«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ իր տեղեկություններով առաջիկայում գազալցակայանները պատրաստվում են էականորեն բարձրացնել ավտոմեքենաների լիցքավորման գազի գինը: Ըստ այդմ գազը կթանկանա 10-12 տոկոսով: Սա պատճառաբանվելու է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ:
«Խնդիրն այն է, որ գազալցակայանները իրենց գործունեության ընթացքում շատ էլեկտրաէներգիա են ծախսում, որը օգտագործում են հզոր կոմպրեսորները գազը մեծ ճնշումով մղելու համար: Այս տարվա օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացավ մոտ 15 տոկոսով: Ու եթե բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը գոնե առաջիկա ամիսներին սուբսիդավորվելու, ապա միջին և խոշոր բիզնեսի համար սակագինը բարձրանում է: Գազալցակայանները դուրս են սուբսիդավորվող տնտեսվարողների ցանկից»,- գրում է թերթը:
Ըստ հրապարակման՝ նոր սակագնով հաշվարկված էլեկտրաէներգիայի սպառման հաշիվները կստացվեն արդեն հաջորդ շաբաթ, և գազալցակայանների սեփականատերերը վերջնական որոշում կկայացնեն, թե որքանով են բարձրացնում ավտոմեքենաների գազի լիցքավորման գինը:
«Թե որքանով հիմնավորված կլինի այդ որոշումը դժվար է ասել, բայց նկատենք, որ գազալցակայանների համար անցած տարվա նոյեմբերից թանկացել է նաև գազը, քանի որ վերջիններս խոշոր սպառողներ են համարվում և իրենց սպառած գազի դիմաց վճարում են դոլարով»,- գրում է թերթը:
Civilnet











