստաբաններ, լրագրողներ, հոգեւորականներ.Այսօր ժամը 00.45-ին խնդրում ենք Ձեզ գալ Ազատության հրապարակ, Հովհաննես Թումանյանի արձանի հարակից տարածք՝ միասին գնալու Բաղրամյան պողոտա՝ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ կենդանի պատ կազմելու համար:Պատը կազմվում է մեկ նպատակով եւ մեկ կարգախոսով. բռնությունը պետք է բացառվի, կողմերից որեւէ մեկը բռնություն չպետք է կիրառի:Այս հայտարարություն-կոչը, որն ուղղված է ԱԺ նախկին ու ներկա պատգամավորներին, մտավորականներին, շոու բիզնեսի ներկայացուցիչներին, փաստաբաններին, լրագրողներին, հոգեւորականներին անում եմ՝ դերասան Հայկ Մարությանի, դերասան Հովհաննես Ազոյանի, ԱԺ պատգամավորներ Ալեքսանդր Արզումանյանի, Թեւան Պողոսյանի, Նիկոլ Փաշինյանի, Զարուհի Փոստանջյանի, Էդմոն Մարուքյանի, Լյուդմիլա Սարգսյանի, Տիգրան Ուրիխանյանի, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանի, երգահան Եղիշե Պետրոսյանի, հեղինակ-կատարող Վահան Արծրունիի, փաստաբան Հայկ Ալումյանի, լրագրող Արամ Աբրահամյանի, դերասան Աշոտ Ադամյանի, երգիծաբան Սերգեյ Դանիելյանի, Վիտամին ակումբի անդամներ Արամ MP3-ի, Գարիկ Պապոյանի, Վաչե Թովմասյանի, Արման Խաչատրյանի, Տիգրան Գեւորգյանի, Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի անունից»:
00:00
Ժողովուրդը վանկարկում է «ուղիղ եթեր»՝ պահանջելով, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը ուղիղ հեռարձակվի:
23:58
Հայտնի տաքսիստ անունը ստացած տաքսիստ Արման Գալստյանը նույնպես ցուցարարների մեջ է: Նա ասում է, որ Բրբինին չեն թույլ տա, որ իրենց խաբի. «ատոմից էլ ենք հասկանում, վիսակավոլտնուց էլ, ամեն ինչից էլ»:
23:54
«Հանրապետության նախագահը սպասում է ձեզ հետ հանդիպմանը միգուցե ձեզ համար անսպասելի ելքերով ու լուծումներով»,- ցուցարարներին ասում է փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:
23:29
Ցուցարարներից ոչ բոլորն են համաձայն Սերժ Սարգսյանի հետ հանդիպման գնալու որոշման հետ: Մոտ տասը րոպե ցուցարարները քննարկում էին հանդիպման գնալ-չգնալու տարբերակները, ինչպես նաև հանդիպման մասնակիցների հավանական կազմը:
23:07
Կարծես թե համաձայնություն ձեռք բերվեց, ցուցարարները համաձայնեցին հանդիպել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Երեք լրատվամիջոցի տրվելու է հանդիպումն ուղիղ հեռարձակելու իրավունք: Առայժմ հայտնի չէ, թե որ լրատվամիջոցներն են ստանալու այդ իրավունքը:
21:03
«Ոստիկանությունը չի պատրաստվում դիմել գործողությունների, սակայն ձեր մեջ կան սադրիչներ, որոնք զինված են քարերով»,- հայտարարեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Նա նաև ասաց, որ «ազատազրկվածներ և անազատության մեջ գտնվողներ չկան, քրեական հետապնդում որևէ մեկի դեմ չի իրականացվում»:
20:56
Նստացույցի մասնակիցները աղբամաններով պատ են ստեղծել: Ոստիկանները բացում են փշալարերը:
20:34
Բողոքի ցույցի մասնակիցները նստացույց սկսեցին Բաղրամյան պողոտայի սկզբնամասում, որտեղ և անցկացրել էին երեկվա նստացույցը:
20:17
«Եթե լրագրողների նկատմամբ ոչ համաչափ գործողություն է եղել, ես ներողություն եմ խնդրում: Ոստիկանապետի կողմից նշանակված է ծառայողական քննություն»,- ասաց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Նա նշեց, որ բոլոր բերման ենթարկվածները ազատ են արձակվել:
20:08
Երթը հասավ ոստիկանական պատնեշին:
20:05
Բաղրամյան պողոտայի շենքերի բնակիչները իրենց պատուհաններից ու պատշգամբներից ծափահարում են երթի մասնակիցներին:
19:48
Ցուցարարարները հայտարարեցին, որ շարժվելու են դեպի Բաղրամյան 26: Նրանք Թումանյան փողոցով շարժվում են դեպի Բաղրամյան 26` նախագահական նստավայր` պահանջելու կարճել այսօր բերման ենթարկվածների նկատմամբ հարուցված քրեական գործերը:
19:43
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Դիրք Լորենցը հանդես է եկել հայտարարությամբ. «Մենք ուշադրությամբ հետևում ենք Հայաստանում ցուցարարների և ոստիկանության միջև վերջին բախոմները էլէկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ: Խաղաղ ցույցի նկատմամբ անհամաչափ ուժի կիրառումը, ինչպես նաև լրագրողների նկատմամբ բռնությունը տագնապեցնող է: Կարևոր է երաշխավորել այս դեպքերի անկախ հետաքննությունը և անմիջապես ազատ արձակել խաղաղ ցուցարարներին: Իշխանությունների և քաղաքացիական հասարակության միջև իրական երկխոսությունը խրթին և հանրության շրջանում համակրանք չվայելող տնտեսական որոշումները հաղթահարելու միակ ճանապարհն է»:
