Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ոչ թալանին» նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որում ներկայացրել է իր պահանջները:
Դրանք են`
1. Վերանայել և չեղյալ հայտարարել ՀԾԿՀ-ի կողմից ապօրինի կայացրած հոսանքի սակագնի որոշումը:
2. Վերանայել անցած տարվա սակագինը` նվազեցման նպատակով:
3. Պատժել բոլոր այն կարգազանց ոստիկաններին, ովքեր անօրինական կերպով հունիսի 23-ի առավոտյան, Բաղրամյան պողոտայում ծեծի ենթարկեցին խաղաղ ցուցարարներին: Ինչպես նաև պատժել նրանց անօրինական հրաման տվողներին:
***
Էլեկտրաէներգիան թանկացնելու որոշման մասին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հունիսի 17-ին միաձայն որոշում կայացրեց բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը: Ըստ որոշման՝ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը գործող 41.85 դրամ/կՎտժ-ից կդառնա 48.78 դրամ, գիշերայինը՝ 31.85 դրամից` 38.78 դրամ: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ՀԾԿՀ-ին հայտ էր ներկայացրել էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու վերաբերյալ:
Բողոքի ցույցերի մասին
Ուրբաթ՝ հունիսի 19-ի երեկոյան, Ազատության հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնությունը հանրահավաք հրավիրեց, որը արդյունքում վերածվեց նստացույցի: Ցուցարարները վերջնագիր ներկայացրին իշխանություններին՝ մինչև երկուշաբթի երեկոյան չեղարկել էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը: Երկուշաբթի՝ հունիսի 22-ի երեկոյան, ցուցարարները Ազատության հրապարակից երթով շարժվեցին դեպի նախագահական նստավայր: Բաղրամյան փողոցի սկզբնամասում նրանք հանդիպեցին ոստիկանական ամուր պատնեշի: Լուսադեմին ոստիկանությունը ուժի գործադրմամբ և ջրցան մեքենաներով ցրեց ցույցը՝ բերման ենթարկելով 237 քաղաքացու:
Հունիսի 23-ի երեկոյան Ազատության հրապարակում կրկին հավաքվեցին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիները: Երկար տատանումներից հետո նրանք կրկին շարժվեցին դեպի Բաղրամյան 26 և փողոցի սկզբնամասում նորից հանդիպեցին ոստիկանական պատնեշի:
Այս անգամ ոստիկանությունը խուսափեց ուժ կիրառելուց: Բռնությունը թույլ չտալու համար ոստիկանության և ցուցարարների միջև մարդկային պատ կազմելու եկան ԱԺ պատգամավորներ, մշակութային ու հանրային դեմքեր:
Հունիսի 23-ի լույս 24-ի գիշերվա ընթացքում որևէ բախում և միջադեպ չարձանագրվեց: Բողոքի ակցիան շարունակվում է մինչ օրս` կրելով խաղաղ բնույթ:
Civilnet











