Գլխավոր Լրահոս

Ֆիքսել հաղթանակը և պայքարը շարունակել մասնագիտական դաշտում. Վահան Քերոբյան

Ֆիքսել հաղթանակը և պայքարը շարունակել մասնագիտական դաշտում. Վահան Քերոբյան

Վահան Քերոբյան. «ՀԷՑ-ը մարդատար ավտոմեքենա է, որի բենզաբաքի վրա 1000 ծակ կա, վարորդն էլ քշել չգիտի...»:

Գործարար Վահան Քերոբյանը, որn այս օրերին ակտիվ հանդես է եկել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ և եղել Բաղրամյան պողոտայում, կարծում է, որ այժմ ժամանակն է ֆիքսել հաղթանակը փողոցում և պայքարը հետևողականորեն շարունակել մասնագիտական դաշտում:

‪«#‎electricyerevan hարցին մոտենամ որպես բիզնեսմեն:

Ի՞նչ տեղի ունեցավ, ըստ էության: Այն, ինչ մենք ուզում էինք՝ էլեկտրաէներգիայի համար որևէ մեկը ավելի մեծ գումար չի վճարելու: Սա հաղթանակ է: Այն, որ կառավարությունն է վճարելու՝ այնքան էլ ինձ չի հետաքրքրում, որովհետև ինչպես երկու օր առաջ միաբերան պնդում էին վարչապետն ու էներգետիկայի նախարարը՝ բյուջեում ազատ միջոց չկա:

Իսկ իրականում ես ուզում եմ մեջ բերել երեկ ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հայտարարությունից մի հատված՝ համաձայն որի ռուսները ՀՀ փոխվարչապետի, էներգետիկայի նախարարի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավարի հետ մանրամասնորեն դիտարկել են նախկին ժամանակաշրջանում այդ ընկերության գործունեության հետ կապված բոլոր հարցերը: Ամենակարևորը, ըստ նրա, նշվել է, որ կա հստակ ծրագիր կա՝ այդ ձեռնարկությունը ճգնաժամային վիճակից դուրս բերելու համար՝ որոշակի միջոցառումներով և դրանք իրականացնելու ժամանակացույցով, անհրաժեշտ միջոցներով: Սա նշանակում է, որ վճարում են ռուսները, ոչ թե մենք:

Ես կարծում եմ, որ անչափ խելամիտ կլիներ ֆիքսել հաղթանակը փողոցում և պայքարը հետևողականորեն շարունակել մասնագիտական դաշտում: Այդ դեպքում, ես պատրաստ եմ իմ խելքն ու գիտելիքները ներդնել հաջորդ փուլերում ևս: Պայքարը փողոցում շարունակելը, ըստ իս, նշանակում է, որ այն բոլոր հայտարարությունները, որ պայքարը քաղաքական չէ, սուտ էին: Այն նաև հղի է ամենաանցանկալի հետևանքներով, և ես դրան մաս չեմ կազմի»:

Այս գործողությունները բողոքի մեծ ալիք էին բարձրացրել Հայաստանում:

***

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է հրավիրել տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ:

«...մինչև [ՀԷՑ-ում աուդիտի] եզրակացության կազմումը այդ ընկերության կողմից կառավարությունը իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը: Անշու՛շտ, մենք ընթացող ծրագրերին կամ սոցիալական ծախսերին չենք դիպչի, այլ գումարներ կգտնենք անվտանգության հետագա ամրապնդման համար նախատեսվող միջոցներից»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նախօրեին Սերժ Սարգսյանը հանդիպել էր ՌԴ տրանսպորտի նախարար, Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի ռուսական համանախագահ Մաքսիմ Սոկոլովի հետ: Հանդիպման մասին նախագահականի տարածած հաղորդագրությունում երեք կարևոր լուր կար.

  1. Սերժ Սարգսյանն առաջարկում է ՀԷՑ-ում աուդիտ անցկացնել,2. Վալերի Պերմյակովի գործի վարույթը հանձնվում է ՀՀ քննչական կոմիտեին,3. Ռուսաստանը Հայաստանին 200 մլն դոլար վարկ է տրամադրում:
***

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հունիսի 17-ին միաձայն որոշում կայացրեց բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը: Ըստ որոշման՝ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը գործող 41.85 դրամ/կՎտժ-ից կդառնա 48.78 դրամ, գիշերայինը՝ 31.85 դրամից` 38.78 դրամ:  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ՀԾԿՀ-ին հայտ էր ներկայացրել էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու վերաբերյալ:

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հունիսի 18-ին Ազատության  հրապարակում հանրահավաքը վերածվեց նստացույցի, երկուշաբթի այն տեղափոխվեց Բաղրամյան պողոտա: Երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը ոստիկանությունը բռնի ուժով ցրեց հավաքը՝ բերման ենթարկելով 237 հոգու: Նույն օրը նրանք բոլորն ազատ արձակվեցին:

 

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում