Գործարկվել է դեպի Հայաստան դրամական փոխանցումների բջջային համակարգ

Օնլայն դրամական փոխանցումների WorldRemit ծառայությունը սեպտեմբերի 8-ին գործարկվել է Հայաստանում` առաջարկելով դրամական փոխանցումներ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության MobiDram ծառայության միջոցով: Ինչպես ասված է ընկերության տարածած մամուլի հաղորդագրությունում, WorldRemit-ը արտասահմանում գտնվող ընկերներին, ընտանիքի անդամներին գումար ուղարկելու «արագ, հարմար և մատչելի» միջոց է:
«WorldRemit հավելվածի միջոցով մարդիկ 52 երկրում այժմ կարող են գումար ուղարկել Հայաստան ցանկացած ժամի, ցանկացած վայր: Գումարն ակնթարթորեն ուղարկվում է MobiDram-ի բջջային դրամապանակներ, ինչպես ակնթարթային հաղորդագրությունը»,- ասված է հաղորդագրությունում:
WorldRemit-ի ավագ բջջային վերլուծաբան Ալիքս Մըրֆիի խոսքով` WorldRemit-ը հեղափոխություն է դրամական փոխանցումների ոլորտում: Նա նշում է, որ Սփյուռքում բնակվող հայերն այժմ կարող են խուսափել անհարմարավետ փոխանցման կետերից և գումար ուղարկել առանց մեծ միջնորդավճարների` ակնթարթային հաղորդագրության պես:
Համաձայն Համաշխարհային բանկի` արտերկրից կատարվող դրամական փոխանցումները 2014թ. կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի գրեթե 20 տոկոսը:
Օնլայն դրամական փոխանցումների WorldRemit ծառայությունը, որի կենտրոնակայանը Լոնդոնում է, հիմնադրվել 2010թ.: «ՄոբիԴրամը» բջջային և առցանց վճարումների համակարգ է: Ծառայությունը հասանելի է բջջային հեռախոսի միջոցով:
Civilnet










