Գլխավոր Լրահոս

Հունիսի 30-ի զարգացումները՝ ուղիղ. թարմացվող

Հունիսի 30-ի զարգացումները՝ ուղիղ. թարմացվող

ՍիվիլՆեթը հունիսի 30-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի շարունակվող ցույցը ներկայացնում է հակադարձ ժամանակագրությամբ: Ցույցերը կարող եք դիտել նաև ՈՒՂԻՂ հեռարձակմամբ:

23:30

Բաղրամյան պողոտայում ձևավորվել է քաղաքացիների համակարգող նոր խումբ. կազմակերպվել են 10-հոգանոց խմբեր, որոնք համակարգելու են ցույցի հետ կապված տարբեր ոլորտներ:

20:25

Բաղրամյան պողոտայում երկու մարդ հացադուլ է հայտարարել:

19:15

Կարծում եմ, որ նման շարժումների ժամանակ պայմանական անորոշությունը բնական է: Հիմա մի հատված է, որ մարդիկ պետք է ինքնակազմակերպվեն: Համառությունը այստեղ կարևոր գրավականներից մեկն է: Այս շարժման, ժողովրդի միջից է, որ պետք է ձևավորրվի մի խումբ, որը պետք է լինի խորհուրդներ տվող: Ինձ թվում է` այս դիմակայությունը պետք է տևի այնքան, մինչև կատարվեն մարդկանց պահանջները: Իշխանությունը հասկացել է, որ մարդիկ այստեղից չեն հեռանա, ինչքան էլ ինքը սպառնա. Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյան:

16:40

Մենք մեր թիմով, համակարգող խմբով գնալու ենք Բաղրամյան, կանգնելու ենք ժողովրդի կողքին, մենք փորձելու ենք միասին լուծումներ գտնել. այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Արթուր Չիբուխչյանը:

Նա նշեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն իրենց չի բավարարել, և իրենց ոչ մի պահանջ լիարժեք չի կատարվել, ուստի իրենք շարունակելու են պայքարը` թե´ փողոցում, թե´ իրավական հարթության մեջ: «Մեր պայքարը ընդլայնելու ենք, մինչև հասնենք մեր նպատակին»,- ասաց Արթուր Չիբուխչյանը:

Նախաձեռնության համակարգող խմբի անդամ Սոֆյա Հովսեփյանն ասաց, որ Բաղրամյանում նստած վիճակը բավականին լճացած վիճակ էր, պետք էր այլ հարթակում արդեն պայքարը սկսել: «Միայն փողոց փակելով մենք արդյունքի չենք հասնելու»,- ասաց նա:

Համակարգող խմբի անդամ Արթուր Քոչարյանն էլ հավելեց, որ եթե «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունում աուդիտի անցկացումն իշխանությունների կողմից իմիտացիա լինի, եթե տեղի ունենա խաբեություն, իրենք կփակեն ոչ միայն Բաղրամյան պողոտան, այլև հնարավոր է` շատ այլ փողոցներ:

Այս պահին «Ոչ թալանին» նախաձեռնության խմբի ամդամները Բաղրամյան պողոտայում են և քննարկումներ են իրականացնում գիշերն այնտեղ անցկացրած ցուցարարների հետ:

14:50

Էլեկտրաէներգիայի սակագնի հավելյալ ծախսը կսուբսիդավորվի ոչ բյուջեի հաշվին. այս մասին, ինչպես հաղորդում է Tert.am-ը, հունիսի 30-ին լրագրողներին ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը` նշելով, որ հավելյալ կհայտարարվի, թե ինչ միջոցներով է սուբսիդավորումն արվելու:

Աբրահամյանն ասել է, որ հուլիս ամսվա մեջ հայտնի կլինի, թե ՀԷՑ-ում աուդիտը որ կազմակերպությունը կանցկացնի:

13:15

Բաղրամյան պողոտայի ցուցարարները որոշել են ամեն օր` 20:30-ին, հանրային քննարկումներ անցկացնել պողոտայում:

09:00

Բաղրամյան պողոտայում նստացույցը շարունակվում է սակավաթիվ մարդկանցով:

Ամփոփ

Հունիսի 27-ի երեկոյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն հրավիրեց տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ և հայտարարեց, որ համոզված է՝ սակագնի բարձրացումը չեղյալ հայտարարելը ծայրահեղ վտանգավոր է: «Ուստի, մինչև [ՀԷՑ-ում աուդիտի] եզրակացության կազմումը այդ ընկերության կողմից կառավարությունը իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը: Անշու՛շտ, մենք ընթացող ծրագրերին կամ սոցիալական ծախսերին չենք դիպչի, այլ գումարներ կգտնենք անվտանգության հետագա ամրապնդման համար նախատեսվող միջոցներից»:

Հունիսի 28-ի երեկոյան «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները հանդես եկան հայտարարությամբ` Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարներին կոչ անելով երթով շարժվել Ազատության հրապարակ և այնտեղ «կայացնել խելամիտ որոշումներ»: Ցուցարարների շատ քիչ մասը հետևեց կոչին, իսկ մեծ մասը բողոքը շարունակեց Բաղրամյան պողոտայում: Ոստիկանությունը հայտարարեց, որ միջոցներ ձեռք կառնի` ցրելու Բաղրամյան պողոտայում մնացողներին, սակայն որևէ գործողության չդիմեց:

Հունիսի 29-ին Բաղրամյան պողոտայում շարունակվեց քաղաքացիների բողոքի ակցիան, սակայն նախորդ օրերի համեմատ` մարդկանց թիվն ավելի փոքր էր: Զուգահեռ Ազատության հրապարակում մի քանի տասնյակ մարդկանց մասնակցությամբ տեղի էր «Ոչ թալանին» նախաձեռնության ակցիան, որի ընթացքում հայտարարվեց, որ նախաձեռնությունը դադարեցնում է Ազատության հրապարակում հայտարարված նստացույցը և հունիսի 30-ին կհրավիրի մամուլի ասուլիս` ներկայացնելու իր հետագա քայլերը:

***

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հունիսի 17-ին միաձայն որոշում կայացրեց բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը: Ըստ որոշման՝ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը գործող 41.85 դրամ/կՎտժ-ից կդառնա 48.78 դրամ, գիշերայինը՝ 31.85 դրամից` 38.78 դրամ:  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ՀԾԿՀ-ին հայտ էր ներկայացրել էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու վերաբերյալ:

Երևանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցերը մեկնարկեցին հունիսի 19-ին՝ Ազատության հրապարակում: Հունիսի 22-ին ցույցը տեղափոխվեց Բաղրամյան պողոտա: Հունիսի 23-ի լուսաբացին ոստիկանությունը ցրեց նստացույցը՝ բերման ենթարկելով և նույն օրը ազատ արձակելով 237 քաղաքացու:

ՍիվիլՆեթը տեքստային ուղիղ ռեժիմով լուսաբանել է զարգացումները  հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին և 27-ին, 28-ին և 29-ին:

Էլեկտրաէներգիայի թանկացման թեմայով ՍիվիլՆեթի բոլոր նյութերը հասանելի են #ElectricYerevan հատուկ բաժնում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում