Գլխավոր Լրահոս

Գուցե լավ խոսնակ դառնա

Գուցե լավ խոսնակ դառնա

Նախագահի (անկախ նրանից՝ ընտրվել է, թե կեղծել) մամուլի խոսնակի գլխավոր պարտականություններից է լրագրողների միջոցով հանրությանը տեղեկացնել երկրի առաջին դեմքի օրակարգը:

Մամուլի վերջին խոսնակը, ով հանդիպում էր լրագրողների հետ, Ռոբերտ Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանն էր: Նրանից առաջ հատկապես ակտիվ էր Վահե Գաբրիելյանը: Ոչ կանոնավոր պարբերականությամբ՝ մամուլի ասուլիսներ էր հրավիրում նաև Քոչարյանի հաջորդ խոսնակը՝ Աշոտ Քոչարյանը:

Վիկտոր Սողոմոնյանին հաջորդած խոսնակները՝ Սամվել Ֆարմանյանը, Արմեն Արզումանյանը և Արման Սաղաթելյանը երբեք մամուլի ասուլիս չեն հրավիրել: Ավելին, նրանք փորձել են հնարավորինս քիչ շփվել լրագրողների, հատկապես՝ ոչ իշխանական լրատվամիջոցների հետ՝ խուսափելու «թարս» հարցերից:

Հենց այս մտահոգությունից ելնելով՝ լրագրողների հետ շփումները սահմանափակել են նաև Սերժ Սարգսյանն ու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակներից Արամ Աբրահամյանն ու Լևոն Զուրաբյանը տասնյակ անգամներ ասուլիսներ են տվել: Եղել են դեպքեր, երբ նրանք մեկ շաբաթում երկու ասուլիս են տվել: Այսպես, նրանք ասուլիս էին տալիս, երբ Տեր-Պետրոսյանը պաշտոնական այցով որևէ պետություն էր այցելում, ներկայացնում էին հանդիպումների օրակարգը, (ստիպված) պատասխանում ասուլիսի հրավիրման հետ կապ չունեցող բազմաթիվ հարցերի, ապա երկու-երեք օր անց, երբ նախագահը վերադառնում էր Երևան, նրանք, կրկին մամուլի ասուլիսով, ամփոփում էին այցի արդյունքները:

Ներկայում մամուլի խոսնակները ոչ միայն մամուլի ասուլիսներ չեն հրավիրում, այլև կատարում եմ մի գործառույթ, որը ոչ մի կերպ չի տեղավորվում իրենց պարտականությունների շրջանակում և մեծ հաշվով՝ դատապարտելի է: Նրանք գրաքննությամբ են զբաղվում: Ավելի կոնկրետ, երբ իշխանական հեռուստաընկերությունը (Հայաստանում բոլոր հեռուստաընկերությունները արդեն իշխանական են) քաղաքական ծրագրին մասնակցելու համար հյուր է հրավիրում, ապա հաղորդման հեղինակը կամ վարողը զանգում է մամուլի խոսնակին և հայտնում, որ այսօր երեկոյան իր հյուրը, ենթադրենք Ժիրայր Սեֆիլյանն է: Բնականաբար, մամուլի խոսնակը ասում է, որ նման բան չի կարող լինել:

Հայկական հեռուստաընկերության այսօրվա աստղերը, այդ թվում՝ Պետրոս Ղազարյանը (ով, այնուամենայնիվ, այս անձուկ իրավիճակում կարողանում է անել առավելագույնը), անգիր գիտեն, թե ում չի կարելի հրավիրել եթեր:

Տարբեր տարիների «սև ցուցակի« մեջ են եղել Րաֆֆի Հովհաննիսյանը, Արամ Կարապետյանը, Արամ Զավենի Սարգսյանը, Վարդան Օսկանյանը և այլք: «Սև ցուցակ» որպես այդպիսին կարող է և չլինել, բայց մամուլի խոսնակը, նաև՝ հեռուստալրագրողը, անգիր գիտեն, թե տվյալ ժամանակահատվածում որ քաղաքական գործչի մուտքը հետուստաընկերություն արգելված է:

Սերժ Սարգսյանի գործող մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը նշանակումից անմիջապես հետո ոչ իշխանական լրատվական դաշտում ենթարկվեց սուր քննադատության երկու հիմնական պատճառով. առաջին՝ «ԿԳԲ-իշնիկ» է, երկրորդ՝ Հայաստանի ազգային անվտանգության համակարգում աշխատելու ժամանակ փորձել էր հավաքագրել լրագրող Հրայր Մանուկյանին, սակայն անհաջող:

Պարոն Հակոբյանը լրագրողներին նախագահականում հավաքելու, բայց ոչ հավաքագրելու օրինական հնարավորություն արդեն ունի: Եթե նա կարողանա վերականգնել նախկինում ակտիվ խոսնակների ավանդույթը, այն է՝ հաճախակի ասուլիսներ հրավիրել և ներկայացնել Սերժ Սարգսյանի օրակարգը, ապա դա կլինի արժանի պատասխան այն լրատվամիջոցներին ու լրագրողներին, որոնք շտապեցին քննադատել նրան:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում