Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը սեպտեմբերի 1-ին բողոքի ակցիա է անցկացնում Բաղրամյան պողոտայում (Դիտեք ՍիվիլՆեթի ՈՒՂԻՂ միացումը):
Նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց, որ իրենց պահանջները նույնն են՝ չեղարկել սակագնի վերանայման որոշումը; պատժել հունիսի 23-ին ցուցարարների դեմ բռնի ուժ կիրառած ոստիկաններին; վերանայել նախորդ սակագինը՝ դեպի նվազում:
Այսօր` ավելի վաղ, Սիրահարների այգում տեղի էր ունեցել հանրային քննարկում: Մաքսիմ Սարգսյանը հայտարարել էր, որ իրենց պահանջները չեն կատարվել, և այսօրվանից իրենք սկսում են ակտիվ պայքարի նոր փուլ: Քաղաքացիները որոշել էին այգուց շարժվել դեպի նախագահական նստավայր, որտեղ պետք է հանդես գային հայտարարությամբ:
Բաղրամյան-Պռոշյան հատույթում նրանք փորձել էին փակել ճանապարհը, սակայն ոստիկաններին հաջողվել էր ցուցարարներին հետ մղել մայթ:
«Ո՛չ թալանին»-ը օգոստոսի 28-ին հայտարարել էր, որ սեպտեմբերի 1-ից սկսելու է քաղաքացիական անհնազանդության գործողություններ` էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը չեղարկելու պահանջով: Ակտիվիստերը նշել էին, որ իշխանությունները խաբել են ժողովրդին:
***
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հունիսի 17-ին որոշում կայացրեց օգոստոսի 1-ից բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը՝ ցերեկային սակագինը գործող 41.85 դրամ/կՎտժ-ից 48.78 դրամ, գիշերայինը՝ 31.85 դրամից` 38.78 դրամ: Հունիսի վերջին և հուլիսի սկզբին Երևանում և մյուս քաղաքներում սկիզբ առած բողոքի զանգվածային ցույցերի արդյունքում իշխանությունները հայտարարեցին, որ էլեկտրաէներգիա մատակարարող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում կանցկացվի աուդիտ, և մինչև աուդիտի ավարտը սակագնի 7 դրամ թանկացման համար բնակիչները չեն վճարի:
Սուբսիդավորումն իրականացվելու է «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության վաճառքից առաջացած միջոցներից (Որոտանի ՀԷԿ-ը 180 մլն դոլարով վաճառվել է ամերիկյան «Կոնտուր գլոբալ» ընկերությանը):
Կառավարությունը սակագների տարբերության մասով խոշոր բիզնեսին չի աջակցելու, իսկ ամսական մինչև 500 կՎտժ հոսանք սպառող փոքր բիզնեսին փոխհատուցումը կտրվի միայն առաջին 250 կՎտժ-ի համար:
Էլեկտրաէներգիայի թանկացման շուրջ զարգացումները, դրանց խորքային պատճառները և հնարավոր լուծումները՝ Սիվիլիթաս հիմնադրամի «#ElectricYerevan. Շարժման անատոմիան» խորագիրը կրող տեղեկանքում:
Civilnet











