9:25
Ցուցարարներն ասում են, որ պատրաստ են զիջել աղբամանները, եթե ոստիկանությունը հեռացնի իր տեխնիկան:
9:15
Երևանի աղբահանությամբ զբաղվող Sanitek ընկերության բեռնատարներն այժմ Բաղրամյան պողոտայում են` վերադարձնելու աղբամանները: Ցուցարարները փորձում են խոչընդոտել:
9:05
Ոստիկանությունը հայտարարեց, որ գույքի առգրավման աշխատանքներ կիրականացնի Բաղրամյան պողոտայում, մասնավորապես` կառգրավվեն որպես բարիկադ ծառայող աղբամանները: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ուրիշի գույքի դիտավորյալ ոչնչացում, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի վնաս). քննիչի կողմից որոշում է կայացվել առգրավել Sanitek ընկերությանը պատկանող և տվյալ պահին Բաղրամյան պողոտայում գտնվող աղբամանները:
8:10
Կրկին Բաղրամյան պողոտա է ժամանել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
7:15
Բաղրամյան պողոտայում քաղաքացիների բողոքի ակցիան շարունակվում է: Գիշերն անցավ առանց միջադեպերի: Մարդկանց թիվը փոքր է` համեմատ գիշերվա:
ՍիվիլՆեթը հունիսի 28-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի շարունակվող ցույցը ներկայացնում է հակադարձ ժամանակագրությամբ: Ցույցերը կարող եք դիտել նաև ՈՒՂԻՂ տեսահեռարձակմամբ:
2:30
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը արտահայտվել է երևանյան իրադարձությունների վերաբերյալ:
«Այս իրավիճակում լուռ մնալը ճիշտ չենք համարում: Մտահոգ ենք: Մտահոգ ենք, որովհետև մեր հայրենիքի հզորացումը, մեր միասնականության ամրապնդումը, մեր ազգային պահանջատիրությանը նոր խայծ, նոր թափ տալու համազգային պահանջը մեր ժողովրդի համար պետք է դառնա համազգային մտահոգություն: Հայաստանը միայն հող չէ, Հայաստանը նաև ու մանավանդ ժողովուրդ է իր պետականությամբ: Մեր սպասումն է, որ մեր ժողովրդի ղեկավարները Հայաստանում լսեն մեր ժողովրդին, կհետևեն մեր ժողովրդի սպասումներին, կարիքներին, պահանջներին: Միաժամանակ մեր սպասումն է, որ մեր ժողովուրդն էլ կլսի իր կողմից ընտրված պետականության պատասխանատուների մտահոգությունները, մոտեցումները»։
Արամ Ա-ն կոչ է արել, որպեսզի ժողովուրդն ու պետական իշխանության ներկայացուցիչները միասնաբար մտածեն ազգի, ժողովրդի ու պետության գերագույն շահերի մասին: «Հայրենիքի հզորացումը մեր ժողովրդի համար պետք է ամեն բանից վեր դիտարկվի: Ի՞նչ անել, ի՞նչպես անել, որպեսզի մեր հայրենիքի պետական հիքմերն ավելի հզորանան, մեր ժողովրդի կյանքն ավելի բարելավվի: Մենք բոլորս Սփյուռքում ևս պետք է այդ գիտակցությամբ առաջնորդվենք»,- ասել է նա։
00:25
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Թվիթերի իր էջում հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Մտահոգված ենք լարված իրավիճակով: Կոչ ենք անում բոլոր կողմերին դրսևորել խաղաղ, զուսպ պահվածք՝ ժողովրդավարական արժեքներին վայել #ElectricYerevan»:
23:50
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ «այսօր Բաղրամյան փողոցում հայտնվել են ուժեր, որոնց իրական նպատակը ոչ թե էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հարցն է, այլ երկրում անկայունության ստեղծումն ու մեր քաղաքացիներին բախումների մղելը»: Ստորև ներկայացվում է նրա հայտարարությունն ամբողջությամբ`
Այսօր Բաղրամյան փողոցում հայտնվել են ուժեր, որոնց իրական նպատակը ոչ թե էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հարցն է, այլ երկրում անկայունության ստեղծումն ու մեր քաղաքացիներին բախումների մղելը:
Վերջիններս առաջին պլան են մղել ոչ թե հարցի սոցիալական կամ տնտեսական բաղադրիչը, այլ անհասկանալի ու անհեռատես քաղաքական նկրտումներ:
Այսպիսի եզրակացության կարելի է գալ հենց միայն այն պատճառով, որ մեկ օր առաջ նախագահ Սերժ Սարգսյանը մանրամասն ներկայացրեց ոչ միայն էներգետիկ համակարգում առկա իրավիճակը, սակագների բարձրացման հիմնավորումները, այլ հայտարարեց, որ սակագնի բարձրացման որոշումը ևս կենթարկվի միջազգային աուդիտի, իսկ մինչ այդ կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ողջ բեռը:
Մենք պատրաստակամություն ենք հայտնել այս ողջ գործընթացին ներգրավվել փորձագիտական հանրության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:
Այս իրավիճակում անհասկանալի է դառնում ցուցարարների՝ Բաղրամյան պողոտան անօրինական ձևով փակ պահելու որոշումը, մանավանդ, որ ակցիայի նախաձեռնող խումբը հայտարարեց, որ ակցիան շարունակելու են Ազատության հրապարակում:
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները, ստանալով իրենց կողմից բարձրացված հարցի դրական լուծումը, իրավագիտակցության բարձր որակներ դրսևորեցին, որը բխում է և հասարակության և պետության շահերից:
Վերջիններիս այդ որոշումը հաստատեց այն լավատեսական պնդումը, որ մեր երկրում իսկապես լավ սերունդ է մեծանում, երիտասարդներ, ովքեր զգում են իրենց քայլերի պատասխանատվությունը:
Վերահաստատելով իշխանությունների պատրաստակամությունը՝ երկխոսության և համատեղ աշխատանքի միջոցով խնդիրների լուծմանը հասնելու հարցում, ևս մեկ անգամ կոչ եմ անում Բաղրամյան փողոցում բողոքի ակցիան շարունակող մեր համաքաղաքացիներին՝ զերծ մնալ հակասահմանադրական գործողություններից և չսրել իրավիճակը:
Միաժամանակ անթույլատրելի եմ համարում ոստիկանության հանդեպ ցանկացած սադրանք. նրանք ծառայում են մեր երկրին ու ժողովրդին և արժանի են ամենամեծ հարգանքի:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կրկին Բաղրամյան պողոտայում է: Նա ցուցարարներից հեռու է` Սահմանադրական դատարանին հարակից մասում:
23:22
Վալերի Օսիպյանը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե արդեն 23-ն անց է, ինչ է պատրաստվում անել ոստիկանությունը, ասաց, որ ոստիկանությունը պարբերաբար խնդրում է, որ մարդիկ հանդարտվեն: «Առայժմ ոչ մի միջոցներ չենք ձեռնարկում»,- ասաց նա:
23:08
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ցուցարարներին զգուշացնում էր, որ չխախտեն համակեցության կանոնները: Այժմ նա ստուգում է աղբամանների պարունակությունը: Ավելի վաղ Օսիպյանը հայտարարել էր, որ ոստիկանությունն ունի հավաստի տեղեկություններ, թե ցուցարարներից ոմանց մոտ կան պայթուցիկ սարքեր:
23:03
Հայ ազգին ոչ ոք չի կարող ճնշել: Հաղթելու ենք. վանկարկում են ցուցարարները:
22:59
Այստեղից ոչ մի տեղ չենք գնալու. բարիկադների վրայից հայտարարեց ցուցարարներից մեկը: Մարդիկ սկսեցին վանկարկել` «Մենք ենք տերը մեր երկրի», «Ազատ, անկախ Հայաստան»:
22:42
Հանրության ճնշող մեծամասնությունը ճիշտ գտավ, որ պետք է մնա այստեղ, մարդիկ իրենց պահանջի տերն են: Եթե ոստիկանությունն ասում է, որ կան պայթուցիկ սարքեր, թող գտնի ու հեռացնի, ասաց Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը: Նա նաև նշեց, որ լրագրողներին, քաղաքացիներին ծեծի ենթարկածները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Բարսեղյանն ասաց նաև, որ Սերժ Սարգսյանը պետք է նախ չեղարկեր էլեկտրաէներգիայի թանկացման խայտառակ որոշումը, նոր հայտարարեր աուդիտի մասին:
22:20
Ոստիկանությունը կրկին հայտարարություն է տարածել, որում նշում է, որ «համաձայն «Հավաքների ազատության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի` ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը այն դեպքում, եթե այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց սահմանադրական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը»։
Հայտարարությունն ամբողջությամբ` ստորև.
