Ծառուկյանը արծաթե խաչ է նվիրել Արամ Ա-ին և նրանից ստացել Բարձրբերդի Ավետարան:
Գագիկ Ծառուկյանը, ավելի ճիշտ նրա անունով կոչվող բարեգործական հիմնադրամը, կես միլիոն դոլար է հատկացրել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանն ու սիրիահայերի կարիքներին:
Լրագրող լինելու իրականությունը ինձ թույլ չի տալիս գրել «բրավո Ծառուկյան», սակայն այն, ինչ արեց հայտնի գործարարը, պետք է առնել լուսարձակի տակ:
Առաջին. Ծառուկյանն իր այս քայլով կործանարար հարված է հասցնում Սփյուռքում ամրապնդված, արդարացիորեն ամրապնդված այն համոզումին, որ Հայաստանին Սփյուռքը հետաքրքրում է որպես «կթու կով»:
Երկրորդ. Ծառուկյանը Հայաստան-Սփյուռք հարաբերություններում նոր, երկրորդ ճանապարհն է բացում: Մինչ այդ «երթևեկությունը» միայն մեկ ուղղությամբ էր, ընդ որում՝ անփոփոխ էր նաև կարգախոսը՝ «Սփյո՛ւռք, դու փողը տուր և մի էլ հարցրու, թե ինչպես ենք դրանով ծաղկեցնում Հայաստանը»: Ցավոք, ծաղկեցվում էին առանձին անհատներ, իսկ Սփյուռքին մնում էր տրտնջալ, թե հայրենքիում կաշառակերություն, կամ ավելի հասկանալի բառով՝ փտտածություն կա:
Երրորդ. Ծառուկյանի այս քայլը մարդկային է և մարդասիրական, քանի որ նա սիրիահայությանը օգնում է ամենածանր ժամանակներում:
Չորրորդ. Ծառուկյանի արարքում կա խորհրդանշական մեծ իմաստ՝ նա գումարը տրամադրում է Սփյուռքի «մայրաքաղաքին»՝ Բեյրութին և Սփյուռքի կենտրոնական և առանցքային կառույցին՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը:
Գագիկ Ծառուկյանի անվան առաջը կարելի է դնել տարբեր՝ դրական կամ բացասական ածականներ, կարելի է նրան քննադատել կամ գովաբանել, կարելի է ընդունելի կամ դատապարտելի համարել նրա քաղաքական, հատկապես վերջին շրջանի գործունեությունը: Սակայն այն ինչ նա արեց երեկ Անթիլիասում, կարող է լավագույն օրինակը ծառայել Հայաստան-Սփյուռք հարաբերություններում:
Ժամանակն է, որ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները դուրս բերվեն բաժակաճառերի, զգացականության, կեղծ և անպատասխանատու հայրենասիրության հոլովույթից:
Թաթուլ Հակոբյան











