Երեկ մի շարք պետական պաշտոնյաներ հայտարարեցին, որ ՀԷՑ-ին փոխհատուցելու 24 միլիարդ դրամը չկա ոչ մի տեղ` բացի 50 տոկոս աղքատություն ունեցող ՀՀ քաղաքացիների գրպանից: Երեկ և այսօր մի քանի հարցազրույցներում մատնանշվեցին որոշ գրպաններ, որտեղ կա ՀԷՑ-ին փոխհատուցելու 24 միլիարդը: Այդ 24 միլիարդը կա նաև հենց իր՝ ՀԷՑ-ի գրպանում, եթե այդ գրպանի մեջ մի քանի հազար ավելորդ ձեռք չլիներ: Եվ հետո, չէ՞ որ մեր պարտավորությունն է փոխհատուցել այդ 24 միլիարդը հաջորդ երկու տարիներին, ոչ թե մեկ տարում: Քանի որ ՀՀ Կառավարությունը երեկ հայտարարեց, որ բաց է ցանկացած քննարկման, ուզում եմ առաջարկել դիտարկել երկու հասարակ տարբերակ՝ ման գալու ՀԷՑ-ի 24 միլիարդը:
Լավ տարբերակը չի ներառում խնայողության այնպիսի հսկայական ռեսուրս, ինչպիսին են կորուստները և գողությունները, գնման սակագնի օպտիմիզացիան, անհուսալի դեբիտորական պարտքի հետ ճիշտ աշխատանքը և այլն: Այստեղ հաշվի է առնված միայն այն փաստը, որ մենք, համաձայն ՀԾԿՀ մեթոդոլոգիայի, պետք է այդ 24 միլիարդը փոխհատուցենք ոչ թե մեկ, այլ երկու տարում, ինչպես նաև ՀԷՑ-ի արդյունավետությունը հավասարեցնենք ռուսական մեկ այլ ընկերության՝ РОССЕТИ-ի արդյունավետությանը:
Ավելի լավ տարբերակում այդ փոխհատուցումը հանված է, քանի որ ՀԷՑ-ը դեռևս պետք է համալրի իր կապիտալը այն անարդյունավետ ներդրումների և շռայլության ծախսերի մասով, որոնց դիմաց վարկ է վերցրել և դեռ չի փոխհատուցել, կորուստների և գողությունների մակարդակը նորմավորվել է 8 տոկոսի չափով, որն այնուամենայնիվ շատ բարձր է, քան նորմալ երկրներում համադրելի կորուստները: Կատարվել են նաև որոշ շատ իրատեսական օպտիմիզացիաներ: Դրա արդյունքում էլեկտրաէներգիայի միջին սակագինը նվազել է մոտ 5 դրամով ներկա 41,85 դրամ/կՎտ ժամ սակագնի համեմատ:
Հարկ է նշել, որ այս վարժությունն իր մեջ չի ներառում էներգետիկայի ոլորտում հնարավոր բազմաթիվ օպտիմիզացիաներ և արդյունավետության բարձրացման հնարավորություններ, որոնց դեպքում սակագինը սրընթաց անկում կապրի՝ ապահովելով թե՛ բարձր եկամտաբերություն էներգետիկ ոլորտի բոլոր խաղացողների համար, թե՛ ավելի շատ էլեկտրաէներգիայի սպառում և տնտեսական աճ և թե՛ ցածր սակագին առանց այն էլ աղքատ ՀՀ քաղաքացիների համար:
| 2014-2015 հաստատված | 2015-2016 հաստատված | լավ տարբերակ | ավելի լավ տարբերակ | ||
| Էլեկտրաէներգիայի մուտք բաշխիչ ցանց | մլն կՎտ ժամ | 6306.3 | 6287.03 | 6287.03 | 6287.03 |
| Տեխնիկական և առևտրային կորուստներ | մլն կՎտ ժամ | 706.3 | 704.1 | 704.15 | 502.96 |
| Կորուստները ցանցի մուտքի նկատմամբ | % | 11.20% | 11.20% | 11.20% | 8.00% |
| Էլեկտրաէներգիայի ծախսը սեփական և տնտեսական կարիքների համար | մլն կՎտ ժամ | 28.08 | 28.5 | 28.08 | 25 |
| Օգտակար առաքում | մլն կՎտ ժամ | 5571.92 | 5554.39 | 5554.80 | 5759.07 |
| Վաճառքի մանրածախ միջին սակագին | դրամ/կՎտ ժամ | 31.29 | 36.7612 | 31.29 | 26.59 |
| Ընդամենը հասույթ, այդ թվում | մլն դրամ | 174358 | 204186.2 | 173809.77 | 153107.70 |
| Սակագնում ներառված ծախսեր և շահույթ այդ թվում | մլն դրամ | 55579.07 | 74491.99 | 44115.89 | 23406.27 |
| Մաշվածք | մլն դրամ | 3919.84 | 8179.8 | 3919.84 | 3919.84 |
| Շահագործման ծախսեր | մլն դրամ | 26879.42 | 26590.85 | 12915.57 | 11518.14 |
| Անհուսալի դեբիտորական պարտքեր | մլն դրամ | 1743.58 | 2041.86 | 1743.58 | 1743.58 |
| Շահույթ | մլն դրամ | 13640.9 | 14069.61 | 13640.90 | 13640.90 |
| Ճապոնական կառավարության կողմից տրամադրված վարկի սպասարկում | մլն դրամ | 196.53 | 182.11 | 182.11 | 182.11 |
| Փոխհատուցման ենթակա գումարի վերադարձ | մլն դրամ | 9199.07 | 23427.79 | 11713.90 | 0 |
| Մարժա | դրամ/կՎտ ժամ | 12.46 | 16.1324 | 10.66 | 5.96 |
| Գնման մեծածախ միջին սակագին | դրամ/կՎտ ժամ | 18.835 | 20.6288 | 20.63 | 20.63 |
| Գնված էլեկտրաէներգիայի արժեքը առանց ԱԱՀ | մլն դրամ | 118778.93 | 129694.2 | 129693.88 | 129701.43 |
Վահան Քերոբյան, տնտեսագետ
Civilnet