19:19
Հարթակի վրա իրարանցում եղավ: Այն պահին, երբ հանրահավաքի մասնակիցներից մեկը Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին հայտնում էր, որ առավոտյան ոստիկանության գործողությունները օրինաչափ չէին, ոստիկանները հայհոյում էին ցուցարարներին, հանրահավաքի մասնակից մի աղջիկ վերցրեց Օսիպյանի գլխարկը և թքեց դրա մեջ: Օսիպյանը հրահանգեց ձերբակալել նրան, սակայն մարդիկ թույլ չտվեցին:
18:59
«Հայազն» կուսակցության անդամ Արմեն Մկրտչյանը հայտարարեց, որ բերման ենթարկված 237 անձանց ճնշող մեծամասնության նկատմամբ հարուցվել է քրեական գործ խուլիգանության հանգամանքներով:
18:48
Մաշտոցի պողոտայի խաչմերուկում՝ Ֆրասնիայի հրապարակի մոտ, ցուցարարները չեն կողմնորոշվում՝ շարունակել գնալ դեպի Բաղրամյան 26, թե վերադառնալ Ազատության հրապարակ: Որոշեցին վերադառնալ:
18:35
Ցուցարարները հայտարարեցին, որ իրենց խնդիրը Բաղրամյան 26-ում է: Ցույցի մասնակիցների մի մասը մնաց Ազատության հրապարակում, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան 26՝ նախագահի նստավայր:
18:20
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին ՍիվիլՆեթը հարցրեց, թե արդյոք իրավաչափ էին ոստիկանության գործողությունները հունիսի 23-ի առավոտյան: Նա պատասխանեց, որ եթե կան փաստեր, որ կարող են ապացուցել գործողությունների անհամաչափ լինելը, «կարող եք դիմել համապատասխան մարմիններին»։ Հարցին, թե ով է փոխհատուցելու լրատվամիջոցների կոտրված սարքավորումների համար, Օսիպյանն ասաց, որ չգիտի։
18:00Ազատության հրապարակում մեկնարկեց էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցը:
***
Էլեկտրաէներգիան թանկացնելու որոշման մասին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հունիսի 17-ին միաձայն որոշում կայացրեց բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը: Ըստ որոշման՝ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը գործող 41.85 դրամ/կՎտժ-ից կդառնա 48.78 դրամ, գիշերայինը՝ 31.85 դրամից` 38.78 դրամ: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ՀԾԿՀ-ին հայտ էր ներկայացրել էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու վերաբերյալ:
Բողոքի ցույցերի մասին
Ուրբաթ՝ հունիսի 19-ի երեկոյան, Ազատության հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնությունը հանրահավաք հրավիրեց, որը արդյունքում վերածվեց եռօրյա նստացույցի: Ցուցարարները վերջնագիր ներկայացրին իշխանություններին՝ մինչև երկուշաբթի երեկոյան չեղարկել էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը:
Երկուշաբթի՝ հունիսի 22-ի երեկոյան, ցուցարարները Ազատության հրապարակից երթով շարժվեցին դեպի նախագահական նստավայր: Բաղրամյան փողոցի սկզբնամասում նրանք հանդիպեցին ոստիկանական ամուր պատնեշի:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ցուցարարներին զգուշացնում էր, որ նրանց գործողությունները անօրինական են: Ցուցարարների խմբի հետ պատրաստակամություն հայտնեց հանդիպել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա առաջարկը, սակայն, մերժվեց:
Չկարողանալով առաջ շարժվել՝ ցուցարարները նստացույց սկսեցին Բաղրամյան պողոտայում: Ոստիկանությունը ժամը 23:00-ին կրկին զգուշացրեց, որ «գործողություններն անօրինական են և խախտում են հասարակական կարգը»: Ժամը 1:00-ին անջատվեցին Բաղրամյան պողոտայի լույսերը:
Լուսադեմին ոստիկանությունը ուժով ցրեց բողոքի ցույցը և հաղորդեց 237 քաղաքացու ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկելու մասին:
Ոստիկանությունը, վկայակոչելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքը, պարզաբանեց, որ ուժի է դիմել, քանի որ «հավաքի մասնակիցները չեն կատարել ոստիկանության պահանջը»: Ցուցարարներին բերման են ենթարկել նաև քաղաքացիական հագուստով անձինք, որոնց գործողություններին ոստիկանները չեն խոչընդոտել: Ոստիկանությունն այս մասին պարզաբանում չի ներկայացրել:
Ոստիկանության գործողությունների արդյունքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել նաև լրագրողները:
Դեպքերի առնչությամբ Գլխավոր դատախազության կողմից հարուցվել է քրեական գործ` խուլիգանության հատկանիշներով:
Civilnet











