Եթե «Այբն» այդքան լավ է, ինչո՞ւ բոլոր դպրոցներն «Այբ» չեն

Արմեն Աշոտյանը լավ տղա է, անկրկնելի է, ինքն է, բայց շտապ պետք է ազատվի նախարարի պաշտոնից։ Եվ ուղարկվի դպրոց։ «Այբ»։ Իր կրթության մեջ ինչ-որ կիսատ թողած բան շարունակելու համար։ Ինչու՞ «Այբ»։ Լսենք իրեն. «Իմ երեխեն սկզբից գնացել է պետական հիմնական դպրոց, որտեղ նրան վերաբերվում էին որպես նախարարի տղա, իսկ ես դա չեմ ուզում»։ Սա կրթության նախարարի ինքնախոստովանական ցուցմունք է, թե, ի վերջո, ի՞նչ դարձան մեր դպրոցները։ Մարդը այսպես է արդարացնում իր երկրորդ որդուն նույնպես «Այբ» դպրոցում կրթության տալու քայլը։
Պարոն Աշոտյանը, պարզ երևում է, կիսատ է թողել իր կրթությունը խորհրդային դպրոցում, թե չէ կհասկանար, որ ոչ թե երեխայի դպրոցը պետք է փոխել, այլ՝ ուսուցիչներին։ Եթե նրանք Արմեն Աշոտյանի որդուն վերաբերվում են որպես նախարարի որդու, ուրեմն կամ քաղքենի են, կամ ակնկալիքներ ունեն նախարարից, կամ էլ կորցնելու բան ունեն (որոնք ի վերջո նույն բանն են)։ Սրանց չարժե ավելացնել այն, որ նաև հանրապետական են, բայց սա նույնպես հզոր խթան է երեխային պետական հիմնական դպրոցից փախցնելու և մասնավոր դպրոց տանելու։
Ի վերջո, այս մարդուն կամ տեսակին ինչպե՞ս հասկացնենք, մտնենք նրանց տնե՞րը, կտրենք ռեստորան տանող ճամփա՞ն, որպեսզի ասենք, որ խնդիրը դպրոցը չէ, այլ՝ դուք։ Երեխային ոչ միայն «Այբ»-ը չի փրկի, այլև՝ Քեմբրիջը, որովհետև դուք դուք եք և դուք նրա ձևավորման աղն եք։ «Այբ»-ն իմաստ կունենար, եթե երեխան տուն չվերադառնար, եթե երեխան չտեսներ, թե ինչպես է հայրը ծափահարում այն դպրոցական տղային, որը Հովիկ Աբրահամյանին նվիրված ոտանավոր է արտասանում։ Եթե երեխան հորը հարցնի՝ ինչո՞ւ ես ծափահարում, հայրիկ, վերջինս չի ասի, չէ՞, որովհետև լավ է արտասանում, կամ Հովիկ ձյաձյան արժանի է այդ ոտանավորին: Կասի՝ ապրել է պետք, բալես, ապրել։ Եվ եթե ապրել է պետք, ինչու՞ ուսուցիչը չպետք է երեխային վերաբերվի որպես նախարարի որդու։ Որովհետև ուսուցիչը նույնպես դպրոցից ազատ ժամերին Չարենց կամ Սարոյան կարդալու փոխարեն նայել է այն երեխայի կողմը, որն իր վրա չի նայել։ Որովհետև, թեպետ, գուցե ինստիտուտում կարդացել է Դոստոևսկի, բայց կարդալուց հետո ճգնակեցության չի վազել, վազել է ապրելու։ Բայց ինչու՞ է հատկապես դարձել ուսուցիչ։ Որովհետև ի՞նչ տարբերություն, թե ինչ է դարձել։ Ինչ էլ դառնար՝ թե որպես խառատ, թե որպես ատամնաբույժ, թե որպես տաքսիստ, թե որպես ֆերմեր, թե որպես ուսուցիչ և նույնիսկ որպես լրագրող, նախարարի որդուն տեսնելու էր որպես նախարարի որդի։
Արմեն Աշոտյանն իր երեխային փախցրել է այդ երեխային ուղղված ծափահարությունից, իր և մյուսների «անկեղծ» ժպիտներից, որովհետև, ինքն իրեն գիտի, չի ուզում, որ երեխան «ոտանավոր» արտասանի և ապրելու կարիք ունեցող մեկը ծափահարի։ Հետևաբար, տեսանելի է, չէ՞, որ պարոն Աշոտյանը զզվում է այսօրվա հիմնական դպրոցից, զզվում է ամեն ինչից, որտեղ հանրապետականացում կա։ Զզվում է, բայց մյուսներին կոչ է անում իրենց երեխաներին տանել հիմնական դպրոց։
Եթե ես իմ երեխային դպրոց չտանեմ, ինձ կդատեք որպես երեխայիս ապագայի վրա խաչ քաշող մարդու։ Բայց դուք, պարոն Աշոտյան, դուք նույնպես ձեր երեխային դպրոց չեք տանում, այն տարբերությամբ, որ դուք դրա համար վճարում եք նաև 2 միլիոն դրամ։ Ես ոչ մի լումա չեմ տալիս։ Որովհետև ձեր արածը կրթական չէ, դուք մատնում եք, որ ապականել եք հիմնական դպրոցը։ Ավելին, ձեր արածում ուրացում կա, դուք ուրացել եք ձեր «ստեղծագործությունը», որովհետև ձեր հոգու խորքում, ոչ տեսախցիկների առջև, այլ ձեր բառերով, «ընտանեկան, կենցաղային» միջավայրում գիտեք, որ զզվելի է ներկա դպրոցը, որի տնօրենը որևէ քվեարկության կամ հանրաքվեի նախօրեին ամեն ինչ մոռացած դառնում է միայն հանրապետական, որի խնդիրը ծնող փչացնելն է։ Մենք այս մարդկանց ենք վստահում մեր երեխաներին։ Իմ երեխան իր դպրոցից փախչելու տեղ չունի, իսկ դուք ձեր ստեղծած ուսուցչի նոր որակն եք՝ զզվում եք «աշխարհիկ» դպրոցից, բայց ունեք ընտրության հնարավորություն։
Ինչու՞ լրագրողը չպետք է ձեզ հարցնի, թե կրթության նախարարի երեխան ի՞նչ գործ ունի մասնավոր դպրոցում։ Այբուբենի քանի՞ տառի ուսուցումը պետք է բաց թողնել ասելու համար՝ իմ կենցաղային, ընտանեկան խնդիրների մեջ ձեր տեսախցիկներով մի՛ մտեք։ Էդ տեսախցիկները խոսքի ազատության ինստիտուտի խղճուկ դետալ են, ձեր արածն ի՞նչ է՝ երեխայի կրթության իրավունքի իրացու՞մ։ Իսկ կենցաղայինը Սերժ Սարգսյանի դիաբետն է «Ոչ թալանին»-ի շարժման առաջին օրերին, երբ երիտասարդները նաև ձեզ էին հուշում, թե կոնկրետ «ուր» պետք է գնալ։ Սա կենցաղային խնդիր չէ։ Եթե «Այբ»-ն այդքան լավ է, ինչու՞ բոլոր դպրոցներն «Այբ» չեն։ Ձեր հայտարարագիրը չի պատասխանում այս հարցին, նաև նրան, թե ինչու՞ են ուսուցիչներն ու բոլոր տնօրենները հանրապետական, ձեր ստացած կրթությունն էլ՝ լրիվ, թե կիսատ, չի պատասխանում այս և բազում այլ հարցերի։
Ի վերջո, ինչու՞ եք ձեր երեխային տանում մի դպրոց, որի տնօրենը հանրապետական չէ։ Դուք էդ քանի՞ կողմից չեք վստահում մեր հիմնական դպրոցին և մեր ստացած մեսիջը ո՞րը պետք է լինի։ Դուք, իհարկե, կարող եք ասել, որ ձեր երեխաները տանն արդեն ունեն կրթության ոլորտի գլխավոր հանրապետականին։ Բայց դա ձեր երեխաների ընտրությունը չէ, իսկ մենք կարող էինք ընտրել՝ վստահել մեր երեխաներին հանրապետականին, թե ոչ։
Մինչդեռ բոլոր դպրոցները չէ, որ «Այբ» են։ Խոսքն ի վերջո այն մասին է, որ կրթության նախարարն իրավունք չունի երեխային «Այբ» տանելու՝ ասելով, որ ինքն էլ երեխաների կրթության վրա չի խնայում։ Որովհետև կրթության վրա չեն խնայում, եթե հայրը հայր չէ, մայրը մայր չէ։ Երեխայի կրթության վրա չխնայելու իրավունք ունի Մհեր Սեդրակյանը կամ Առաքել Մովսիսյանը։ Իսկ ձեր՝ նախարարի, էթիկան պիտի թույլ չտար 2 մլն դրամ չտեսած հայ ծնողի աչքը խոթել նախարար լինելու հնարավորությունները։ Ի վերջո այնպես չէ, որ ձեր ինտելեկտն է ձեզ տարել նախարարություն։ Ձեր շառավիղն են, չէ՞, բուհերի հանրապետական բջիջները։ Ուրեմն, ինտելեկտն ի՞նչ կապ ունի։ Դուք «Այբ» ավարտող երեխային հայաստանյան բուհ էլ թույլ չեք տա, որ ընդունվի, դուք նրան ուղարկելու եք դուրս՝ նրա մեջ վերալիցքավորելով հարցը, թե՝ «ո՞րն է, բաբո, մեր հայրենիք»։ Որովհետև ձեր 2 միլիոնն այսօր մեր հայրենիքին պատերազմ հայտարարող զենքն է, այսինքն, որտեղ հանրապետական «միտքը», այնտեղ՝ հայրենիքի միայն պատմություն լինելու քաղցկեղը։ Հետևաբար դուք պետք է հեռանաք, եթե սա Հայաստանն է։ Եվ ընդհանրապես՝ կամ՝ դուք ձեր Սերժ Սարգսյանով, կամ՝ Հայաստանը։ Դա արդեն մեր ընտրությունը չէ, այլ՝ ձեր։
Մհեր Արշակյան