Բաղրամյան պողոտայում շարունակվող ապօրինի հավաքի մասնակիցների և լրագրողների շրջանում մի շարք քաղաքացիներ, այդ թվում` պատգամավորներ բացատրական աշխատանքներ են տանում այն մասին, որ խաղաղ հավաքը ենթակա չէ դադարեցման, և ոստիկանությունը պարտավոր է աջակցել հավաքին:
Ոստիկանությունը մինչ այս պահը չի խոչընդոտել հավաքի իրականացմանը, մասնակիցների նկատմամբ ուժ չի գործադրել, հավաքի փաստացի կազմակերպիչներին վարչական պատասխանատվության չի ենթարկել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1801 հոդվածի 1-ին մասի հատկանիշով, շարունակել է պահպանել հասարակական կարգը, այդ թվում՝ հավաքի մասնակիցների անվտանգությունը: Այսինքն` կատարել է «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` խաղաղ հավաքին աջակցելու պարտականությունը:
Հայտարարում ենք, որ նշված պարտականությունը ունի իր կատարման սահմաննները և չի կարող կաշկանդել ոստիկանությանը` բոլոր այն դեպքերում, երբ ի հայտ են գալիս «Հավաքների ազատության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` հավաքը դադարեցնելու հիմքերը:
Համաձայն «Հավաքների ազատության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի` ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը այն դեպքում, եթե այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց սահմանադրական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը։
22:15
ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ նոր է վերադարձել Ստրասբուրգից և նոր է ծանոթանում իրավիճակին: Նա նշեց, որ իր խնդիրը, խմբակցության խնդիրն է լինել այստեղ` ժողովրդի կողքին` հնարավոր բախումները կանխելու համար:
22:10
Ստեղծված իրավիճակը արդյունք է իշխանությունների կողմից սանձազերծած քաղաքական արկածախնդրության: Սերժ Սարգսյանը նախաձեռնող խմբին դարձրեց Արթուր Բաղդասարյան. վերլուծաբան Արգիշտի Կիվիրյան:
22:05
Ոստիկանական ուժերը մի փոքր հետ են քաշվում: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասաց, որ դա մարտավարության փոփոխություն է: Քիչ առաջ նա նաև ասել էր, որ ոստիկանությունն ունի հավաստի տեղեկություններ, որ ցուցարարներից ոմանց մոտ կան պայթուցիկ սարքեր, և պատգամավորներին կոչ էր արել կանխել նման բաները ու հեռացնել նրանց:
22:00
ՍիվիլՆեթի լրագրողի փոխանցմամբ` կան ենթադրություններ, որ ոստիակնության կողմից հարձակում լինի Ֆրանսիայի հրապարակի կողմից:
21:55
Դերասան Հովհաննես Ազոյանը ցուցարարներին կոչ արեց անցնել բարիկադներից այն կողմ: «Նրանք, ովքեր կապ չունեն կենդանի պատի հետ, խնդրում եմ անցնեն բարիկադներից այն կողմ»,- ասաց նա:
21:50
Ցուցարարները Բաղրամյան պողոտայում երգում են ՀՀ պետական օրհներգը:
21:35
Դերասան Սերգեյ Դանիելյանն ասում է, որ ճիշտ կլինի` ցուցարարները բացեն Բաղրամյան պողոտան, և բոլորը հավաքվեն Ազատության հրապարակում, սակայն ոչ թե 10 հազարով, այլ 20, 30, 50 հազարով:
21:30
Աշխարհը գիտեր Արաբական գարուն, աշխարհը գիտեր Մայդան, հիմա իմացավ Բաղրամյան պողոտա. Գեղամ Վարդանյան, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի media.am կայքի պրոդյուսեր:
21:22
Լրագրող Թաթուլ Հակոբյանն ասաց, որ իրավիճակը ժամը 6-ից հետո կտրուկ փոխվել է: Նա չբացառեց ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը: «Ամեն ինչ կախված է իշխանությունների խոհեմությունից»,- ասաց Թաթուլ Հակոբյանը: Նա նաև նշեց, որ լավ կլիներ` Բաղրամյան պողոտայում լինեին նաև Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների անդամներ: Անդրադառնալով քահանայի հայտարարությանը` Հակոբյանն ասաց, որ «պետք չէ հոգևորականներին ներքաշել քաղաքականության մեջ»:
21:15
Ցուցարարներին դիմեց Հայ առաքելական եկեղեցու քահանան: Նա արտասանեց Տերունական աղոթքը, ապա քաղաքացիներին կոչ արեց լինել զգոն` ավելորդ խոչընդոտներ չառաջացնելու համար: «Համբերություն և խաղաղություն բոլորիս»,- ասաց նա:
21:07
Թեև պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ բուֆերային գոտում մնային միայն լրագրողներն ու կենդանի պատի մասնակիցները, ցուցարարներից շատերը շարունակում են մնալ այնտեղ և չեն անցնում բարիկադներից այն կողմ:
21:05
Եթե ոստիկանությունը բռնի ուժ կիրառի այժմ, ինչպես դա արվեց հունիսի 23-ին, դա կլինի հակաօրինական: Ոստիկանությունը բռնություն կիրառելու որևէ հիմք չունի. Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան:
21:00
Որոշվեց, որ ոստիկանների և ցուցարարների բարիկադների միջև ընկած բուֆերային գոտում մնան միայն լրագրողները և կենդանի պատի մասնակիցները, իսկ ցուցարարները կանցնեն իրենց բարիկադներից դուրս:
20:30
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը բարձրախոսով հայտարարում է, որ ցուցարարների գործողություններն անօրինական են: Անդրադառնում է նախագահի հայտարարությանն ու նախաձեռնող խմբի` Ազատության հրապարակ տեղափոխվելու կոչին: Հորդորում է անհապաղ ազատել Բաղրամյան պողոտան, հակառակ դեպքում, ոստիկանությունը կդիմի գործողությունների: Հորդորում է հավաքի վայրից հեռացնել կանանց, հղի կանանց, անչափահասներին:
20:28
Ցուցարարներ են ժողովվում նաև Ազատության հրապարակում:
20:26
Այս պահին կենդանի պատ է կազմվում Բաղրամյանում:
20:25
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը վիճում են օրենքի դրույթների շուրջ:
20:20
Ոստիկանությունը իր քայերը հիմնավորում է նրանով, որ ցուցարարների շարքերում կան «սադրիչներ ու խառնակիչներ»` ի դեմս «Հիմնադիր խորհրդարանի» անդամների:
20:18
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ընթերցում է «Հավաքների ազատության մասին» օրենքը, ըստ որի` ոստիկանությունը պետք է իրազեկի հավաքի անօրինականության մասին: Փաշինյանն ասում է` մեկ շաբաթ ոստիկանությունը չի արել հայտարարություն` հավաքի` անօրինական լինելու մասին: Բացի այդ` եթե այն խաղաղ է` ոստիկանությունը պետք է աջակցի հավաքին: «Ինչ է հիմա փոխվել»,- հարցադրում է անում Նիկոլ Փաշինյանը: Նա ասում է` բռնությունն անթույլատրելի է:
20:10
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ցուցարարներին տվեց մեկ ժամ ժամանակ` պողոտան ազատելու համար: Պատրաստականության են բերվել հատուկ ջոկատայինները:
20:06
Ոստիկանությունը դիմեց ցուցարարներին` ասելով, որ «մեկ շաբաթ անօրինական կերպով փակել են Բաղրամյանը»:
«Համակագող խումբը կոչ արեց ազատել պողոտան և գնալ Ազատության հրապարակ: Քաղաքացիներին կոչ ենք անում դադարեցնել անօրինական գործողությունները, հակառակ դեպքում ոստիկանությունը օրենքով նախատեսված միջոցներով կվերականգնի հասարակական կարգը` կիրառելով ֆիզիկական ուժ»,- ասաց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
19:50
Տարածքում շրջում է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
19:45
Երևանի փոխոստիկանապես Վալերի Օսիպյանն ասաց, որ միջոցներ ձեռք կառնի, որ ցրի Բաղրամյանում մնացողներին:
19:40
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում, «անօրինական» որակելով Բաղրամյան պողոտայում շարունակվող հավաքը, մասնավորապես, նշում է․ - «Հատկապես վերջին օրերին հավաքին ավելի ու ավելի հաճախ են մասնակցում անչափահասներ: Դեռահասների հետաքրքրասիրությունն ու պատանեկան արկածախնդրությունը հասկանալի են, սակայն ոչ մի դեպքում չի կարելի անտեսել հնարավոր վտանգները: Դեռահասը տարիքի բերումով չի կարող ադեկվատ գնահատել իրավիճակը, իրադրության փոփոխությունները, բազմության և իր գործողություններն ու դրանց հետևանքները: Ավելին, հնարավոր է լինեն չարամիտներ, որոնք օգտվելով ոչ ստանդարտ իրավիճակից, մարդկանց անկանոն շարժից կամ մթությունից, կարող են վնասել երեխաներին: Նման իրավիճակներում անչափահասների համար մտահոգվելը և բնական է, և անհրաժեշտ:
Մեկ անգամ ևս կոչ ենք անում ծնողներին. ուշադիր եղեք ձեր երեխաների հանդեպ, մի թողեք առանց հսկողության, մի թույլատրեք միայնակ մասնակցել հանրահավաքին: Իսկ հավաքի կազմակերպիչներին ու մասնակիցներին հորդորում ենք մշտապես տեսադաշտում պահել հավաքի գոտում հայտնված՝ ծնողների հսկողությունից դուրս մնացած դեռահասներին, հսկել նրանց պահվածքն ու տեղաշարժը և երեխաների հետ կապված կասկածելի իրավիճակներում ահապաղ դիմել ոստիկաններին»:
19:36
«Հասկացեք` սա խաղուպար չէ, սրա նման նախադեպ չի գրանցվել: Այստեղ մնալով, ծեծուջարդ ուտելով` արդյոք հասնելու ենք մեր ուզածին,- հարցադրում է անում Շուշանյանը: - Այստեղ մնալով մենք ֆիզիկապես պատրաստ չենք ջրցանի ու ծեծուջարդի, միայն զոռբայությամբ չէ»:
19:26
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը դիմում է հավաքվածներին: Անդրադառնում է վերջին օրերի պայքարի նախապատմությանը: Ասում է` շարժումը դատապարտում է այս թեմայով քաղաքական շահարկումները: Քննարկելով առաջարկները` նախաձեռնությունը հավատարիմ է իր հայտարարություններին: Նախաձեռնությունը առաջարկում է անցկացնել հանրային քննարկում, որի արդյունքում որոշողը կլինենք մենք բոլորս, և շարժումը կմիանա ժողովրդի որոշմանը, ասում է Շուշանյանը:
