2016թ. հունվարի 1-ից լեհական LOT ավիաընկերությունը կվերսկսի Վարշավա-Երևան-Վարշավա թռիչքների իրականացումը:
Ինչպես հաղորդում են ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի ծառայությունից, հունվարին LOT -ը կիրականացնի շաբաթական երեք չվերթ: Օդանավը Վարշավայից կժամանի յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին, Երևանից կմեկնի երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին:
«Բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ամառային ժամանակահատվածում չվերթների հաճախականությունը ավելացնելու շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ:
««Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ը հիշեցնում է, որ չվերթների վերակազմավորման պատճառով LOT -ը հուլիսի 1-ից դադարեցրել էր դեպի Երևան չվերթները:
***
Հայաստանի ավիափոխադրումների շուկան ազատականացվել է 2013թ. վերջին՝ հիմնված McKinsey խորհրդատվական ընկերության և Ազգային մրցունակության հիմնադրամի համատեղ հետազոտության վրա։
Չնայած բաց երկնքի քաղաքականությանը՝ Հայաստանից հեռանալու մասին արդեն հայտարարել են միջազգային մի շարք խոշոր ավիաընկերություններ: Դրանց թվում են «Չեխական ավիաուղիները» և Արաբական Միացյալ Էմիրությունների Etihad Airways-ը:
Ներկայում, չնայած ազատականացմանը, միջազգային ուղղությունների մեծ մասով Երևանից թռիչքները էապես թանկ են, քան Թբիլիսիից: Հայաստանցիներից շատերի համար Թբիլիսին դարձել է արտասահման մեկնելու դարպասը:
Civilnet











