Գլխավոր Լրահոս

Պուտինն ու Սարգսյանը Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը չեն քննարկել. Պեսկով

Պուտինն ու Սարգսյանը Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը չեն քննարկել. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 30-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում չեն քննարկել Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը, քանի որ դա ներհայաստանյան խնդիր է, իսկ քննարկումն իրականացվել է երկկողմ հարաբերությունների շուրջ: Ռուսական «Ռիա նովոստի» գործակալության հաղորդմամբ` այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ո´չ: Այսպես ասենք` էլեկտրաէներգիայի սակագինը ներհայաստանյան հարց է, որը, անկասկած, չի կարող քննարկվել Ռուսաստանի Դաշնության հետ»,- ասել է նա լրագրողներին` հավելելով. «Հիմնականում քննարկվել են երկկողմ հարաբերությունները»:

Պուտինը հունիսի 30-ին հեռախոսազրույց էր ունեցել Սերժ Սարգսյանի հետ և շնորհավորել էր ծննադյան օրվա առթիվ: Ինչպես հաղորդել էր Կրեմլի մամուլի ծառայությունը, երկու երկրների նախագահները «մտքեր են փոխանակել նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրացիոն գործընթացների զարգացման վերաբերյալ»:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ` հեռախոսազրույցի ընթացքում Սարգսյանն ու Պուտինն «անդրադարձել են նաև ռազմավարական դաշնակից պետությունների միջև հարաբերությունների խորացմանն ու բոլոր ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերին»:

***

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հունիսի 17-ին միաձայն որոշում կայացրեց բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը: Ըստ որոշման՝ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը գործող 41.85 դրամ/կՎտժ-ից կդառնա 48.78 դրամ, գիշերայինը՝ 31.85 դրամից` 38.78 դրամ:  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ՀԾԿՀ-ին հայտ էր ներկայացրել էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու վերաբերյալ:

Հունիսի 19-ին Երևանում` Ազատության հրապարակում, մեկնարկեցին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցերը: Հունիսի 22-ին ցույցը տեղափոխվեց Բաղրամյան պողոտա: Հունիսի 23-ի լուսաբացին ոստիկանությունը ցրեց նստացույցը՝ բերման ենթարկելով և նույն օրը ազատ արձակելով 237 քաղաքացու:

Հունիսի 24-ից քաղաքացիները Բաղրամյան պողոտայում նստացույց սկսեցին:

Հունիսի 26-ի երեկոյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ՀԷՑ-ում աուդիտ կանցկացվի: Հունիսի 27-ի երեկոյան Սերժ Սարգսյանը խորհրդակցություն հրավիրեց տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ և հայտարարեց, որ մինչև ՀԷՑ-ում աուդիտի եզրակացության կազմումը կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը` նշելով, որ ընթացող ծրագրերին կամ սոցիալական ծախսերին չեն դիպչի, այլ գումարներ կգտնեն անվտանգության հետագա ամրապնդման համար նախատեսվող միջոցներից:

Հունիսի 28-ի երեկոյան «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները հանդես եկան հայտարարությամբ` Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարներին կոչ անելով երթով շարժվել Ազատության հրապարակ և այնտեղ «կայացնել խելամիտ որոշումներ»: Ցուցարարների շատ քիչ մասը հետևեց կոչին, իսկ մեծ մասը բողոքը շարունակեց Բաղրամյան պողոտայում: Ոստիկանությունը հայտարարեց, որ միջոցներ ձեռք կառնի` ցրելու Բաղրամյան պողոտայում մնացողներին, սակայն որևէ գործողության չդիմեց:

Հունիսի 30-ին «Ոչ թալանին»-ը վերադարձավ Բաղրամյան պողոտա, սակայն ոչ որպես շարժումը համակարգող խումբ:

Բաղրամյան պողոտայում քաղաքացիների նստացույցը շարունակվում է մինչ օրս:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում