Գլխավոր Լրահոս

Եթե մենք չգիտենք, թե ինչ է ուժ կիրառելը

Եթե մենք չգիտենք, թե ինչ է ուժ կիրառելը

Նախ մի հետաքրքիր և չարձանագրված դեպք Վլադիմիր Գասպարյանի կյանքից (պատմել է վկան): 1998-ի ամռանը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետը, նույն ինքը՝ ՀՀ գործող ոստիկանապետը, «շրջափակում» է Իջևանի զորամասերից մեկը և բոլոր զինվորներին «շարում է պլացում»: Բոլորի առջև դնում է մի ավել նրանց անհատապես «կոտրելու» համար: «Ըստեղ ուրիշ գող չկա, գողը ես եմ»,- զինվորների ներկայությամբ հայտարարում է պարոն Գասպարյանը (զգու՞մ եք Վանո Սիրադեղյանի անհանգստացնող անհատականության ուրվականը): Բայց «պլացի» պատրաստած անակնկալն ավելի մեծ է լինում: Բանն այն է, որ այդ զորամասում բազում են արդեն երկու «սրոկ» նստած զինվորները, որոնք մինչ այդ էլ մաքրում էին իրենց անկյունը: «Պլացում» կանգնած զինվորները վերցնում են իրենց բաժին ավելը, մի քանի անգամ քսում ասֆալտին ու դեն նետում: Ոչ ոք չի ծուլանում: Զինվորներին համարելով կոտրված, Վլադիմիր Գասպարյանը հանգիստ հեռանում է: Զինվորները հետո զվարճանալով ամփոփում են իրենց «նվաստացումը». «Վովան զինվորական մարդ է, նախկին մլիցա (երկու տարի առաջ ՆԳ փոխնախարար էր, նախարար Վանո Սիրադեղյանի տեղակալը-Մ. Ա.), ու չգիտի, որ զինվորին պլացում չեն կոտրում, զինվորին կոտրում են զուգարանում»:

Մինչև այսօր այս մարդը, թող թույլ տրվի ասել, «զինվոր է կոտրում»: Երեկ լրագրողներից մեկը նրան ասել է, որ հունիսի 23-ի լուսադեմին դուք ուժ եք կիրառել «Ոչ թալանին» շարժման մասնակիցների դեմ: Մարդը հակադարձել է. «Դուք դեռ չգիտեք՝ ինչ է ուժ կիրառելը»: Հասկացա՞ք: Այսինքն, ի՞նչ ենք արել որ: Նույն հաջողությամբ նա կարող էր ասել՝ դուք դեռ չգիտեք ինչ է 7 դրամը: Կամ՝ դուք ինձ լավ չեք ճանաչում: Բոլոր դեպքերում սա «զինվոր» կոտրելու սպառնալիք է՝ հեռավոր 1998-ի Իջևանի զորամասի «փայլուն» օպերացիայի երկրորդ կամ, ոստիկանապետի Աստվածը գիտի, թե որերորդ արարը: Իր արևին իր ներկայությունը միայն ուժի անոնս է, ցուցարարները դեռ իսկական ուժը չեն տեսել: Եվ պետք էլ չէ, որ տեսնեն:

Ցուցարարները մեկ օրվա ընթացքում պետք է պահանջեն և ստանան Վլադիմիր Գասպարյանի հրաժարականը, որպեսզի,- արդեն առանց բեմական սպառնալիքների թիկունքում թաքնված արյան ծարավին կուլ գնալու,-հասնեն Սերժ Սարգսյանի հեռացմանը: Գասպարյանը պետք է հեռանա առաջինը և մեկ օրվա ընթացքում: Նա պիտի իր պաշտոնը թողնի՝ տեսնելով, թե ինչպես է իր շեֆը մնում պաշտոնին: Թեկուզ մի քանի օր: Նա պիտի «վայելի» նաև իր ենթակայության տակ գտնվող Վալերի Օսիպյանի կամ «առաջին անհրաժեշտության մտքի» տիտան Երանոսյան Լևոնի «պետության կողմից պահպանված» մնալը, որպեսզի հասկանա երկրորդական լինելու առավելությունը խառը ժամանակներում: Սերժ Սարգսյանից «լավ» ոչ ոք դա չի «հասկացնի» նրան: Որովհետև, եթե մենք չգիտենք, թե ինչ է ուժ կիրառելը 2004-ի ապրիլի 12-ից կամ 2008-ի մարտի 1-ից հետո, ուրեմն կամ ինքը Հայաստանում չի եղել, կամ այդ երկու տարեթվերը հայաստանյան իրադարձություն չեն: Այսինքն, երկու դեպքում էլ այս մարդը մեր հետ ընդհանուր Հայրենիք չունի: Ինչ-որ շատ է վիրտուալ այս մարդու նվիրվածության հողը, որի վրա շոշափելի ցանկացած անհատ, եթե իրենից բարձրաստիճան չէ, սոսկ զոհ է: Այսինքն, Վլադիմիր Գասպարյանը՝ մի քանի հրաժարականի այս մսացուն, ակցիայի յուրաքանչյուր մասնակցի, նաև՝ գազանությունների ենթարկված լրագրողներին, ասում է, որ դուք անգրագետներ եք:

Փաստենք, որ անգրագետ ենք, որպեսզի հասկանանք, թե գրագետն ով է: Ուժ ասելով՝ այս մարդը նույնիսկ մարտի 1-ը չի հասկանում, քանի որ «դուք (այսինքն, մենք - Մ.Ա.) չգիտենք»: Ուրեմն, ինքը պետք է հրաժարական տա, որովհետև 10 հոգու հրապարակային սպանությունն անգամ ուժի ցուցադրություն չէ, ուժի իրական ցուցադրությունը դեռ առջևոմ է, քանի որ «դուք չգիտեք»: Հետևաբար, նա ավելի արյունոտ մի վակխանալիայի մասին հաղորդագրություն է «մարգարեանում», այսինքն, Բաղրամյան պողոտայի ակցիան արյան մեջ խեղդելը դեռևս ուժի ցուցադրություն չէ, ավելի սարսափելին կա: Հասկանու՞մ եք, ինչու չեն բացահայտում մարտի 1-ը: Որովհետև դա ցեղասպանություն չէ, 1,5 միլիոն զոհ չէ, դրա պահանջատերերին իր հետ ընդհանուր Հայրենիքում ինքը չի ընկալում, պահանջատերերն ընդհանրապես որևէ Հայրենիքի մասնիկ չեն:

Իսկ իրականում, ընկերներ,- և ես արդեն չեմ կատակում,- Վլադիմիր Գասպարյանն իրավունք ունի ծաղրելու Բաղրամյանի ակցիան, որովհետև ինքը ցուցարարի հարկերի հաշվին է ապրում, սպառնում է նրան ուժի ցուցադրությամբ, հետո առավոտյան այցելում է նրան, գոռում է՝ Վաղինակ (ակցիայի կազմակերպիչներից մեկն է - Մ.Ա.), աղբահանություն կազմակերպի (զգացի՞ք հեռավոր 1998-ի իջևանյան Շվարցենեգերի հեռու արձագանքը), ու Վաղինակը գլուխը կախ կիսախռպոտ ձայնով խոստանում է կազմակերպել: Ցուցարարը, իհարկե, պարտավոր չէ իմանալ, որ Վանո Սիրադեղյան դառնալու բարդույթներով փողոց դուրս եկած այս մարդն իրականում «տրիումֆների» մուրացիկությամբ է զբաղված (հիշու՞մ եք նրա «պատգամավո՞ր եք, թե գողական, արա» արտահայտությունը), և նրա հրապարակային ամեն խոսքը այն ակորդեոնն է, որը նվագելով խորհրդային ակորդեոնի դպրոցի հայկական դեմքերից ոմանք 90-ականների վերջին փող էին հավաքում Երևանի կենտրոնում: Արժանին մատուցենք Վլադիմիր Գասպարյանին՝ Աստծո այս զավակին, որին վերջին 18 տարում ոչ ոք չի ծեծել, նույնիսկ չի էլ սպառնացել, և արդյունքում ուժի մասին խոսելը դարձել է տղամարդ լինելու «պետական» հանգրվան:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում