ՍիվիլՆեթը հունիսի 25-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի շարունակվող ցույցը ներկայացնում է հակադարձ ժամանակագրությամբ:
24:00
ՌԴ-ն կարող է վճարել այդ ֆինանսական բացվածքը, լուծել խնդիրը և շահել իր ռազմավարական գործընկեր Հայաստանի սիրտը: Դրանից կշահեն բոլորը. ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյան
23:00
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի խոսնակ Ռավինա Շամդասանին հայտարարություն է տարածել Հայաստանում բողոքի ցույցերի կապակցությամբ, որում մտահոգություն է հայտնել Երևանում հունիսի 23-ին բողոքի ցույցերի ժամանակ իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս ոստիկանների կողմից ցուցարարների՝ այդ թվում և լրագրողների նկատմամբ բռնի ուժ գործադրելու մասին ստացվող հավաստի հաղորդագրությունների կապակցությամբ: Շամդասանին կոչ է արել ՀՀ իշխանություններին շտապ և մանրակրկիտ հետաքննել այս դեպքերը։
«Քանի դեռ երկրում շարունակվում են բողոքի ցույցերը, ՀՀ կառավարությունը պետք է երաշխավորի ոստիկանների կողմից ցույցերի վերահսկման գործողությունների խիստ համապատասխանությունը մարդու իրավունքների միջազգային նորմերին և չափանիշներին՝ ներառյալ Իրավապահ մարմինների վերաբերյալ ՄԱԿ-ի վարքականոնը և Իրավապահ մարմինների կողմից ուժի և հրազենի կիրառման վերաբերյալ ՄԱԿ-ի հիմնական սկզբունքները։
Մենք ողջունում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, որն արտահայտում է «Հայաստանում ժողովրդավարության, հիմնարար ազատությունների և մարդու իրավունքների պաշտպանության մասին» կառավարության ստանձնած հանձնառությունը։ Մենք հորդորում ենք կառավարությանը բողոքի ցույցերի նկատմամբ իրականացվող գործողություններում հարազատ մնալ այս հանձնառությանը, ինչպես նաև կոչ ենք անում բոլոր կողմերին ներգրավվել կառուցողական երկխոսության մեջ և զերծ մնալ բռնությունից»,- ասված է հայտարարության մեջ։
22:50
Բաղրամյանում ուրախ մթնոլորտ է տիրում, մարդիկ երգում ու պարում են:
22:23
Հնչում է «Մեր անունն է հայկական բանակ»:
22:20
Ակցիայի կազմակերպիչներն ասում են` սահմանին ծառայող տղաներն իրենց համերաշխությունն են հայտնել «Ոչ թալանին» շարժմանը:
22:10
Ոստիկանության կողմից լարվածություն մտցնելու միտում կա, ՍիվիլՆեթին ասաց շարժման կազմակերպիչներից Մաքս Սարգսյանը: Սարգսյանն ասաց` Մոսկովյանը ոչ ոք չի փակել, ինչպես ասում է Օսիպյանը: Հերքեց նաև ավազով շշերի և ալկոհոլ օգտագործող մարդկանց մասին լուրերը: Այդ լարվածությունը արհեստական է` ըստ Մաքս Սարգսյանի:
22:00
Փոխոստիկանապետը համակարգող խմբին հորդորեց, որ հետ կանչեն Մոսկովյան փողոցն արգելափակած ցուցարարներին:
21:40
Ակցիայի նախաձեռնողներն ասում են` իրականում Սերժ Սարգսյանն է հրաժարվել իրենց հետ բանակցելուց` չընդունելով իրենց պահանջը: Ասում են` նրանից են պահանջում լուծել հարցը, ոչ թե Ռոբերտ Նազարյանից: Պահանջում են, որ պատասխան տան այն ոստիկանները, որոնք բերման ենթարկեցին երկու հարյուրից ավելի մարդկանց:
21:36
Շարժմանը միացել է նաև Վանաձորը:
21:34
Մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, մենք սոցիալական հարց ենք լուծում, մենք քաղաքական կուսակցություն չենք, ասում են բողոքի ակցիայի կազմակերպիչները:
21:20
Առաջիկա գիշերն այստեղ եմ անցկացնելու, ասում է Նիկոլ Փաշինյանը: Մենք այստեղ ենք մի կարգախոսով` բռնությունը պետք է բացառվի, բայց ցավոք մեր ներկայությունը ոչ դե յուրե, ոչ դե ֆակտո չի կարող որևէ բան երաշխավորել: Մեկնաբանելով Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը` Փաշինյանն ասաց, որ ՀԷՑ-ը գումարներ է ծախսել, և այդ անտրամաբանական ծախսերով ՀԷՑ-ը ինքն իրեն դարձրել է անվճարունակ հիմնարկ:
21:10
Չնայած հորդառատ անձրևին՝ այսօր՝ հունիսի 25-ին, Գյումրիում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ հայտարարված նստացույցի մոտ 200 մասնակիցներ Թատերական հրապարակից իրազեկման երթ են սկսել: Ցուցարարները վանկարկում են` «Երևան Գյումրին քո հետ է», «Միացեք, միայն մեր լույսը չի թանկանում» «Ոչ թալանին»:
21:00
Ակցիայի կազմակերպիչներից մեկն ասում է` առաջ են գնալու օրենքի շրջանակում և չեն սահմանափակվելու այսքանով: Ասում է` իշխանությունը, նախագահը, վարչապետը ժողովրդի ծառաներն են, ոչ թե ժողովուրդն իրենցը: Որոշողը ժողովուրդն է: Որոշողը մենք ենք` վանկարկում են ցուցարարները:
20:50
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը, դիմելով հավաքվածներին, վերահաստատեց, որ հավաքը բացարձակապես խաղաղ է: Նրա խոսքով` շարժմանը աջակցում են մարզերը, Սփյուռքը: Նա հույս հայտնեց, որ շարժման թիկունքին կկանգնի նաև ոստիկանությունը, որի դեմ ցուցարարները ոչինչ չունեն: Նա կոչ է անում առավելագույն կերպով լինել սթափ, ձեռնպահ մնալ ալկոհոլի օգտագործումից, զերծ մնալ սադրանքներից:
19:05
Ցուցարարները ոստիկանության արգելապատնեշի և իրենց բարիկադների միջև ընկած հատվածում տեղադրեցին ծաղկեպսակ, որի վրա գրված է «Ժողովրդի կողմից` թալանչիներին»:
18:50
«Ոչ թալանին» նախաձեռնության Վանաձորի խումբը հայտարարություն է տարածել` ներկայացնելով մի շարք պահանջներ կառավարությանը, ՀՀ նախագահին, Գլխավոր դատախազությանը, ոստիկանությանն ու քննչական մարմիններին:
Ստորև շարադրված են նրանց պահանջները`
- Գտնելով, որ սակագնի որևէ բարձրացում հիմնավորված չէ` կառավարությունից և նախագահից պահանջում ենք չեղարկել սակագնի բարձրացման վերաբերյալ ՀԾԿՀ որոշումը և անկախ աուդիտի ենթարկել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն
- Դատապարտելով խաղաղ ցուցարարների և լրագրողների նկատմամբ բռնությունը՝ Գլխավոր դատախազությունից և Հատուկ քննչական ծառայությունից պահանջում ենք պատասխանատվության ենթարկել բռնություն կիրառած և դրա վերաբերյալ հրաման արձակած իրավապահ մարմինների ներկայացուցիչներին
- Հավաքների ազատության իրավունքը համարելով ժողովրդավարական հասարակությունում քաղաքացու ամենակարևոր իրավունքներից մեկը՝ ոստիկանությունից, Քննչական կոմիտեից և Գլխավոր դատախազությունից պահանջում ենք դադարեցնել խաղաղ ցուցարարների և լրագրողների անհիմն քրեական և վարչական հետապնդումը և հատուցել պատճառված վնասը
18:20
Չնայած հորդառատ անձրևին` Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիան շարունակվում է: Ցուցարարները պատսպարվել են պոլիեթիլենե մեծ տոպրակի տակ և ժամակ առ ժամանակ վանկարկում են «Հայաստան, Հայաստան», «Հաղթելու ենք»:
15:45
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության հունիսի 25-ի նիստին դիմել է Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին` ասելով, որ կառավարությունը պատրաստ է քննարկել յուրաքանչյուր հարց, խնդիր, որ բարձրացվում է նրանց կողմից: «Օգտվելով առիթից` ուզում եմ նաև դիմել մեր ակտիվիստներին, այդ հանրահավաքների կազմակերպիչներին, որ նման ոճը որևէ հաջողության չի բերելու: Եվ ես առաջարկում եմ, որ նրանք լինեն ավելի կառուցողական»,- ասել է նա:
Աբրահամյանի խոսքով`«ուղղակի փակելով կենտրոնական փողոցներից մեկը՝ Բաղրամյան պողոտան և նաև խաթարելով մեր քաղաքացիների ազատ տեղաշարժը, նրանք կարգ են խախտում, ինչը չի համապատասխանում Սահմանադրությանը և օրենքներին»: «Օգտվելով առիթից` կոչ եմ անում մեր քաղաքացիներին, մեր գործընկերներին, վերադառնալ կառուցողական դաշտ և միասին քննարկել այն բոլոր խնդիրները, որոնք հուզում են մեր քաղաքացիներին»,- ասել է վարչապետը:
13:15
Կապանում այսօր ևս, ինչպես երեկ, ժամը 18:30-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ նստացույց է անցկացվելու քաղաքապետարանի դիմացի այգում: Այս մասին ՍիվիլՆեթին փոխանցեց նախաձեռնող խմբի անդամ Հրայր Խաչատրյանը:
12:50
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը ՍիվիլՆեթին ասաց, որ «վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունն իրենց համար որևէ արժեք չունի, իրենք սպասում են միայն Սերժ Սարգսյանի հայտարարությանը` էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը չեղյալ հայտարարելու վերաբերյալ»:
Շուշանյանի խոսքով` իրենք շարունակում են պահանջել էլեկտրաէներգիայի թանկացման մասին որոոշման ամբողջական կասեցում և չեն պատրաստվում լքել Բաղրամյան պողոտան:
12:40
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության այսօրվա նիստի սկզբին խոսել է էլեկտրաէներգիայի թանկացման մասին:
«Հասարակությունում տարածված է այն մտայնությունը, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը պայմանավորված է բաշխիչ ցանցերում առկա չարաշահումներով, ժողովրդական լեզվով ասած` թալանով: Չեմ բացառում, որ չարաշահումներ եղել են: Բայց ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ անկախ նրանից, թե ինչպիսի և ինչ չափերի չարաշահումներ կարող էին լինել ընկերությունում, դրանցից ոչ մի լումա չի հաշվարկվել սակագնի մեջ:
[...]
Բնական հարց է ծագում, իսկ ինչո՞ւ է բարձրացել սակագինը: Դրա համար առկա է երեք հիմնական պատճառ.
Առաջին պատճառը վերջին տարիների սակավաջրությունն էր: Մեր հիդրոկայանների արտադրած հոսանքն անհամեմատ ավելի էժան է, քան ջերմակայանների արտադրանքը:
Օրինակ, ՀԷԿ-երի էլեկտրաէներգիան տատանվում էր 2 դրամից 24 դրամ մեկ կիլոՎատտ ժամի համար: Իսկ Հրազդանի 5-րդ բլոկի էլեկտրաէներգիայի գինը 40 դրամ էր: Պարզ է, որ երբ հիդրոկայանների կողմից չարտադրած հոսանքն ստիպված փոխարինվել է ջերմակայանների արտադրած հոսանքով, անխուսափելիորեն առաջացել են լրացուցիչ ծախսեր:
Երկրորդ պատճառն ատոմակայանի տուրբինի չպլանավորված կանգառն էր 2013 թվականի դեկտեմբերին, որը տևել է 88 օր: Դարձյալ այն փոխարինվել է ջերմակայանի արտադրած մոտ վեց ու կես անգամ ավելի թանկ էլեկտրաէներգիայով: Դա ևս բերել է լրացուցիչ ծախսերի:
Երրորդ հիմնական պատճառը վերջին երեք տարում ազգային արժույթի շուրջ 20 տոկոսով արժեզրկումն է: Բնականաբար, դա ևս ազդել է արտադրված էլեկտրաէներգիայի ինքնարժեքի վրա»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետի ելույթն ամբողջությամբ` այստեղ:
12:15
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ղեկավար Մայքլ Գեորգ Լինքը հունիսի 24-ին Հայաստանի իշխանություններին կոչ է արել «հարգել Երևանի կենտրոնում տեղի ունեցող խաղաղ ցույցի մասնակիցների խաղաղ հավաքների ազատության իրավունքը»:
«Հայաստանը, ինչպես ԵԱՀԿ անդամ բոլոր պետությունները, հանձնառություն է ստանձնել պաշտպանել և ապահովել խաղաղ հավաքների հիմնարար ազատությունը ու պետք է հարգի Երևանի ցուցարարների` այս ազատությունը իրացնելու իրավունքը»,- ասել է նա` հավելելով, որ հունիսի 23-ի առավոտյան «իրավապահ մարմինների գործողությունների, այդ թվում` ջրցան մեքենայի կիրառման և հարյուրավոր խաղաղ ցուցարարների ձերբակալման մասին հաղորդումները լուրջ մտահոգություն են առաջացնում»:
«Իրավապահ մարմինները պարտավոր են նպաստել խաղաղ հավաքներին, և ոստիկանության ցանկացած միջոցառում պետք է լինի օրինական, անհրաժեշտ և համաչափ: Անհամաչափ ուժի կիրառման կամ անհիմն ձերբակալությունների վերաբերյալ բոլոր վստահեցումները պետք է անաչառ, համապարփակ և անհապաղ հետաքննության ենթարկվեն` մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»,- ասել է Մայքլ Գեորգ Լինքը:
11:50
Այս պահին Բաղրամյան պողոտայում են բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերը: Նրանք ցանկանում էին բարձրանալ Ազգային ժողով, նշում էին, որ ավելի վաղ հարցեր են ուղարկել այնտեղ և պետք է այսօր գնան` ստանալու պատասխանները: Սակայն ոստիկանները նրանց թույլ չտվեցին բարձրանալ, իսկ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նրանց խնդրեց մոտենալ վաղը, հաջորդ օրը կամ մեկ այլ օր, երբ ավարտված կլինի բողոքի ակցիան:
Նշեք, որ ոստիկանությունը թույլատրում է Բաղրամյան պողոտայի բնակիչների, աշխատանքի գնացողների տեղաշարժը:
11:40
«Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով «կոչ է անում հանրապետության բոլոր մարզերում, այդ թվում և առաջին հերթին՝ Արցախի մարզում բնակվող մեր հայրենակիցներին շտապել դեպի Երևան, դեպի համազգային պայքարի կենտրոն դարձած Բաղրամյան պողոտա և միասնական ճնշումով ստիպել կեղեքիչ ռեժիմին ենթարկվելու ժողովրդի կամքին»:
11:15
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությու
«Ոստիկանությունը Հայաստանում ուժ է կիրառել` ցրելու հիմնականում խաղաղ ցույցը, ինչը մարդու իրավունքների հնարավոր խախտումների մտահոգություննե
Իշխանություններ
10:55
Ցուցարարները Բաղրամյան պողոտայում առավոտյան մարզանք են անում:
10:15
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասում է, որ չկա հասարակություն, որը գոհ լինի թանկացումներից: Իր ընտանիքն էլ է տուժում թանկացումներից, ասում է նա:
8:30
Առավոտյան Բաղրամյան պողոտա այցելեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նա շրջեց նստացույցի վայրով և զրուցեց ցուցարարների հետ: Վլադիմիր Գասպարյանը զրուցեց նաև ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ` առանց լրատվամիջոցների ներկայության:
7:45
Գիշերը Բաղրամյան պողոտայում անցավ խաղաղ և առանց որևէ միջադեպի: Նստացույցի մասնակիցները սկսեցին քանդել աղբամաններից կառուցված բարիկադները, որպեսզի դրանք մաքրվեն աղբից` հնարավոր վարակներից խուսափելու համար: Նրանք արդեն դատարկ աղբամաններով նորից դասավորում են իրենց բարիկադները:
***
Էլեկտրաէներգիան թանկացնելու որոշման մասին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հունիսի 17-ին միաձայն որոշում կայացրեց բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը: Ըստ որոշման՝ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը գործող 41.85 դրամ/կՎտժ-ից կդառնա 48.78 դրամ, գիշերայինը՝ 31.85 դրամից` 38.78 դրամ: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ՀԾԿՀ-ին հայտ էր ներկայացրել էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու վերաբերյալ:
Բողոքի ցույցերի մասին
Ուրբաթ՝ հունիսի 19-ի երեկոյան, Ազատության հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնությունը հանրահավաք հրավիրեց, որը արդյունքում վերածվեց նստացույցի: Ցուցարարները վերջնագիր ներկայացրին իշխանություններին՝ մինչև երկուշաբթի երեկոյան չեղարկել էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը: Երկուշաբթի՝ հունիսի 22-ի երեկոյան, ցուցարարները Ազատության հրապարակից երթով շարժվեցին դեպի նախագահական նստավայր: Բաղրամյան փողոցի սկզբնամասում նրանք հանդիպեցին ոստիկանական ամուր պատնեշի: Լուսադեմին ոստիկանությունը ուժի գործադրմամբ և ջրցան մեքենաներով ցրեց ցույցը՝ բերման ենթարկելով 237 քաղաքացու:
Հունիսի 23-ի երեկոյան Ազատության հրապարակում կրկին հավաքվեցին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիները: Երկար տատանումներից հետո նրանք կրկին շարժվեցին դեպի Բաղրամյան 26 և փողոցի սկզբնամասում նորից հանդիպեցին ոստիկանական պատնեշի:
Այս անգամ ոստիկանությունը խուսափեց ուժ կիրառելուց: Բռնությունը թույլ չտալու համար ոստիկանության և ցուցարարների միջև մարդկային պատ կազմելու եկան ԱԺ պատգամավորներ, մշակութային ու հանրային դեմքեր:
Հունիսի 23-ի լույս 24-ի գիշերվա ընթացքում որևէ բախում և միջադեպ չարձանագրվեց:
Հունիսի 24-ին` ողջ օրվա ընթացքում, բողոքի ակցիան Բաղրամյան պողոտայում շարունակվեց` կրելով խաղաղ բնույթ:
ՍիվիլՆեթը տեքստային ուղիղ ռեժիմով լուսաբանել է զարգացումները նաև հունիսի 23-ին և հունիսի 24-ին:
Civilnet











