Գլխավոր Լրահոս

Բաղրամյանը ինքնակամ բացելու ժամանակը

Բաղրամյանը ինքնակամ բացելու ժամանակը
Երկու գիշեր անցկացրի Բաղրամյան պողոտայում՝ իմ մյուս լրագրող գործընկերների հետ հետևելով իրադարձությունների զարգացմանն ու լուսաբանելով դրանք անաչառ լրատվություն ակնկալող հայ հանրության համար: Առաջիկա գիշերը Բաղրամյանում իմ և իմ գործընկեր լրագրողների ներկայությունը իմաստ ունի այլ նպատակով՝ տեսախցիկները որոշ չափով զսպում են իշխանությունների սանձարձակությունը: Մյուս կողմից, ակնհայտ է, որ իշխանությունները հասկացել են իրականությունը՝ Բաղրամյանը մարում է, հետևաբար՝ իմաստ չունի մեկ անգամ ևս ջրել ու սթափեցնել նրանց կամ բռնություններ կիրառել, ինչպես հունիսի 23-ին: Ակնհայտ է, որ հայաստանցիները պատրաստ են 7 դրամ ավելի վճարել (ճիշտ է՝ անուղղակի, բյուջեի միջոցներից), բայց չպայքարել հերթական կեղեքման դեմ: Դրա ապացույցը դատարկվող Բաղրամյանն է: Դատարկվող Բաղրամյանը նաև հայտարարում է, որ հայաստանցիները պատրաստ են այլ կեղեքումների՝ հնարավոր նոր թանկացումների տեսքով: Իշխանությունների համար «Ոչ թալանին» նախաձեռնությունը լավ փորձարկում էր համապետական ընտրությունների՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ: Առաջին օրվանից այդ շարժումը վայելում էր (բացառությամբ վերջին երկու-երեք օրերի, երբ նախաձեռնության մի մասը հասկացավ, թե ինչ է կատարվում իր հետ և իր շուրջը և չցանկացավ մինչև վերջ խաղալ իշխանությունների գծած սցենարը ու փորձեց պահել Բաղրամյանը) իշխանությունների, իշխանական կուսակցությունների, լրատվամիջոցների անթաքույց համակրանքը: Այն ընդվզումը, որ հնարավոր է՝ արտահայտվեր սպասվող հանրաքվեի ընթացքում, այլևս գոլորշիացել է: Հայաստանցիները կորցրել են դիմադրողականության գրեթե բոլոր պաշարները: Հանրաքվեի ընթացքում հավանաբար 5000-ական դրամ ընտրակաշառք բաժանելու կարիք չի զգացվի: Այն կարելի է կեղծել առանց դրա: Հայաստանում անցկացվել է Սահմանադրության կամ այն փոփոխելու երեք հանրաքվե, որոնք, հայաստանցիների համար, ինչպես մյուս համապետական, առաջին հերթին՝ նախագահական ընտրությունները, ընկալվել են որպես կեղծված: Հայաստանի պատմության մեջ հավանաբար ամենից ճչացող կեղծիքները գրանցվել են 2005 թվականի աշնանը կայացած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում: Այդ ընտրությունը պատմության մեջ է մտել «ուրվականների հանրաքվե» անունով: Ընտրատեղամասերի գրեթե դատարկության պայմաններում պաշտոնապես հայտարարվեց, որ հանրաքվեին մասնակցել է ավելի քան 1.5 միլիոն մարդ, 93 տոկոսը կողմ է արտահայտվել սահմանադրական փոփոխություններին: Սերժ Սարգսյանը, ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, հավանաբար նման թվեր չի խփի, բայց որ այդ հանրաքվեն կընդունվի, և Սերժ Սարգսյանի ու նրա ընտանիքի իշխանությունը կերկարաձգվի անորոշ ժամանակով, կարծես անվիճելի է: Գուցե սա նոր փորձություն ու փորձանք է հայ ժողովրդի համար, բայց ուրվագծվող սցենարը հենց այդքան դաժան է երևում: «Ոչ թալանին» նախաձեռնությունը, այնուամենայնիվ, սովորելու դասեր թողեց: Հայաստանցիները տեսան, թե որքան վտանգավոր է գազազած ոստիկանապետը և որքան լավ է խաղում հայկական թատրոնի՝ իրեն վստահված դերը: Իրական վիրտուոզ: Եղան նաև ստորացվելու դեպքեր: Հայաստանցիները սեփական աչքով և ուղիղ եթերում տեսան, որ Արմեն Աշոտյանը, երբ Ֆեյսբուքում չէ կամ կանգնած չէ Սերժ Սարգսյանի կողքին և կամ էլ ՀՀԿ գրասենյակում չէ, ունակ է ստորանալ և հայհոյանքներ ճաշակել առնվազն տասը րոպե անընդմեջ: Աշոտյանը Բաղրամյանի այդ մղձավանջային գիշերը դեռ երկար կհիշի:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում