Գլխավոր Լրահոս

Համահայկական խաղեր. ինչպե՞ս կյանքի կոչվեց այս տոնը

Համահայկական խաղեր. ինչպե՞ս կյանքի կոչվեց այս տոնը

1999թ. օգոստոսին Համահայկական առաջին խաղերի կրակը Գառնիի հեթանոսական տաճարից փոխանցավազքերով հասցվեց Երևանի Հրազդան մարզադաշտ, որտեղ օլիմպիական խաղերի չեմպիոն, օղակների արքա Ալբերտ Ազարյանը բոցավառեց խաղերի ջահը: Այսպես, Համահայկական առաջին խաղերի սկիզբը դրվեց:

Մտահաղացումը ծնվել էր ավելի վաղ՝ դեռ Խորհրդային Միության վերջին տարիներին, երբ Հայաստանի և Սփյուռքի միջև կապն ընդլայնվել էր:

1990թ. հոկտեմբերին Երևանում Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում կայացած խորհրդակցությունը որոշեց 1992թ. հուլիսի 15-30-ը Երևանում անցկացնել Համահայկական Նավասարդյան մարզական առաջին խաղերը չորս մարզաձևերից՝ ֆուտբոլ, բասկետբոլ, սեղանի թենիս, շախմատ:

Մեկ ամիս անց Հայաստանի կառավարությունը փոխվարչապետ Կտրիճ Սարդարյանի ստորագրությամբ իր համաձայնությունը տվեց, սակայն այդ խաղերը այդպես էլ չանցկացվեցին, քանի որ Հայաստանն ու Արցախը ներքաշվեցին արյունալի պատերազմի մեջ:

Արցախյան զինադադարից հետո Համահայկական խաղեր անցկացնելու մտահաղացումը կրկին բերվեց օրակարգ:

1994թ. Հայաստանի արտգործնախարարությունում ստեղծվեց նախաձեռնող խումբ, իսկ 1997-ի ապրիլին տեղի ունեցած հայկական մարզական կազմակերպությունների համաժողովում համաձայնություն ձեռք բերվեց ստեղծել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե, որի նախագահ ընտրվեց արտգործնախարարության դիվանագետներից Աշոտ Մելիք-Շահնազարյանը:

Հայաստանի կառավարությունը վարչապետ Վազգեն Սարգսյանի ստորագրությամբ որոշում կայացրեց 1999թ. օգոստոսի 28-ից սեպտեմբերի 5-ը Երևանում անցկացնել Համահայկական առաջին խաղերը:

Դրանց անցկացմանն աջակցելու նպատակով 1999թ. Միջազգային օլիմպիական կոմիտեն «Սպորտը բոլորի համար» ծրագրի շրջանակներում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին հատկացրեց ֆինանսական օժանդակություն, իսկ ՄՕԿ-ի նախագահ Խուան Անտոնիո Սամարանչը ողջույնի հեռագիր հղեց Հայաստանի նախագահին:

Համահայկական առաջին խաղերը տեղի ունեցան 1999-ի օգոստոսի 28-ից սեպտեմբերի 5-ը՝ Երևանում: Մասնակցում էին 23 երկրների 63 քաղաքների ավելի քան 1100 մարզիկ-մարզուհիներ: Խաղերի աշխարհագրությունը և մարզաձևերի քանակը տարեցտարի ընդլայնվեց: Համահայկական վեցերորդ խաղերին մասնակցում են ավելի քան 6000 մարզիկ-մարզուհիներ, որոնք մրցում են 17 մարզաձևերում:

Առաջին երեք խաղերը անցկացվել են երկու տարին մեկ, չորրորդ խաղերից դրանք անցկացվում են չորս տարին մեկ: 2014թ. փետրվարի 24-ից մարտի 2-ը առաջին անգամ տեղի ունեցան Համահայկական ձմեռային խաղեր Երևան և Ծաղկաձոր քաղաքներում, որին մասնակցում էին 11 երկրների 22 քաղաքների շուրջ 400 մարզիկ-մարզուհիներ, որոնք մրցում էին ձմեռային 4 մարզաձևերում:

Համահայկական վեցերորդ խաղերը

Համահայկական վեցերորդ խաղերը, որոնք կրում են «Միասնություն սպորտով» կարգախոսը, կտևեն օգոստոսի 2-ից 13-ը: Խաղերի պատմության մեջ առաջին անգամ Երևանից բացի մրցումներն անցկացվում են Ստեփանակերտում, Գյումրիում, Վանաձորում, Աբովյանում, Արտաշատում: Սա, անկասկած, ուշացած, բայց արդար որոշում էր:

Վեցերորդ խաղերին առաջին անգամ մասնակցելու են Թուրքիայի Դիարբեքիր և Դերսիմ քաղաքների հայկական թիմերը՝ «ծպտյալ հայերը»: Նախորդ խաղերին մասնակցել են Պոլիս և Սասուն քաղաքների թիմերը:

Ի դեպ, աշխարհի և Հայաստանի բազմաթիվ քաղաքների շարքում Համահայկական վեցերորդ խաղերի ջահը վառվել է նաև Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում:

Համահայկական խաղերը, անկասկած, հաջողված նախագիծ է առաջին հերթին Հայաստան-Սփյուռք համագործակցության տեսանկյունից: Սակայն ժամանակն է, որ Համահայկական խաղերը վերածվեն նաև իրական մարզական միջոցառման` մասնակցությամբ նաև բարձրակարգ հայ մարզիկների աշխարհի տարբեր երկրներից, Հայաստանից ու Արցախից:

Հասկանալի է, որ թիմային մարզաձևերում դժվար է ապահովել արհեստավարժություն, քանի որ Հայաստանից դուրս արհեստավարժ թիմեր դյուրին չէ գտնել: Սակայն անհատական մրցաձևերում հնարավոր է ապահովել արհեստավարժություն՝ հաշվի առնելով, որ աշխարհի տարբեր երկրներում կան ծագումով բազմաթիվ բարձրակարգ և աշխարհահռչակ մարզիկներ:

Հ. Գ. Այս հոդվածի ամբողջական տարբերակը ավելի վաղ լույս է տեսել Ստեփանակերտի ԱՆԱԼԻՏԻԿՈՆ հանդեսում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում