Գլխավոր Լրահոս

Ռիո դե Ժանեյրոյի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման պատմությունը

Ռիո դե Ժանեյրոյի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման պատմությունը
Պարանայից, Սեարայի և Սան Պաոլոյից հետո Ռիո դե Ժանեյրոն Բրազիլիայի չորրորդ նահանգն է, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Արգենտինական Agencia Prensa Armenia թերթը ներկայացրել է Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո նահանգում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիաշատակի օր դարձնելու պատմությունը: Հուլիսի 21-ին Ռիո դե Ժանեյրոյի նահանգապետ Լուիս Ֆեռնանդո Պեսաոյի (Luiz Fernando Pezão) ստորագրումից հետո ուժի մեջ մտավ  7046/2015 օրենքը, որը ներկայացվել էր պատգամավոր, Ռիո դե Ժանեյրոյի խորհրդարանի նախագահ Խորխե Պիսիանիի (Jorge Picciani) կողմից: Օրենքը Ռիո դե Ժանեյրոյի պաշտոնական օրացույցում ապրիլի 24-ը սահմանում է «Հայոց ցեղասպանության ճանաչման և զոհերի հիշատակման օր»: Ռիո դե Ժանեյրոն Բրազիլիայի չորրորդ նահանգն է, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը՝ Պարանա, Սեարա և Սան Պաոլո նահանգներից հետո: Ամիսներ առաջ Բրազիլիայի Սենատն իր համերաշխությունը հայտնեց հայ ժողովրդին` մարդկության դեմ կատարված հանցագործության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Բրազիլիայի Հայ դատի գրասենյակի Քաղաքականության և միջազգային հարաբերությունների հարցերով տնօրեն Ջեյմս Օնիկ Թամջյանը Agencia Prensa Armenia-ին ասել է, որ Սան Պաոլոյի և Օզասկոյի հայ համայնքները միշտ առանցքային դեր են խաղացել տեղական իշխանությունների` հայկական պահանջատիրության օգտին հայտարարություններ անելու հարցում: «Սան Պաոլո նահանգի մյուս հայկական համայնքներում, օրինակ` Սան Ժոզե դու Ռիու Պրետուում, տեղական օրենդրություններում կան համերաշխության հայտարարություններ հայ ժողովրդի հետ: Հայ ընտանիքների ներկայությունը մյուս նահանգներում, ինչպիսիք են Սեարան ու Պարանան, ևս կարևոր դեր են խաղացել, որ քաղաքական առաջնորդները միանան մեր դատին»,- ասել է Թամջյանը՝ խոսելով Բրազիլիայի Դաշնային սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: «Ռիո դե Ժանեյրոյի դեպքում նախաձեռնությունը եկավ Ֆրենսիս Պողոսյանի (Francis Bogossian) կողմից (Ճարտարագիտական ակումբ), ով Ցեղասպանությունը վերապրած Հակոբ Պողոսյանի որդին է: Հակոբ Պողոսյանն այդ քաղաքի հայ համայնքի ակտիվ անդամ է եղել, քաղաք, որը տասնամյակներ շարունակ պայքարել է Հայոց պատմության պահպանման համար»,- ավելացրել է նա: Ճարտարագիտական ակումբը (Clube de Engenharia) հիմնադրվել է 1880թ. և այժմ աշխատում է որպես հետազոտական կենտրոն: Մայիսի 22-ին Ֆրենսիս Պողոսյանը պաշտոնական նամակ էր ուղարկել արտաքին գործերի նախարար Մաուրո Լուիս Վիեյրային, փոխանցելով հայկական հարցի աջակցման վերաբերյալ ակումբի խորհրդի դիրքորոշումը` կոչ անելով Բրազիլիային պաշտոնապես ճանաչել հայ ժողովրդի սպանդը որպես ցեղասպանություն: Պատգամավոր Խորխե Պիսիանին հունվարին ներկայացրեց նախագիծը, որը հավանության արժանացավ  նախորդ շաբաթ: Պիսիանիի բանաձևում նշվում է. «1915 թ. ապրիլի 24-ին տասնյակ հայ մտավորականներ ձերբակալվեցին ու սպանվեցին Ստամբուլում: Կոտորածի  նպատակն էր ոչնչացնել հայ ժողովրդին: Այն ուղեկցվեց դաժանություններով ու հարկադիր տեղահանումներով, որոնք հաճախ մահվան էին հանգեցնում»: «Ավելի քան քսան երկիր ճանաչել է հայոց ցեղասպանությունը, սակայն թուրքական կառավարությունը հերքում է, որ մահերը դիտավորյալ էին»,- եզրափակում է բանաձևը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում