Ռուսաստանի Ուֆա քաղաքում անցկացվում ԲՐԻԿՍ, ԵԱՏՄ և Շանհայան համագործակցության կազմակերպության համատեղ գագաթաժողովին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է Հայաստան-Իրան երկաթուղու նախագծի մասին: Կարևորելով երկրների այս միավորումների շրջանակում իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման անհրաժեշտության մասին, Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանի դեպքում այդպիսի ծրագիր կարող է դառնալ Հայաստան-Իրան երկաթուղային ճանապարհի կառուցումը, որը Պարսից ծոցի միջոցով կապահովի ԵԱՏՄ երկրների ելքը դեպի Հնդկական օվկիանոս:
«Արդեն պատրաստ է տեխնիկական-տնտեսական հիմնավորումը, և ծրագիրը բաց է պետական-մասնավոր գործընկերության համար: Հուսով ենք, որ այստեղ ներկա երկրներից ընկերությունները հետաքրքրություն կդրսևորեն»,- ասել է Սարգսյանը՝ հույս հայտնելով, որ Իրանի ատոմային ծրագրի հետ կապված բանակցությունները հաջողությամբ կպսակվեն, ինչը կնպաստի ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության ու կայունության ամրապնդմանը, նոր հնարավորություններ կբացի տնտեսական համագործակցության համար: «Որպես բարեկամ Իրանի հարևան երկիր՝ Հայաստանն անկեղծորեն ցանկանում է դա»,- ասել է Սերժ Սարգսյանը:
***
Հայաստան-Իրան երկաթուղու նախագիծը Հայաստանի տարածքում ենթադրում է ավելի քան 300 կմ երկաթգծի կառուցում: Նախագծի իրականացման հավակնորդներից է Դուբայում գրանցված և Սինգապուրում ու Վիրջինյան կղզիներում ներկայացուցչություններ ունեցող «Ռասիա ՖԶԷ» ընկերությունը:
Անցյալ տարվա փետրվարին ընկերության ներկայացուցիչները Երևանում հայտարարել էին, որ Չինաստանի հաղորդակցության և շինարարության միջազգային ընկերության (CCCC International) կողմից պատրաստված տեխնիկատնտեսական հիմնավորման համաձայն՝ Գագարին-Ագարակ 304,7 կմ ընդհանուր երկարությամբ երկաթուղու կառուցման ներդրումները գնահատվել են 3,2 մլրդ դոլար։ Երկաթգիծը բաղկացած է լինելու 19,6 կմ ընդհանուր երկարությամբ 84 կամրջից և 102,4 կմ ընդհանուր երկարության ունեցող 60 թունելից։ Երկաթգծի 1 կմ-ի կառուցման միջին արժեքը կազմում է 10,5 մլն դոլար, ինչը, ըստ Բորկովսկիի, պայմանավորված է ինժեներական կառույցների բազմաքանակությամբ։ Երկաթգիծը պետք է անցնի նաև 2 թունելով, որոնց յուրաքանչյուրի երկարությունը 13 կմ է։
Civilnet











