Գլխավոր Լրահոս

Հունիսի 24-ի զարգացումները՝ ուղիղ. թարմացվող

Հունիսի 24-ի զարգացումները՝ ուղիղ. թարմացվող

7:45

Գիշերը Բաղրամյան պողոտայում անցավ խաղաղ և առանց որևէ միջադեպի: Նստացույցի մասնակիցները սկսեցին քանդել աղբամաններից կառուցված բարիկադները, որպեսզի դրանք մաքրվեն աղբից` հնարավոր վարակներից խուսափելու համար: Նրանք արդեն դատարկ աղբամաններով նորից դասավորում են իրենց բարիկադները:

ՍիվիլՆեթը հունիսի 24-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի շարունակվող ցույցը ներկայացնում է հակադարձ ժամանակագրությամբ:

5:15

Արդեն լուսաբաց է: Բաղրամյան պողոտայի ցույցի մասնակիցները վանկարկում են «Հա-յաս-տան»:

4:45

Ցույցի մասնակիցները առանձին խմբերով են արդեն երգում: Աշխույժ երգերին փոխարինելու են եկել կիթառն ու ռոմանտիկան:

4:20

ՍիվիլՆեթի լրագրող Արփի Մախսուդյանն ասում է, որ Բաղրամյան պողոտայում բազմաթիվ արտասահմանցիներ կան: Կան նաև շատ վրացիներ, ոչ միայն լրագրողներ, այլև սովորական քաղաքացիներ, որոնք իրենց համերաշխությունն են հայտնում հայ ցուցարարներին:

3:45

Բաղրամյան պողոտայում է պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: ՍիվիլՆեթին նա ասում է, որ լարվածության թուլացումը շատ մեծ դեր է ունեցել շարժման ուժեղացման համար: Նա խոսում է երեկ քաղաքական  և հանրային գործիչների կողմից ոստիկանության  և ցուցարարների միջև կենդանի պատի մասին, կարևորում իրենց քայլը:

Փաշինյանը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող իրադարձությունները մայդանի հետ համեմատելը թյուրիմացություն է համարում:

3:20

ՍիվիլՆեթը կրկին ՈՒՂԻՂ եթերում է: Լրագրողներ Արփի Մախսուդյանն ու Անի Գրիգորյանը, որ նախորդ օրերին նույնպես եղել են Բաղրամյան պողոտայում, փաստում են, որ մասնակիցների թիվը գնալով ավելանում է: Նրանք նաև նշում են, որ ակցիայի մասնակիցները փորձում են հնարավորինս զերծ մնալ իրենց բողոքը քաղաքականացնելուց:

1:50

Ցույցի մասնակիցները նորից տոնում են «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանի ծննդյան տոնը: Տորթ են կտրում, որի վրա գրված է՝ «Ձեր թալանը մեր Վաղոյի ջրցանին չի»:

1:33

Կեսգիշերից արդեն 1.5 ժամ է անցել, բայց ցույցը դեռ մարդաշատ է: Ցույցի մասնակիցներից շատերը փորձում են քնել փողոցում:

1:03

Լույսերը միացվեցին:

1:00

Բաղրամյան պողոտայում լույսերն անջատվեցին: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ցուցարարներին հայտնեց, որ քիչ անց լույսերը միացվելու են:

00:58

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանն ասում է, որ թեև Հայաստանն անկախություն է ձեռք բերել, բայց մարդիկ անկախ չէին իրենց երկրում: «Մենք անկախության սերունդն ենք, մենք անկախ ենք»,- ասաց նա:

Նա հեռախոսազրույց է ունեցել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ: Շուշանյանի խոսքով՝ ոստիկանապետը ողջունել է նրանց պայքարը, ասել է՝  «լավ եք անում, որ պահանջում եք, միայն թե թույլ չտաք, որ քաղաքականացվի»:

00:48

«Ոչ մի կառավարություն չի կարող ճնշել ազատության սերնդին: Մենք ենք տերը այս երկրի և մենք ենք որոշում»,- բարձրախոսով հայտարարեց ցուցարարներից մեկը:

00:30

Ցուցարարները բարձրախոսով հայտարարում են, որ իրենց պահանջը քաղաքական չէ: Բայց նաև հիշեցնում են, որ որևէ կառավարության թույլ չեն տալու անօրինական որոշումներ կայացնել: Վանկարկում են «Հաղթանակ»:

Չնայած կեսգիշերն անց է, բայց փողոցը բազմամարդ է: Մարդիկ չեն շտապում տուն գնալ:

00:19

Ցուցարարները վանկարկում են «կասեցում, կասեցում»՝ պահանջելով չեղյալ համարել էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը:

23:45

Բաղրամյան փողոցում հայրենասիրական երգեր են հնչում՝ «Մտնինք Սասուն, ելնինք Վան», «Զարթնիր Լաո»:

23:30

ՍիվիլՆեթի թղթակիցը հաղորդում է, որ, ըստ ստացված հաղորդագրությունների, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ցրել է մարզում կազմակերպված խաղաղ ցույցը:

23:15

Ցուցարարներից ոմանք շղթա են կազմել ոստիկանության և մյուս  ցուցարարների միջև` որպես կենդանի պատ:

22:00

Բաղրամյան պողոտան թերևս երբեք այսքան լեփ-լեցուն չի եղել: Հավաքվածները երգում են, սուլում և վանկարկում` «Մենք ենք տերը մեր երկրի», «Հայաստան» և «Հաղթելու ենք»:

21:40

Ես պարտավոր եմ լինել այն հարթակում, որտեղ երիտասարդությունն է. ազատամարտիկ Սասուն Միքայելյան

21:25

Կազմակերպիչներն ասում են` ակցիաներ են կազմակերպվում նաև այլ քաղաքներում, օրինակ` Կապանում, Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում:

21:00

«Տաշիր» ընկերությունների խումբը հերքում է լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, որոնց համաձայն՝ խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը մտադիր է գնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը:

Այս մասին Մեդիամաքսի հարցմանն ի պատասխան ասել է «Տաշիր» ընկերության կորպորատիվ հաղորդակցման և մարքեթինգի դեպարտամենտի ղեկավար Զառա Աճեմյանը:

20:57

Ակցիայի նախաձեռնողներից Մաքսիմ Սարգսյանը մեկնաբանում է լուրերը Սերժ Սարգսյանի հնարավոր հայտարարության մասին: Ասում է` հնարավոր է ակցիան ցրելու համար է և կոչ է անում մնալ տեղերում:

20:52

Վաղինակ Շուշանյանը կոչ է անում ցուցարարներին իրենց շարքերից հեռացնել սադրիչներն: Նա ասում է` իրենց ակցիան բացարձակ խաղաղ է:

20:50

Այսօրվա ոստիկանությունը տասը տարի առաջվա ոստիկանությունը չէ: Մեկի օրինակով պետք չէ դատել բոլորի մասին. փոխոստիկանապետ Հունան Պողոսյան

20.23

Վաղինակ Շուշանյանը Վալերի Օսիպյանին մտահոգություն հայտնեց` հնարավոր սադրանքների վերաբերյալ. Բաղրամյանի հարակից փողոցներից մեկում, ըստ լուսանկարների, մայթին հայտնաբերվել են մահակներ, երկաթե ձողեր, քարեր և այլն: Օսիպյանը խոստացավ ստուգել տեղեկությունը:

20:17

Ակցիայի նախաձեռնողներից Մաքսիմ Սարգսյանն ասաց, ոստիկանությանը հղում անելով, որ երկու օր առաջ բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել:

20:10

ՍիվիլՆեթի թղթակիցը, վկայակոչելով մարդկանց, ովքեր ՀՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրներից տեղեկություն ունեն, հաղորդում է, որ նախագահ Սերժ Սարգսյանի հարցի վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա:

20:00

Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիային միացել են հեծանվորդները:

19:40

Բաղրամյանը լեփ-լեցուն է: Ցուցարարները հասնում են մինչև Ֆրանսիական հրապարակ: Ըստ ՍիվիլՆեթի թղթակցի` բավական շատ ոստիկանական ուժեր կենտրոնացված են Բաղրամյանի հարակից փողոցներում, օրինակ` Պռոշյան փողոցում:

19:15

Բաղրամյանում հավաքվածները համալրվում են մի քանի հարյուր մարդկանցով, որոնց թվում` Շանթ Հարությունյանի որդի Շահենը:

19:10

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանյան ազգային պլատֆորմը հայտարարություն է տարածել, որով «դատապարտում է հունիսի 23-ի առավոտյան Երևանի Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող խաղաղ ցուցարարների հանդեպ ոստիկանության գործած ապօրինի և սանձարձակ գործողությունները»:

«Մենք պահանջում ենք գործող իշխանություններից անհապաղ դադարեցնել քաղաքացիական ակտիվիստների հետապնդումները, ազատ արձակել ոստիկանության բաժանմունքներում դեռ պահվող բոլոր քաղաքացիներին, չեղյալ հայտարարել հունիսի 22-ին ցուցարարների հանդեպ հարուցված շինծու քրեական գործը, հետաքննություն սկսել ոստիկանության՝ հունիսի 23-ին ապօրինություններ գործած և դրանք հրահանգած աշխատակիցներին»,- ասված է հայտարարությունում:

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանյան ազգային պլատֆորմը նաև իր զորակցությունն է հայտնում «Ոչ թալանին» քաղաքացիական շարժմնանը էլեկտրաէներգիայի չհիմնավորված թամկացման դեմ իր պայքարում:

«Այդ շարժման օրակարգին միացնում ենք մեր պահանջը ՀՀ նախագահին, Ազգային Ժողովին ու կառավարությանը օպեռատիվ կերպով ձևավորել անկախ հանձնաժողով քաղաքացիական հասարակության  գործում մասնակցությամբ՝ էլեկտրաէներգիայի կորուստների և ԲԷՑ-երի ծախսերի ուսումնասիրման և  դրանց դեմ միջոցների մշալման նպատակով»,- ասված է հայտարարությունում:

19.00

ՍիվիլՆեթի թղթակիցն ասում է` Բաղրամյանի պողոտայում գնալով` մարդիկ ավելանում են: Մարդկանց մատակարարում են սնունդ, ջուր, հիգիենայի պարագաներ:

18:30

ՍիվիլՆեթի լրագրողի հաղորդմամբ` ոստիկանությունը թույլ չի տալիս, որ քաղաքացիները Դեմիրճյան փողոցի հատվածից մուտք գործեն Բաղրամյան պողոտա` նշելով, որ «իրականացնում է միջոցառում»: Քաղաքացիների այն հարցին, թե արդյոք այդպիսով չի սահմանափակվում քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքը, տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները պատասխանեցին, որ որևէ ավել բան չեն կարող ասել, և խորհուրդ տվեցին դիմել «կենտրոնական ապարատ»:

17:30

Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որով «դատապարտում է Հայաստանի ոստիկանության կողմից լրագրողների նկատմամբ թիրախավորված բռնությունը, երբ իշխանությունները ուժ են կիրառելէլեկտրաէներգիայի թանկացման դեմ անցկացվող բազմամարդ նստացույցը ցրելիս»:

Ըստ կազմակերպության՝ ոստիկանության կողմից հարձակման է ենթարկվել առնվազն տասը լրագրող, և նրանց սարքավորւոմները գրեթե ամբողջությամբ առգրավվել կամ վնասվել են, առնվազն 11 լրագրող կարճ ժամանակով բերման է ենթարկվել:

«Մեզ ցնցել է նման անհամաչափ ուժի կիրառումը լրագրողների նկատմամբ, որոնք ընդամենը իրենց գործն էին անում: Այս թիրախավորված բռնությունը նախատեսված է կանխելու լրատվամիջոցներով ցույցը բռնությամբ ցրելու լուսաբանումը: Մենք կոչ ենք անում իշխանություններին պատժել տեղեկատվության ազատության նկատմամբ նման բռնությունը, որպեսզի այն հետագայում չկրկնվի»,- ասել է  կազմակերպության՝ Արևելյան Եվրոպայի և Կնետրոնական Ասիայի գծով տնօրեն Ջոհան Բիհրը:

17:05

Երևանի աղբահանությամբ զբաղվող Sanitek ընկերության ներկայացուցիչը ցուցարարներին խնդրեց վերադարձնել աղբամանները, որոնցով նրանք բարիկադներ են կառուցել: Նա նշեց, որ «քաղաքում աղբը շատ է, և կա աղբամանների պակաս»: Քաղաքացիները բանակցությունների արդյունքում համաձայնեցին վերադարձնել մոտ 20 աղբաման, որոնցով բարիկադներ էին կառուցել հարակից փողոցներում. առաջնային բարիկադների համար օգտագործված աղբամանները չեն վերադարձվի:

16:40

Դերասան Վարդան Պետրոսյանը հացադուլ է սկսել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում՝ ի զորակցություն էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույց անող քաղաքացիների: Այս մասին ՍիվիլՆեթին ասաց նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

15:20

Ցուցարարները նոր աղբամաններ են բերում, որպեսզի ամրացնեն իրենց բարիկադները:

14:50

Երեկոյան ժամը 18:30-ին Չարենցավանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ տեղի է ունենալու ավտոերթ, որի մասնակիցները միանալու են Երևանի ցուցարարներին: Բացի այդ` ժամը 18:00-ին Երևանի Ազատության հրապարակից տեղի է ունենալու հավաք-երթ. մասնակիցները շարժվելու են Բաղրամյան պողոտա և միանալու են այնտեղ արդեն մոտ 20 ժամ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին:

14:10

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը հայտարարեց, որ երեկոյան ժամը 18:00-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի մեծ ակցիա է տեղի ունենալու Արագածոտնի մարզում: ՍիվիլՆեթի հետ զրույցում նա չբացառեց, որ մարզի ցուցարարները կարող են միանալ Երևանի ցուցարարներին: Նա նշեց, որ ի աջակցություն երևանյան ցույցի` բողոքի ակցիաներ են տեղի ունենում ԱՄՆ-ում, Ֆրանսիայի, Գերմանիայի մի շարք քաղաքներում:

Հիշեցնենք, որ Գյումրիում արդեն երկու օր է` տեղի է ունենում նստացույց:

13:40

Ցուցարարները շոգից պաշտպանվելու համար փողոցում տեղադրել են մի քանի մեծ հովանոցներ:

13:30

Ոստիկանությունը Բաղրամյան պողոտայից հեռացրել է փողոցը փակող իր մի քանի շարքով կանգնած ոստիկաններին: Այժմ պողոտայում լայնությամբ տեղադրված են երկաթե արգելափակոցները: Դրանց կողքին կան կան մի քանի ոստիկաններ:

13:15

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության սեփականատեր ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունը Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացման և դրա դեմ անցկացվող բողոքի ցույցերի առնչությամբ հունիսի 23-ին հանդես է եկել հայտարարությամբ:

«Ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը համարում է, որ Հայաստանում իրադարձությունները անցել են քաղաքական հարթություն, մինչդեռ ընկերությունը Հայաստանում զբաղվում է բիզնեսով, այլ ոչ քաղաքականությամբ և այդ իրադարձություններին մտադիր չէ մասնակցել: Էլեկտրաէներեգիայի սակագնի վերանայման մասին խոսք չկա, և մինչև օգոստոսի 1-ը [մինչև ՀԾԿՀ որոշումն ուժի մեջ մտնելը] «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը վերլուծելու է իրավիճակը»,- ասել է ընկերության մամուլի ծառայության ներկայացուցիչ Նիկոլայ Գորելովը «Ռուսարմինֆո» ընկերության հետ զրույցում:

13:02

Ոստիկանությունը մետաղյա արգելափակոցներ է տեղադրում և պակասեցնում է իր ուժերի թիվը մոտ երկու անգամ:

12:50

Հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում ցույցը ցրելու ոստիկանական գործողությունից իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս տուժել և բերման էին ենթարկվել նաև մի շարք լրագրողներ: Ոստիկանները կոտրել էին նրանց աշխատանքային տեխնիկան, առգրավել տեխնիկայի և հեռախոսների հիշողության քարտերը: Գլխավոր դատախազությունը հունիսի 24-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշված է.

«2015թ. հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի ընթացքում լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ հրապարակումները, տեսագրությունները, ինչպես նաև Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի գրությունը ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության կողմից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` համապատասխան ընթացք  տալու համար»:

12:43

ԱՄՆ Գլենդել քաղաքում հայերը հայկական հյուպատոսարանի առաջ բողոքի ակցիա են կազմակերպել և միացել «Ոչ թալանին» ակցիային:

12:15

Ոստիկանությունը խուզարկության արդյունքում Բաղրամյան պողոտայում որպես սահմանաբաժան բարիկադ տեղադրված աղբամաններում վտանգավոր որևէ բան չհայտնաբերեց:

12:02

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ ոստիկանությունը տեղեկություններ ունի, թե աղբամաններում, որոնցից ցուցարարները բարիկադներ են կառուցել, կան տոպրակներով քարեր: Այժմ ոստիկանությունը զննում է աղբամանները: Ցուցարարներն ասում են, որ դրանցում արտադրական աղբ է:

10:00

Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիան շարունակվում է: Ցուցարարների մի մասը գիշերել է այնտեղ: Իրադրությունը ներկայում հանդարտ է: Ցուցարարները երկու շարք աղբամաններով բարիկադներ են կառուցել: Բարիկադներից մոտ 20 մ հեռավորության վրա ոստիկանության ուժերն են` մի քանի շարքով: Նրանց հետևում փշալարեր են, ջրցան մեքենա:

6:30-8:00

Ցուցարարները մաքրություն են անում Բաղրամյան պողոտայում, ավլում են փողոցը:

***

Էլեկտրաէներգիան թանկացնելու որոշման մասին

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հունիսի 17-ին միաձայն որոշում կայացրեց բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը: Ըստ որոշման՝ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը գործող 41.85 դրամ/կՎտժ-ից կդառնա 48.78 դրամ, գիշերայինը՝ 31.85 դրամից` 38.78 դրամ:  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ՀԾԿՀ-ին հայտ էր ներկայացրել էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու վերաբերյալ:

Բողոքի ցույցերի մասին

Ուրբաթ՝ հունիսի 19-ի երեկոյան, Ազատության հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնությունը հանրահավաք հրավիրեց, որը արդյունքում վերածվեց նստացույցի: Ցուցարարները վերջնագիր ներկայացրին իշխանություններին՝ մինչև երկուշաբթի երեկոյան չեղարկել էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը: Երկուշաբթի՝ հունիսի 22-ի երեկոյան, ցուցարարները Ազատության հրապարակից երթով շարժվեցին դեպի նախագահական նստավայր: Բաղրամյան փողոցի սկզբնամասում նրանք հանդիպեցին ոստիկանական ամուր պատնեշի: Լուսադեմին ոստիկանությունը ուժի գործադրմամբ և ջրցան մեքենաներով ցրեց ցույցը՝ բերման ենթարկելով 237 քաղաքացու:

Հունիսի 23-ի երեկոյան Ազատության հրապարակում կրկին հավաքվեցին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիները: Երկար տատանումներից հետո նրանք կրկին շարժվեցին դեպի Բաղրամյան 26 և փողոցի սկզբնամասում նորից հանդիպեցին ոստիկանական պատնեշի:

Այս անգամ ոստիկանությունը խուսափեց ուժ կիրառելուց: Բռնությունը թույլ չտալու համար ոստիկանության և ցուցարարների միջև մարդկային պատ կազմելու եկան ԱԺ պատգամավորներ, մշակութային ու հանրային դեմքեր:

Հունիսի 23-ի լույս 24-ի գիշերվա ընթացքում որևէ բախում և միջադեպ չի արձանագրվել:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում