Գլխավոր Լրահոս

Հունիսի 27-ին Մոսկվայում ակցիա՝ ի համերաշխություն հայաստանյան շարժման

Հունիսի 27-ին Մոսկվայում ակցիա՝ ի համերաշխություն հայաստանյան շարժման

Ռուսաստանում ՀՀ դեսպանության շենքը

Հունիսի 27-ին՝ տեղական ժամանակով ժամը 15:00-ին, Մոսկվայում ՀՀ դեսպանության մոտ տեղի կունենա ակցիա՝ ի համերաշխություն Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի շարժման, հաղորդում է Հայ-ռուսական տեղեկատվական կենտրոնը:

Մոսկվայում կայանալիք ակցիայի կազմակերպիչների ֆեյսբուքյան էջում ասված է, որ այն կրելու է բացառապես խաղաղ բնույթ:

«Մենք չենք պատրաստվում խախտել Մոսկվայի հասարակական կարգը, մեր ակցիայի ընթացքում նստացույցեր և զանգվածային անկարգություններ թույլ չենք տա: Խնդրում ենք Մոսկվայի իշխանություններին և բնակիչներին ըմբռնումով մոտենալ մեզ և հայցում ենք նրանց ներողամտությունը հնարավոր անհարմար պահերի համար: Մեր ակցիայի նպատակն է՝ մեր դժգոհությունը հայտնել Հայաստանի Հանրապետության իշխանությունների գործողությունների առթիվ՝ դեսպանության աշխատակիցներին նամակ հանձնելու միջոցով»,- ասված է ակցիայի կազմակերպիչների հայտարարության մեջ:

***

Էլեկտրաէներգիան թանկացնելու որոշման մասին

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հունիսի 17-ին միաձայն որոշում կայացրեց բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը: Ըստ որոշման՝ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը գործող 41.85 դրամ/կՎտժ-ից կդառնա 48.78 դրամ, գիշերայինը՝ 31.85 դրամից` 38.78 դրամ:  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ՀԾԿՀ-ին հայտ էր ներկայացրել էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու վերաբերյալ:

Բողոքի ցույցերի մասին

Ուրբաթ՝ հունիսի 19-ի երեկոյան, Ազատության հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնությունը հանրահավաք հրավիրեց, որը արդյունքում վերածվեց նստացույցի: Ցուցարարները վերջնագիր ներկայացրին իշխանություններին՝ մինչև երկուշաբթի երեկոյան չեղարկել էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը: Երկուշաբթի՝ հունիսի 22-ի երեկոյան, ցուցարարները Ազատության հրապարակից երթով շարժվեցին դեպի նախագահական նստավայր: Բաղրամյան փողոցի սկզբնամասում նրանք հանդիպեցին ոստիկանական ամուր պատնեշի: Լուսադեմին ոստիկանությունը ուժի գործադրմամբ և ջրցան մեքենաներով ցրեց ցույցը՝ բերման ենթարկելով 237 քաղաքացու:

Հունիսի 23-ի երեկոյան Ազատության հրապարակում կրկին հավաքվեցին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիները: Երկար տատանումներից հետո նրանք կրկին շարժվեցին դեպի Բաղրամյան 26 և փողոցի սկզբնամասում նորից հանդիպեցին ոստիկանական պատնեշի:

Այս անգամ ոստիկանությունը խուսափեց ուժ կիրառելուց: Բռնությունը թույլ չտալու համար ոստիկանության և ցուցարարների միջև մարդկային պատ կազմելու եկան ԱԺ պատգամավորներ, մշակութային ու հանրային դեմքեր:

Հունիսի 23-ի լույս 24-ի գիշերվա ընթացքում որևէ բախում և միջադեպ չարձանագրվեց: Բողոքի ակցիան շարունակվում է մինչ օրս` կրելով խաղաղ բնույթ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում