Գլխավոր Լրահոս

Լիբանանում Ցեղասպանությունը վերապրածների գերեզմանները քանդման վտանգի տակ են

Լիբանանում Ցեղասպանությունը վերապրածների գերեզմանները քանդման վտանգի տակ են

Պատմական «Թռչնաբույն» անվամբ հայտնի գերեզմանատունը, Բիբլոս, Լիբանան

Լիբանանի ծովափնյա Բիբլոս քաղաքում Հայոց ցեղասպանության վերապրածների շիրիմները տեղափոխվելու են, որպեսզի տեղում հյուրանոց կառուցվի, հաղորդում է լիբանանյան Beirutreport.com կայքը:Հոդվածը թարգմանաբար կրճատ ներկայացված է ստորև:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից շուրջ երկու ամիս անց ցեղասպանությունը վերապրածների հարազատները պայքար են մղում իրենց հարազատների աճյունների արտաշիրիմումը կանխելու համար: Արտաշիրիմումն արվում է Բիբլոսում հերթական ճոխ հյուրանոցային համալիրներից մեկի կառուցման համար:

Հունիսի 29-ի առավոտյան մի խումբ բանվորներ ոստիկանության ուղեկցությամբ եկել են պատմական գերեզմանատուն գերեզմանները քանդելու համար, սակայն վերջին պահին նրանց գործողությունները կանխվել են դատարանի որոշմամբ, որը կայացվել է վերապրածներից մեկի հարազատների հայցի հիման վրա: Վերջիններս դատարան հայց էին ներկայացրել մարտին, երբ հայտնի էր դարձել ծովափնյա այդ հատվածի մասնավորեցման նախագծի մասին, և դատավորը գործով հետաքննություն էր սկսել: Չնայած հետաքննություննը դեռ չի ավարտվել, հունիսի 29-ին գերեզմանները փորելու փորձ է արվել:

Վարդանը Ավագյանը, որը 1894թ. Թուրքիայից Լիբանան ներգաղթած և Ցեղասպանությունը վերապրած Հակոբ Ավագյանի ծոռն է, վերջին երկու ամիսներին ակտիվորեն ներգրավված է գործում: Նրա խոսքով՝ ինքը և իր ընտանիքի անդամները տեղական իշխանություններին տեղեկացրել են բանվորների՝գերեզմանատուն գալու մասին, փաստաբանի միջոցով կապվել են դատավորի հետ, որը փորման գործողությունները ժամանակավորապես դադարեցնելու որոշում է ընդունել մինչև հետաքննության ավարտը:

Մարտին հաղորդվել էր, որ հայկական եկեղեցին, որի հսկողության տակ է գտնվում գերեզմանատունը, ամենայն հավանականությամբ իր ծովափնյա սեփականությունը վարձակալության հանձնելու մասին պայմանագիր է կնքել ներդրողի հետ: Բացի այդ՝ առկա  է մտահոգություն, որ հենց եկեղեցու շենքը, որը Լիբանանում ամենահին հայկական եկեղեցիներից մեկն է, ևս կարող է օգտագործվել որպես սպա կենտրոն կամ ռեստորան ապագա հյուրանոցի համար, որը կապվում է Լիբանանի  հաղորդակցության նախկին նախարար Ժան-Լուի Կորդահի անվան հետ:

1900-ականներին «Թռչնաբույն» անվամբ հայտնի այս ափը հոլանդական միսիոներական որբատան և դպրոցի մի մասն էր, որը Ցեղասպանությունը վերապրած բազմաթիվ մարդկանց համար օթևան է եղել՝ ավելի ուշ դառնալով Լիբանանի ամենահին հայկական համայնքներից մեկի խարիսխը:

Ավագյանի խոսքով՝ գերեզմանատունը ներկայում հնությունների պետական վարչության իրավասության ներքո է և ընդամենը մի քանի մետր է հեռու Բիբլոսի պատմական՝ 10-հազարամյա նավահանգստից: Ավագյանը նշել է, որ դատավորը փորման աշխատանքների դադարեցման որոշում է կայացրել, քանի  որ վարչությունը դեռ պետք է հստակեցնի այս հարցում իր դիրքորոշումը:

Եկեղեցին հայտարարել է, որ աճյունները կամփոփվեն ափից բավական հեռու գտնվող նոր գերեզմանատանը, սակայն դա, ամենայն հավանականությամբ, կլինի եղբայրական գերեզման:

Գաղափարը, որ եկեղեցու շենքը կարող է  որպես կառույց օգտագործվել հյուրանոցի համար, հայ համայնքից շատերի դժգոհությունն  է առաջացրել, քանի որ նրանք հաճախ են գալիս եկեղեցի աղոթելու կամ ընտանեկան միջոցառումենրի համար: Բացի այդ՝ նրանց մի մասը հաճախել է նաև եկեղեցու մասը կազմող տարրական դպրոցը:

Բիբլոսի տարածքը Լիբանանի հանրությանը քիչ հասանելի ծոփանյա հատվածներից է: Այստեղ ափի երկարությամբ կառուցվել են մի քանի վիճելի համարվող հյուրանոցային համալիրներ, այդ թվում հայտնի՝ Edde Sands-ը, որտեղ  գները չափազանց հեռու են միջին լիբանանցու գրպանի պարունակությունից:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում