Գլխավոր Լրահոս

Նաժի Նաաման. հայկական թեմայի արաբական հայացքը

Նաժի Նաաման. հայկական թեմայի արաբական հայացքը
Բեյրութից մի քանի տասնյակ կիլոմետր դեպի հյուսիս գտնվող Ջունի քաղաքը իմ՝ հաճախ Լիբանան այցելող հայաստանցուս համար եղել է ծով գնալու հարմար վայր: Միջերկրականի ջուրը և լողափը այստեղ համեմատաբար մաքուր է, քաղաքի բնակչությունը գերազանցապես արաբ քրիստոնյաներ են: Ջունին գողտրիկ բնակավայր է, որտեղ կողք կողքի ապրում են հինն ու նորը: Երկհարկանի, կղմինդրե տանիքներով ծածկված տների հարևանությամբ վեր են խոյանում բարձրահարկերը: Նեղ, բայց քայլելու հարմար փողոցների վրա բաց սրճարաններ են: Հուլիսի 21-ի շոգ ու խոնավ կեսօրին լիբանանահայ Գրիգոր Դաքեսյանի հետ Ջունի էինք գնում հանդիպելու մի մարդու, որին չէի ճանաչում, սակայն լսել էի, որ հայերի մասին գրքեր է հրատարակում: Այդ մարդու անունը Նաժի Նաաման է՝ գրող, հրատարակիչ և բազմազգ մշակույթը տարածող մտավորական: Հանդիպումից օրեր առաջ Դաքեսյանը ինձ նվիրել էր Նաամանի գրքերից մեկը՝ հավանաբար ամենից հատափորը՝ «Հարյուր ... և շարունակվում է ցեղասպանությունը»: 500 էջանոց այս գիրքը արաբերեն է, սակայն բովանդակությունը հասկանալի է, եթե անգամ արաբերեն տառ ու բառ չգիտես: Ընդարձակ առաջաբանից հետո Նաամանը գրքում ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին ոչ հայ նշանավոր գործիչների վկայություններն ու մեջբերումները: Եթե այդ գործիչը ֆրանսիացի է, ապա մեջբերումը արված է ֆրանսերենով, իսկ հետո տրված է արաբերեն թարգմանությունը: Հատորում առաջինը հանդիպում է Միացյալ Նահանգների գործող նախագահ Բարաք Օբաման: Նրանից ներկայացվել է մի քանի մեջբերում, այդ թվում, երբ Օբաման սենատոր էր: Գրքում ներառվել են հարյուրավոր հանրաճանաչ մարդիկ, որոնց շարքում Ժորժ Կլեմանսոն, Յասեր Արաֆաթը, Գամալ Աբդել-Նասերը, Ռոնալդ Ռեյգանը, Ջեմալ փաշան ու նրա թոռ Հասան Ջեմալը, Վալերի Բրյուսովը, Նիկոլյա Սարկոզին, Օրհան Փամուկը, Թաներ Աքչամը, Հռոմի պապ Հովհաննես-Պողոս Երկրորդը, Մարիա Ջակոբսենը՝ «Մամա»-ն, Արմին Վագները և այլ նշանավոր անուններ: Այս գիրքը հանրամատչելի է և ունի հանրագիտարանային նշանակություն, քանի որ ամփոփում է Հայոց ցեղասպանության մասին ոչ հայ նշանավոր գործիչների գրեթե բոլոր վկայությունները: 100-ամյակի տարում լույս տեսած այս հատորը՝ «Հարյուր...և շարունակվում է ցեղասպանությունը», կարևոր ներդրում է Հայոց Մեծ եղեռնի մասին արաբական աշխարհին՝ նոր սերնդին, իրազեկելու տեսանկյունից: Նաժի Նաամանը հայության և հայկական աշխարհի մասին նախկինում այլ գրքեր էլ է հրատարակել, այդ թվում՝ Գևորգ ծայրագույն վարդապետ Եղիայանի «Օրեր և տեսիլներ», Իգնատիոս Մալոյանի «Մարդը, նահատակը և երանելին», «Քրիստոնեաները արևելքի թթխմորն ու գինին» հատորները: Նաամանի՝ ճաշակով ձևավորած գրասենյակը Հայ կաթոլիկ եկեղեցու՝ Զմմառի միաբանությանը պատկանող շենքերից մեկի երկրորդ հարկում է: Նրա հետ կարճ զրույցից հետո համոզվում ես, որ այս մարդը ծնվել է գրքեր հրատարակելու և դրանք անվճար բաժանելու, ժողովուրդների մշակույթը տարածելու համար: Նրա ստեղծած ոչ կառավարական կազմակերպությունը, որ շահույթ չի հետապնդում, կրում է «Նաժի Նաամանի անվճար մշակույթի հիմնադրամ» անունը: Նաամանի նշանաբաներից է՝ «Մշակույթը չի կարող գնվել կամ վաճառվել», կամ՝ «Ազատ և բաց մշակույթը խաղաղություն է կերտում»: Դեպի Միջերկրականը նայող գրասենյակի սենյակներից մեկը Նաամանը նվիրել է ծնողներին: Նրա հայրը եղել է բանաստեղծ, թարգմանիչ, իսկ մայրը` գրականության գիտակ: Մեկ այլ սենյակ հատկացվել է այն գրողներին ու հեղինակներին, ովքեր Նաամանին են փոխանցում իրենց հրատարակած բոլոր գրքերը՝ ամբողջական հավաքածուն: Գրասենյակի ամենամեծ հատվածում՝ ընդունարանում, կազմակերպվում են շաբաթական քննարկումներ, որոնց հրավիրվում և մասնակցում են գրողներ, հրատարակիչներ, դիվանագետներ, դասախոսներ, լրագրողներ, արվեստի և մշակույթի գործիչներ: «Չորեքշաբթի» անունը կրող այս բաց երկխոսության ընթացքում ծնվում են նոր գաղափարներ ու մտահաղացումներ: Նաամանը հեղինակել և հրատարակել է տասնյակ անուն հատորներ բազմաթիվ լեզուներով, այդ թվում՝ հայերեն: Նա հրատարակում է գրքեր նշանավոր մարդկանց, հանրաճանաչ հասարակական և մշակութային գործիչների մասին, արաբական գրականություն, բառարաններ: Այդ հատորները նա անվճար տրամադրում է բոլոր նրանց, ովքեր հետարքրված են: Նրա գրասենյակի մուտքի մոտ դրված է մի գրադարակ, որտեղից կարող ես վերցնել գրքերը՝ առանց հարցնելու և մտնելու է «Նաժի Նաամանի անվճար մշակույթի հիմնադրամ»-ի գրասենյակ: 2013թ. Նաամանը նախաձեռնել է «Գրողների թանգարան-մատնադրոշմ» ծրագիրը, որի էությունը հետևյալն է. աշխարհի ցանկացած գրող կարող է Ա 4 ձևաչափի թղթի վրա իր ձեռագրով գրել իր ստեղծագործություններից մի փոքրիկ հատված, դրա տակ դնել իր մատնադրոշմը ու ուղարկել Նաամանի հիմնադրամ: Նաժի Նաամանը, ով փոքր տարիքից շփվել է հայերի հետ, երբեք Հայաստանում չի եղել: Մեր զրույցի ընթացքում նա ասաց, որ այս աշուն պատրաստվում է գալ, տեսնել և զգալ քրիստոնյա Հայաստանը: Ես և Գրիգոր Դաքեսյանը Նաժի Նաամանին հրաժեշտ տվեցինք կրկին հանդիպելու պայմանավորվածությամբ՝ Հայաստանում կամ Լիբանանում: Նա մեզ նվիրեց իր հրատարակած հատորներով երեք տրցակ: Այս գրքերից մեկը՝ «Հարյուր ... և շարունակվում է ցեղասպանությունը» հատորը, այսօր իմ գրասեղանին է և տեղ է զբաղեցնելու իմ անձնական գրադարանում: Թաթուլ Հակոբյան Ջունի, Լիբանան
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում