Բաղրամյան պողոտան առաջին անգամ փակելուց անմիջապես հետո էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ցուցարարների առաջին կարգախոսներից մեկն էր. «Ոստիկանը մերն է»։ Հաջորդ օրը այս կարգախոսը կրկնեցին «կենդանի պատի առաքյալները»։
Տղերք, «ոստիկանը մերն է» կարգախոսը կեղծ է: Ոստիկանը ձերը չէ և երբեք ձերը չի լինելու։ Նա ձեզ ցրելու, Բաղրամյան պողոտայով ձեր առաջխաղացման դեմն առնելու լիազորությունը ձեզնից չի ստացել։ Ի վերջո, հաստիքավոր ոստիկանների մեջ հունիսի 23-ի լուսադեմին կային նաև ուսադիր չունեցող մկանավորներ, որոնք հաստատ ձերը չեն, եթե նույնիսկ ձեր հարազատ եղբայրներն են։ Ծայրահեղ դեպքում, դուք իրենցը չեք։ Դուք որս եք, որին որսալու հրահանգը նրանց ղեկավարների բերանում է։ Եթե դուք չեք հարձակվում ոստիկանի վրա, այսինքն, ձեր դեմ կանգնեցված կենդանի արգելապատնեշը քանդել չեք ուզում, իրական պատճառն այն չէ, որ ոստիկանը ձերն է, այլ այն, որ ձեր ուժերը չեն հերիքի։ Դուք պարզապես բավարար կրիտիկական զանգված չեք, որպեսզի ոստիկանն ի վերջո նույնպես վախից որոշի լինել ձերը։ Կողմերից մեկը մյուսից պիտի վախենա, որ մարտական, «եղբայրական» կամ իշխանական կողմնորոշումը փոխի։ Այս դեպքում վախեցողը դուք եք։ Ոստիկանը պիտի ձեր մեջ տեսնի իր իշխանությունը, որպեսզի դառնա ձերը։ Իր համար գրված օրենքը, որով նա արտակարգ իրավիճակների ժամանակ հատուկ գործողությունների դիմելու իրավունք ունի, պետք է ձեզնից բխի, ոչ թե իշխանությունը բռնությամբ պահելու երկու կամ երեք հոգու խուճապներից։
Երբ դուք ոստիկանին համարում եք ձերը, ձեզ ծեծելու, նվաստացնելու համար այնտեղ բերված բիրտ ուժից մուրում եք այն միտքը, որ ինքն էլ ձեզ համարի իրենը։ Չի լինելու այդպես, որովհետև «բնությամբ» այդպես չի լինում։ Սերժ Սարգսյանը և մյուսները այսօրվա ոստիկանի վրա են իշխանությունը բռնությամբ, սպանություններով, կեղծիքներով պահելու համակարգ կառուցել։ Երբ նրան համարում եք ձերը, ուզում եք ասել, որ դուք մարտի 1-ի նրա արարքների ինդուլգենցիան եք։ Այսինքն, ապագա հետաքննությունից ազատում եք նրան։ Ոստիկանին մի խառնեք ձեր պայքարին, որովհետև այդտեղ ձեր վախի «ականջներն» են երևում, ձեր խաբկանքի հացը, որ նա չի հարձակվելու։ Երիտասարդ եք, հասկանալի է ձեր մոլորությունը, բայց մոռացեք, որ նա ձերն է։ Տարեք ոստիկանին ձեր տուն, հաց տվեք, թույլատրեք, որ գիշերի ձեր հյուրերի անկողնում, բայց նա ձերը չի լինելու, նա հացից և հյուրընկալությունից դուրս է հունցված։ Նա քաղաքացիության ցուցքից զուրկ է, նա բոլոր օրգանական բաղադրություններից ազատված կաթի փոշի է։ Նա Վլադիմիր Գասպարյանի և Սերժ Սարգսյանի ոստիկանն է։ Նույնիսկ ոստիկանի՝ Բաղրամյան պողոտայում կանգնած երեխան չի կարող ասել, որ «ոստիկանը մերն է»։
Եվ եթե այս երկուսն էլ իշխանության մեջ չլինեին, և իշխանությունն իսկապես լիներ օրինական ընտրյալների ձեռքին, ոստիկանը դարձյալ ձերը լինելու առաքելություն չէր ունենա։ Ոստիկանը ձերն է միայն այն դեպքում, երբ դուք ձեր տեղում եք, ինքն իր տեղում, հացթուխն իր տեղում, վարորդն իր տեղում, դագաղագործն՝ իր տեղում։ Իսկ հիմա բոլորդ կուտակվել եք Բաղրամյան պողոտայում։ Դա ձեր վերջին օրերի հասցեն է, ձեր քաղաքացիական կեցավայրը։ Այստեղ դուք Հայաստանի Հանրապետությունն եք։ Օրինական իշխանության օրոք ոստիկանը կլիներ միայն օրինականության ներկայացուցիչ, ինչպիսին և դուք։ Իսկ հիմա դուք սպառնում եք իշխանությանը, հասկանու՞մ եք, թեպետ իշխանափոխություն չեք պահանջում։ Ոստիկանը ձերը կլիներ, եթե Սերժ Սարգսյանը ձեզ համոզեր նստել բանակցությունների սեղան, եթե ձեր մեջ պառակտում մտներ, եթե ձեզնից յուրաքանչյուրին առանձին-առանձին հնարավոր լիներ տուն ուղարկել շանտաժով և ուժի գործադրմամբ։ Որովհետև այս ամենի անունը, տղերք, լեզու գտնել է։
Ոստիկանը ձերը կլիներ, եթե իշխանությունը ձեզ հետ լեզու գտներ, եթե օրակարգը լիներ լեզու գտնելու օրակարգ։ Դուք ամուր կանգնած եք ձեր դիրքերում, հակառակորդը ձեզ տեսանելի է, ինչպես երբեք, Վլադիմիր Գասպարյանին գիտեք իր կեղծ աղոթքներով և դաժանությամբ, որի ղեկավարության ներքո երկար տարիներ ծառայում են այդ տղաները, ու դուք հայտարարում եք, որ ոստիկանը ձերն է։ Եթե ոստիկանը ձերն է, ուրեմն ձերն է Վլադիմիր Գասպարյանը, ձերն է Սերժ Սարգսյանը, ձերն է Հովիկ Աբրահամյանը։ Ուրեմն ի՞նչ է նշանակում ձեր «հաղթելու ենք» կարգախոսը։ Ուրեմն ոստիկանը ձերը չէ։ Ոստիկանը ձեզանից կառչելու տեղ չունի, ինքը ազատ է ձեր դրական կամ բացասական վերաբերմունքից, իսկ դուք ուզում եք կառչել ոստիկանից, որն ամբողջ ընթացքում միայն ձեզ սպառնալով է զբաղված։
Եվ, տղերք, հիշեք, արտակարգ իրավիճակներում, արդեն ասացի, ոստիկանության գործողությունները կանոնակարգված են օրենքով, և այդ օրենքի կետերից ոչ մեկը ձեր օգտին չէ։ Բացի նրանից, որ ոստիկանի գործողություններն ի տարբերություն ձեր գործողությունների, կանոնակարգված են օրենքով, նրանք արդեն իսկ ներկայացել են մահակներով, փշալարերով, սափրագլուխներով և ջրցան մեքենաներով։
Վերջ։ Ոստիկանը ձերը չէ, տղերք։ Որովհետև արդեն հայտ է ներկայացնում, որ դուք սպառնալիք եք։ Ձեր խաղաղասիրության դեմ իրենք ձեզ առաջարկելու ոչինչ չունեն։ Կարող են միայն ձեր զգոնությունը բթացնել մահակները, սափրագլուխներին ձեր տեսադաշտից հեռացնելով։ Բայց էդ իրենք կարող են անել, ոչ թե դուք։ Դուք չեք կարող զգոնություն բթացնել։ Եթե նույնիսկ նրանք չեն հարձակվում ձեզ վրա, էլի ոստիկանը ձերը չէ, որովհետև չի հարձակվելու ոչ թե ձեր գեղեցիկ աչքերի համար, այլ՝ որ հրահանգ չկա։ Ե՛վ երեկ, և՛ այսօր նա ձերը չէ, երբ չհարձակվեց։ Եվ վաղը չի լինելու։ Որովհետև մի օր անպայման նա ծեծելու է ձեր դուռը անձամբ հիշեցնելու համար, որ ինքը ձերը չէ ոչ այն օրը, երբ չէր ծեծում ձեր դուռը, ոչ այսօր, երբ եկել է քո հետևից, ոչ էլ վաղը, երբ ձեր դուռը ծեծող չի լինի։
Մհեր Արշակյան











