Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանգյանը ֆեյսբուքի իր էջում կրկին անդրադարձել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Երևանում անցկացվող ցույցերին:
«Թվում է, որ ջրցան մեքենաներով ու քաղաքացիների, այդ թվում՝ լրագրողների նկատմամբ ոստիկանության կիրառած բռնությունը ավելի շատ մարդկանց է բերել Երևանի փողոցներ: Դա խաղաղ նստացույց էր: Ոստիկանությունը իրավունք ուներ մաքրել այն և մարդկանց ձերբակալել օրենքի սահմաններում ՝ առանց անհարկի ուժի գործադրման: Միջազգային լրատվամիջոցներն ու կառավարությունները չպետք է իրավիճակը քաղաքականացնեն: Սա ոչ քաղաքական արձագանք է Հայաստանի բնակչության լայն հատվածի տնտեսական տեղային մարգինալացմանը: Հայաստանի կառավարությունը պետք է ամեն ջանք գործադրի իր քաղաքացիների տնտեսական զրկանքները թեթևացնելու և լուծելու այս ու այլ խնդիրներ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Սերժ Թանգյանը:
Հունիսի 23-ի մեկ այլ գրառմամբ Թանգյանը նշել էր, որ Հայաստանի քաղաքացիական հասարակությունն ամրապնդվում է: Նա նաև ասել էր, որ կոմունալ ծառայություններ մատուցող օտարերկրյա ընկերությունները պետք է ազգայնացվեն:
***
Էլեկտրաէներգիան թանկացնելու որոշման մասին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հունիսի 17-ին միաձայն որոշում կայացրեց բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը: Ըստ որոշման՝ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը գործող 41.85 դրամ/կՎտժ-ից կդառնա 48.78 դրամ, գիշերայինը՝ 31.85 դրամից` 38.78 դրամ: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ՀԾԿՀ-ին հայտ էր ներկայացրել էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու վերաբերյալ:
Բողոքի ցույցերի մասին
Ուրբաթ՝ հունիսի 19-ի երեկոյան, Ազատության հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնությունը հանրահավաք հրավիրեց, որը արդյունքում վերածվեց եռօրյա նստացույցի: Ցուցարարները վերջնագիր ներկայացրին իշխանություններին՝ մինչև երկուշաբթի երեկոյան չեղարկել էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը: Երկուշաբթի՝ հունիսի 22-ի երեկոյան, ցուցարարները Ազատության հրապարակից երթով շարժվեցին դեպի նախագահական նստավայր: Բաղրամյան փողոցի սկզբնամասում նրանք հանդիպեցին ոստիկանական ամուր պատնեշի: Լուսադեմին ոստիկանությունը ուժի գործադրմամբ և ջրցան մեքենաներով ցրեց ցույցը՝ բերման ենթարկելով 237 քաղաքացու:
Երեկոյան Ազատության հրապարակում կրկին հավաքվեցին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիները: Երկար տատանումներից հետո նրանք կրկին շարժվեցին դեպի Բաղրամյան 26 և փողոցի սկզբնամասում կրկին հանդիպեցին ոստիկանական պատնեշի:
Այս անգամ ոստիկանությունը խուսափեց ուժ կիրառելուց: Բռնությունը թույլ չտալու համար ոստիկանության և ցուցարարների միջև մարդկաին պատ կազմելու եկան ԱԺ պատգամավորնե, մշակութային ու հանրային դեմքեր:
Civilnet