19:00
Մեր լրագրող Սարգիս Խանդանյանը Բաղրամյան պողոտայից փոխանցում է, որ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները դեռ որևէ հայտարարությամբ հանդես չեն եկել: Ցուցարարների շարքերում շրջում են մարդիկ, որոնք հորդորում են գնալ տներով:
18:57
Րաֆֆի Հովհաննիսյանն է եկել Բաղրամյան պողոտա: Նա բարևում և շփվում է ցուցարարների հետ:
17:45
ՍիվիլՆեթը սկսել է ուղիղ տեսահեռարձակումը: Ոստիկանների շարքերում կանգնած են նաև քաղաքացիական հագուստով տղամարդիկ են:
16:30
Հարյուրավոր երիտասարդներ օրերով անքուն անցկացրին կամ էլ քնեցին այսպես՝ Բաղրամյան պողոտայում: ՍիվիլՆեթը ի մի է բերել հետարքրիր լուսանկարները (Ֆոտոլուր):
16:00
Սուրեն Սահակյանն ու Աննա Դավթյանը ծանոթացել են տարեսկզբին` մեկ այլ ցույցի ժամանակ: Այսօր նրանք նշեցին իրենց հարսանիքը Բաղրամյան պողոտայում` նախատեսելով այնտեղ մնալ մինչև վերջնական հաղթանակ:
14:40
«Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպիչներից Գրիգոր Ղահրամանյանը հայտարարեց, որ շարժումը չի պառակտվել, կազմակերպիչ տղաները Բաղրամյան պողոտայում չեն, քանի-որ խորհրդակցում են տարբեր մասնագետների հետ։ Տղաները Բաղրամյան կգան ժամը 18:00-ին։
14:00
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Բաղրամյան պողոտայում շրջայցի ընթացքոմ ներկայացրեց ոստիկանության դիրքորոշումը հունիսի 28-ի դրությամբ։ Սերժ Սարգսյանի հայտարարությունը նա որակեց հաղթանակ և հայտարարեց, որ իրենք մտադիր են վերականգնել հասարակական կարգը 23։00-ին։ Օսիպյանն ասում է, որ քաղաքացիները ժամը 23:00-ից հետո պետք է ազատեն փողոցը՝ կարող են գնալ տուն, Ազատության հրապարակ կամ մեկ այլ հրապարակ:
13:48
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը քայլ առաջ է համարել Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ մինչև ՀԷՑ-ում աուդիտի եզրակացությունը կառավարությունն իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի թանկացման բեռը: «Ընդհանուր առմամբ, հարցը կարող ենք համարել լուծված, ուղղակի խնդիրը նրանում է, որ այսքան ժողովրդին չես կարող բացատրել, որ հարցը լուծված է, ու մենք փակուղու առաջ կանգնած կլինենք, եթե քայլերի չդիմենք: Այս ամենը հաղթանակ չեմ համարում, բայց պետք է հետագա գործողություններն անել թարմ ուղեղով»,- վստահ է նախաձեռնող խմբի անդամը: Ամեն դեպքում, նա հակված է կարծելու, որ հետագա քայլերը կորոշեն հունիսի 28-ին Բաղրամյան պողոտայում հավաքվողները. «Ինչ ժողովուրդն այս երեկո թարմ ուղեղով կորոշի, կշարժվենք նրա ասածով»,- Շուշանյանի խոսքը մեջբերում է Tert.am-ը` վկայակոչելով «Արմենպրեսին»:
13:42
Արագած գյուղի և հարակից գյուղերի երիտասարդները փակել են Վանաձոր-Երևան ավտոճանապարհը և պահանջում են չեղյալ հայտարարել էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը: Արագածի գյուղապետ Հենրիկ Հովհաննիսյանը ՍիվիլՆեթին տեղեկացրեց, որ քիչ հետո ճանապարհը կբացվի:
Ամփոփ
Հունիսի 27-ի երեկոյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն հրավիրեց տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ և հայտարարեց, որ համոզված է՝ սակագնի բարձրացումը չեղյալ հայտարարելը ծայրահեղ վտանգավոր է: «Ուստի, մինչև [ՀԷՑ-ում աուդիտի] եզրակացության կազմումը այդ ընկերության կողմից կառավարությունը իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը: Անշու՛շտ, մենք ընթացող ծրագրերին կամ սոցիալական ծախսերին չենք դիպչի, այլ գումարներ կգտնենք անվտանգության հետագա ամրապնդման համար նախատեսվող միջոցներից»:
Սարգսյանի հայտարարությունը երկվություն է մտցրել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող քաղաքացիների շրջանում: Հունիսի 28-ի հիմնական հարցը հետևյալն է՝ քաղաքացիները կշարունակե՞ն ցույցը Բաղրամյան պողոտայում, թե՞ դադար կվերցնեն մինչև աուդիտի եզրակացությունը:
Քաղաքագետ Արմեն Գրիգորյանը Սերժ Սարգսյանի ելույթը անհեթեթ է համարում: Նրա կարծիքով Սարգսյանը փաստացի քաղաքացիներին ասում է՝ «դուք չեք վճարի, դա կվճարենք մենք՝ ձեր փողերից»:
Գործարար Վահան Քերոբյանը, որն այս օրերին ակտիվ հանդես է եկել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ և եղել Բաղրամյան պողոտայում, ընդհակառակը, կարծում է, որ Սարգսյանի որոշումը քաղաքացիների հաղթանակն է: Նա ասում է, որ այժմ ժամանակն է ֆիքսել հաղթանակը փողոցում և պայքարը հետևողականորեն շարունակել մասնագիտական դաշտում: «Ի՞նչ տեղի ունեցավ, ըստ էության: Այն, ինչ մենք ուզում էինք՝ էլեկտրաէներգիայի համար որևէ մեկը ավելի մեծ գումար չի վճարելու: Սա հաղթանակ է: Այն, որ կառավարությունն է վճարելու՝ այնքան էլ ինձ չի հետաքրքրում, որովհետև ինչպես երկու օր առաջ միաբերան պնդում էին վարչապետն ու էներգետիկայի նախարարը՝ բյուջեում ազատ միջոց չկա:»
***
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հունիսի 17-ին միաձայն որոշում կայացրեց բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը: Ըստ որոշման՝ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը գործող 41.85 դրամ/կՎտժ-ից կդառնա 48.78 դրամ, գիշերայինը՝ 31.85 դրամից` 38.78 դրամ: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ՀԾԿՀ-ին հայտ էր ներկայացրել էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու վերաբերյալ:
Երևանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցերը մեկնարկեցին հունիսի 19-ին՝ Ազատության հրապարակում: Հունիսի 22-ին ցույցը տեղափոխվեց Բաղրամյան պողոտա: Հունիսի 23-ի լուսաբացին ոստիկանությունը ցրեց նստացույցը՝ բերման ենթարկելով և նույն օրը ազատ արձակելով 237 քաղաքացու:
ՍիվիլՆեթը տեքստային ուղիղ ռեժիմով լուսաբանել է զարգացումները հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին և 27-ին:
Էլեկտրաէներգիայի թանկացման թեմայով ՍիվիլՆեթի բոլոր նյութերը հասանելի են #ElectricYerevan հատուկ բաժնում:
Civilnet











